Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձի տակ դրամ պահեք

Նոյեմբեր 10,2007 00:00

Դոլարի կուրսի անկումը ձեռնտու է նույնիսկ ԱՄՆ-ին, ուստի մեր երկրում դոլարով խնայողությունները պահելը խիստ ռիսկային է:

Կենտրոնական բանկը, արդեն որքան ժամանակ է՝ Հայաստանում վարում է գնաճի նպատակադրման եւ ազգային դրամի կայունացման քաղաքականություն: Որքան էլ ներկայումս մեր երկրում արգելվում է արտարժույթով առեւտուր անելը, կան ապրանքներ, որոնք մարդիկ, միեւնույն է, շարունակում են գնել դոլարով: Օրինակ, բնակարան կամ մեքենա վաճառելիս, երբ նույնիսկ դրանց գինն ասվում է դրամային արտահայտությամբ, գնորդն իր մտքում դրամը վերածում է դոլարի, որպեսզի հասկանա, թե ինչ գումարի մասին է խոսքը: Ուստի այսօր մեր երկրում մեքենայի կամ բնակարանի առքուվաճառքի գործարքը, որպես կանոն, կատարվում է դոլարով: Դա հասարակության մեջ այնքան արմատացած սովորություն է, որ շատուշատ տարիներ կպահանջվեն՝ այն իսպառ փոխելու ու արմատախիլ անելու համար:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ԿԲ-ին հաջողվի խիստ դոլարիզացված մեր տնտեսությունը փոխակերպել դրամական տնտեսության, ըստ տնտեսագետների, ընդհանուր առմամբ, դրանից մեր տնտեսությունը միայն կշահի, սակայն կտուժեն հասարակության որոշ խավեր: Այդպես է կարծում տնտեսագիտության դոկտոր- պրոֆեսոր, Տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Արմեն Ճուղուրյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց, որ տնտեսության դրամայնացումն ամենից շատ վնաս է այն ընտանիքներին, որոնք ապրում են տրանսֆերտներով (դրսից ուղարկված փողերով), քանի որ երբ նրանք մեր երկրում արժեզրկված դոլարը վերածում են դրամի՝ ավելի քիչ ապրանք են կարողանում գնել, քան՝ նախկինում: Նկատենք, որ մեր հասարակությունում նման ընտանիքները, որոնք ապրում են դրսի փողերով, բավականին մեծ թիվ են կազմում: Ըստ Ա. Ճուղուրյանի, տուժում են նաեւ արտահանողները, քանի որ նրանք տեղական ապրանքները դրսում վաճառում են դոլարով, որը մեր երկրում արժեք չի ունենում: Փոխարենը՝ դոլարի փոխարժեքի իջեցումից օգտվում են ներկրողները: Նրանք Հայաստանում էժան գնով դոլար են գնում, այդ դոլարով դրսում ապրանք են առնում ու մեր երկրում վաճառում արժեւորված դրամով: Այսինքն՝ նրանց ամեն դեպքում ձեռնտու է դոլարի կուրսի իջեցումը: Տնտեսագետի խոսքերով՝ «քանի որ մեր ազգաբնակչության էական մասի եկամուտները դոլարով են, մեր կառավարությունը պայքարում է, որ դոլարիզացիայից ազատվենք, ինչը ճիշտ քաղաքականություն է»: Պարոն Ճուղուրյանը գտնում է, որ երբ արտերկրում դոլարով ապրանքները թանկանում են, Հայաստանում այդ գնաճը մեղմելու համար դոլարի կուրսն իջեցնում են, անկախ այն բանից՝ դա արտահանողներին կվնասի՞, թե՞ ոչ. «Օրինակ, վերջին ամիսներին միջազգային շուկայում բենզինը թանկացավ մոտ 15 տոկոսով, բայց մեր երկրում բենզինի գինը բարձրացավ ընդամենը 2-3 տոկոսով, որովհետեւ ներկրողը, որը պետք է մեր երկրում էլ բենզինը թանկացներ, էժան դոլար է կարողանում գնել ու դրանով իր կրելիք վնասը փոխհատուցել: Նա բենզինը չթանկացնելով՝ չի տուժում, եւ մեր երկրի սպառողներն էլ կարողանում են էժան բենզինից օգտվել»: Ըստ տնտեսագետի, այն, որ շաքարավազ, կարագ ու ձեթ ներկրողներն իրենց ապրանքների գինը կտրուկ բարձրացնում են՝ արդարանալով, թե համաշխարհային շուկայում թանկացումներ են եղել, առնվազն անխղճություն է. «Նրանք իրավունք չունեն գինը բարձրացնել, քանի որ էժան դոլար գնելով՝ արդեն օգուտով են դուրս գալիս»:

ԿԲ-ի վարած դրամի կայունացման քաղաքականությունից տուժում են նաեւ այն մեծահարուստները, ովքեր իրենց ավանդները բանկում պահում են դոլարով: Նախկինում այդպես էր վարվում ավանդատուների 80 տոկոսը: Իսկ հիմա արդեն շատ շատերը սկսել են վստահել դրամին ու իրենց խնայողությունները գերադասում են պահել հենց ազգային արժույթով: Պարոն Ճուղուրյանի համոզմամբ՝ հաշվի առնելով, որ դոլարիզացիայից ազատվելու արդյունքում երկրում գների սանձարձակ աճ չի լինում, կարելի է ասել՝ մեր հասարակության գերակշիռ մասը դրանից օգտվում է:

Պարզվում է՝ մեր երկրում դոլարի ճնշման քաղաքականությունից ԱՄՆ-ն այնքան էլ չի դժգոհում: Տնտեսագետի մեկնաբանությամբ՝ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր է այլ երկրներում դոլարն արժեզրկում, որովհետեւ դա խթանում է ամերիկյան ապրանքների վաճառքը. «Երբ դոլարն էժանանում է՝ տարբեր երկրներից շտապում են էժան դոլարով Ամերիկայում ներդրումներ անել, եւ ամերիկյան ապրանքային շուկայից գնումներ անել: Այնպես որ, մեր երկրում դրամի կայունացումը Միացյալ Նահանգներին նույնպես ձեռնտու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել