Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժանտախտից ԼՂՀ-ն էլ տուժեց

Նոյեմբեր 10,2007 00:00

Ղարաբաղի խոզերը հազարներով սատկում են

Խոզերի աֆրիկյան ժանտախտը հասել է Լեռնային Ղարաբաղ ու քանի որ արցախցիների մեծ մասը հիմնականում խոզաբուծությամբ է զբաղվում, ուստի համաճարակը գյուղացիներին հսկայական վնասներ է հասցրել: Չնայած ընդամենը երկու շաբաթ է, ինչ ժանտախտը Ղարաբաղ է հասել, սակայն արդեն մոտ 4500 գլուխ խոզ հիվանդության պատճառով սատկել եւ ոչնչացվել է:

Այս օրերին մի շարք գյուղացիներ խուճապի են մատնվել եւ ժանտախտից չտուժելու համար իրենց խոզերը մորթում են ու կիլոգրամը 800 դրամով վաճառում: «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնապահական տեսչության պետ, գլխավոր անասնաբույժ Տիգրան Առուստամյանը հայտնեց, որ համաճարակը հասել է Արցախի մի շարք շրջաններ, սակայն առավել տուժել են Ասկերանն ու Մարտակերտը, իսկ դրանք Ղարաբաղի ամենամեծ շրջաններն են. «Ասկերանում 21 գյուղ կա, իսկ Մարտակերտում՝ 23, մենք բոլոր օջախներում հիվանդ անասուններին ոչնչացրել ենք, բացի այդ, Արցախի ողջ տարածքում հայտարարված է կարանտին»: Անասնաբույժի համոզմամբ, կարանտին հայտարարելուց բացի, խոզերի ժանտախտի պարագայում այլ կանխարգելիչ միջոցներ ուղղակի չկան: Նրա ներկայացմամբ, բոլոր գյուղերի սկզբնամասում ախտահանիչ պատնեշներ են սարքել, ավտոմեքենաներն էլ ախտահանվում են գյուղ մտնելիս, իսկ գյուղացիների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել, որպեսզի նրանք որքան հնարավոր է կարողանան իրենց անասուններին ապահովագրել ժանտախտից. «Բոլորին ասել ենք, որ անասուններին ուրիշ վայրեր չտանեն-բերեն: Եթե անասունը սատկում է՝ չթողնեն այդպես ու գնան, կամ էլ սատկած անասունին գետը չգցեն՝ գետի ջուրը չվարակելու համար»: Անասնաբույժի խոսքերով, Լեռնային Ղարաբաղում շատ գյուղացիներ իրենց խոզերին անտառներում են պահում. «Այժմ դա էլ վտանգավոր է, քանի որ եթե ընտանի խոզը հիվանդ է եւ անտառում շփվի վայրի խոզի հետ, նշանակում է՝ վարակը կտարածվի ողջ անտառով մեկ: Չնայած վարակն այլ կենդանիների չի փոխանցվում, այլ միայն խոզերին, սակայն դա էլ վտանգավոր է: Այդ պատճառով անտառային համայնքներում էլ հանձնարարված է մոնիտորինգ անցկացնել ու եթե վայրի կամ ընտանի կենդանու դիակ հայտնաբերվի, ապա անմիջապես պիտի թաղեն»: Ըստ պարոն Առուստամյանի, գյուղացիներին նաեւ հրահանգել են խոզերին փակի տակ պահել, իսկ եթե թափառող խոզ հանդիպեն՝ ոչնչացնեն:

Անասնաբույժը վստահեցրեց, որ անկախ նրանից՝ թափառող խոզը առողջ է, թե հիվանդ՝ սատկացնելու են. «Այդ գյուղերը թիրախային օջախներ են, եւ վարակի հավանականությունը բարձր է, դրա համար էլ այդ անասուններին սատկացնում ենք»: Պարոն Առուստամյանի տվյալներով, օրինակ, Հադրութի 1 եւ Շուշիի 3 գյուղերում խոզերի լրիվ գլխաքանակը ոչնչացվել է:

Մեր հարցին, թե ԼՂՀ կառավարությունն ինչպես է պատրաստվում փոխհատուցել տուժած գյուղացիներին, պարոն Առուստամյանն ասաց՝ «Փոխհատուցման երկու տարբերակ կա՝ գյուղացիներին գումար տրամադրել կամ մի տեղից գոճիներ կներմուծենք ու կբաժանենք, թեեւ դա հետագայի հարց է: Ներկայումս հաշվառում է կատարվում, թե ով ինչքան վնաս է կրել, եւ ըստ այդմ էլ կորոշվի»: Հաշվի առնելով, որ մեր հարեւան երկրներում էլ խոզերի ժանտախտը մեծ տարածում ուներ, Արցախի գլխավոր անասնաբույժից հետաքրքրվեցինք, թե գոճիները մասնավորապես ո՞ր երկրից են ներմուծելու: «Ավելի ճիշտ՝ տեղական առողջ կենդանիներից կբուծենք, կաշխատենք գոճիներ պահել եւ այդպես տեղական խոզաբուծությանը նորից նպաստել»,- պարզաբանեց Տ. Առուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել