Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՇՏՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ «ՕՏԱՐՎԵԼՈՒՆ» ՀԱՐՄԱՐՎԵԼ ԵՆ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Նրանք համապատասխան փոխհատուցում ստանալու դեպքում չեն պատրաստվում ոչ արյուն թափել, ոչ ինքնահրկիզվել, ոչ էլ հացադուլ հայտարարել: \"\"

Մաշտոցի պողոտայի մթերային շուկայի հարակից տարածքը կառավարության որոշմամբ հայտարարվել է իրացման գոտի: Մայրաքաղաքի մյուս իրացման գոտիների բնակիչները սվիններով են սպասում քաղաքապետարանի աշխատակիցներին ու երդվում են, որ իրենց բնակարանները «պետական կարիքների» համար կզիջեն միայն իրենց դիակի վրայով: Որքան էլ զարմանալի է՝ Մաշտոցի պողոտայի բնակիչներից շատերը հոժարակամ պատրաստ են զիջել իրենց բնակարանները եւ քաղաքապետարանի հետ պայմանագիրը կնքել: Սա պայմանավորված է նրանով, որ բնակիչներից շատերն իրենց բնակարանների սեփականության վկայական չունեն եւ հիմնականում ապրում են քարուքանդ, վաղուց չվերանորոգված բնակարաններում: Պարոնյան 3-րդ նրբանցք հասցեում, որը նույնպես իրացման գոտու մեջ է մտնում, մոտ 15 տուն կա: Այդ հասցեի բոլոր բնակիչները համաձայն էին լքել իրենց տունը եւ պետությունից պահանջում էին ոչ թե քառակուսի մետրերով հաշվարկված փոխհատուցում, այլ՝ նոր բնակարան։ Նրանց խոսքերով՝ «տարեցտարի բնակարանները թանկանում են, եթե գումարը տան, անիմաստ կծախսվի-կգնա, իսկ մեզ տուն է պետք»:

Բացառություն էր միայն 3-րդ նրբանցքի թիվ 16 տունը, որտեղ ապրում էր 24 հոգի: Տանտերը վստահեցրեց, որ իրեն ոչ մի կերպ չեն կարող իր 53 տարվա տնից դուրս անել. «Էս հասակիս ո՞ւր գնամ, 72 տարեկան եմ, քարտաշ եմ աշխատել, նորմալ գումար եմ բերել տուն, իսկ հիմա առեւտրով եմ զբաղվում, հացի փող եմ վաստակում: Ուրիշ գործ չկա, որ աշխատեմ»: Նա շուկայի ետեւի մասում վանդակների մեջ փակված հավեր էր վաճառում: Մեր հարցին, թե լավ փոխհատուցման դեպքում չի՞ ուզենա հրաժարվել տնից ու հավաբնից եւ բնակվել նոր «էլիտար» շենքում՝ նա պնդեց, որ ոչ, դա իր համար սկզբունքի հարց է. «54 թվականից էս տարածքի վրա աչք ունեն, անընդհատ ասում են՝ քանդելու ենք, քանդելու ենք, ես էն թվերից պայքարել եմ բոլորի դեմ: Ի՞նչ են մեզանից ուզում, թող թողեն հանգիստ ապրենք, էլի: Մեկ ա, ես ստեղից ոչ մի տեղ չեմ գնա, ինչ ուզում են՝ անեն»:

Պարոնյան 3-րդ նրբանցքի 18 տան բնակիչ Վարդուշ Հովհաննիսյանն իր կիսանկուղային տնակում ապրում էր ընտանիքի 4 անդամների հետ: Նրա խոսքերով՝ «ինձ 4 պատ տան՝ բավական է, մի տուն է ուզածս, որ տան, էլ ինչի՞ց պետք է բողոքեմ»: Նույն հասցեի բնակիչ 74-ամյա Մուշեղ Մանվելյանը նույնպես համաձայն էր դուրս գալ իր տնից, միայն նրան մտահոգում էր այն, որ հանկարծ իրեն իշխանությունները կխաբեն, տունը ձեռքից կառնեն ու նոր բնակարան էլ չեն հատկացնի. «Ես մենակ եմ մնացել, բարեկամ կամ օգնող չունեմ: Ինձ գումարը պետք չէ, տուն է պետք: Եթե տան՝ կգնամ թեկուզ ուրիշ տեղ կապրեմ, բայց վախենում եմ, որ կյանքիս վերջին օրերին ինձ գցեն փողոցները: Ես հիվանդ մարդ եմ, առողջ լինեի՝ կռիվ կտայի, բայց ուժ չունեմ»: Թեեւ Մ. Մանվելյանն արդեն 42 տարի թիվ 18 տանն է ապրում՝ մեկ սենյականոց բնակարանում, բայց մինչեւ հիմա սեփականության վկայական չունի։ Մեր հարցին, թե ինչո՞ւ չի սեփականաշնորհել բնակարանը, պարոն Մանվելյանը պատասխանեց. «Այն ժամանակ մեր պետությունը նորմալ պետություն էր, ո՞վ էր մտածում, որ այսպիսի բաներ կհնարեն: Եթե մի տան մեջ մարդ էր բնակվում, ոչ ոք իրավունք չուներ նրան այդտեղից հանել»:

Թիվ 18 հասցեում գրանցված էր 5 տուն: Այդ հասցեի բոլոր բնակիչները բակի կենտրոնում տեղադրված ջրի մի ծորակից էին օգտվում, նույն տեղում էին լվացվում ու լվացք անում: Ուստի պայմաններից դրդված՝ նրանք պատրաստ էին թեկուզ այսօր քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել:

Պարոնյան 3-րդ նրբանցքի թիվ 18/1 եւ 20 տան բնակիչները սեփականության վկայական ունեին: Նրանց բնակարանները կոմունալ հարմարություններով ապահովված էին: Թիվ 20 տունն աչքի էր ընկնում իր շքեղությամբ: Տանտերը՝ 74-ամյա Մելիք Թովմասյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց տանն ապրում է 8 հոգի, եւ որ իրենք մեծ գումարներ են ծախսել տան վերանորոգման համար: «53 տարի է՝ այստեղ ենք ապրում, եթե իմանային, որ իրացման գոտի է հայտարարվելու, էլ ինչո՞ւ պետք է այսքան գործ անեինք տան վրա, մեր տունը մի քանի տան արժեք ունի»: Այնուամենայնիվ, նա նույնպես պատրաստ էր գնալ զիջումների. «Եթե մեր տան մոտ՝ կենտրոնում, իմ տանը համապատասխան տուն տան՝ միայն այդ դեպքում դուրս կգամ: Ընդ որում՝ դա միայն իմ պահանջն է, ընտանիքի մնացած անդամները չգիտեմ ինչ կասեն»։ Թիվ 20 տան հասցեում եւս մի կիսակառույց կա: Բնակիչ Մարինե Զաքարյանի ներկայացմամբ՝ «Այստեղից-այնտեղից լսում էի, որ ձեռքներիցս առնելու են, այդպես էլ չավարտեցի տանս վերանորոգումը: 31 տարի է՝ այստեղ եմ բնակվում, չեմ էլ պատկերացնում՝ ուրիշ տեղ կկարողանա՞մ ապրել»:

Իրացման գոտու մեջ է մտնում նաեւ Լեոյի 11 հասցեում գտնվող երկհարկանի շենքը։ Շենքի լիազոր Ժիրայր Չարչօղլյանի խոսքերով՝ իրենց շենքում մոտ 15 բնակիչ կա. «Ես այս շենքում 2 բնակարան ունեմ եւ 1 օբյեկտ, ինձ պետք է ըստ դրա փոխհատուցեն, կինս ուզում է նոր կառուցված շենքում բնակարան տան, իսկ ես դեռ չեմ որոշել, օրը կգա՝ կորոշենք, նայած, թե ինչ են առաջարկելու»: Նա ասաց, որ այս շենքում բնակվել է 50 տարի, սակայն այն այնքան հին է, որ իր համար ավելի լավ է նոր տուն գնի, քան եղածը վերանորոգի:

Կառավարության որոշմանը դեմ էին շուկայի հետեւում գտնվող մի քանի խանութների սեփականատերերը: Նրանք վստահեցնում էին, որ եթե քաղաքապետարանը համապատասխան փոխհատուցում չտա, իրենք էլ իրացման գոտու մյուս տուժած բնակիչների հետ դուրս կգան ցույցերի եւ կբողոքեն տարբեր ատյաններ: Ի դեպ, մեր այցելության պահին զոքանչի տանը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում ՀՀ ոստիկանության պարեկապահակային վաշտի հրամանատար Արայիկ Պետրոսյանը, որը օրերս ձեռք էր բարձրացրել ակցիային մասնակից կանանց վրա: Նրա զոքանչը եւս դեմ չէր իր բնակարանը հանուն պետական կարիքների զիջելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել