Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՋՆԻ» ՈՒ «ՆՈՅ» ՈՉ ԿՍՏԱՆԱՔ, ՈՉ ԿԾԱԽԵՔ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Խոշոր սուպերմարքեթները Սուքիասյանների արտադրանքին բոյկոտ են հայտարարել

«Բջնի» հանքային ջրերի գործարանին պատկանող «Բջնի» հանքային եւ «Նոյ» բնական ջրերի վաճառքն այս օրերին մայրաքաղաքի մի շարք սուպերմարքեթներում արգելված է: «Առավոտի» տեղեկություններով՝ Երեւանի շատ սուպերմարքեթների տնօրեններ վերեւից հրահանգ են ստացել, որպեսզի «Բջնի» գործարանի արտադրանքն իրենց խանութներում ընդհանրապես չվաճառեն, ու սառնարաններն էլ ցուցադրությունից հանեն եւ պահեստներում մնացած արտադրանքի հետ միասին նորից հետ ուղարկեն գործարան: Երեկ մի շարք խանութներ կատարած մեր շրջայցի ժամանակ պարզեցինք, որ «Երեւան Սիթի», «Սթար», «SAS» եւ նմանատիպ այլ խանութներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Բջնի» եւ «Նոյ» ընդհանրապես չեն ստացել, իսկ վաճառքում եղածն էլ, վաճառողների հավաստմամբ՝ շուտով կսպառվի: «Բջնիի» կամ «Նոյի» նոր խմբաքանակ նրանք չեն պատրաստվում վերցնել: Այս առնչությամբ «Սիլ» կոնցեռնի լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ թեեւ իրենք գործարանի պահեստում դեռեւս հազարավոր շշալցված արտադրանք ունեն, ու սպառողներն էլ անընդհատ ահազանգում են խանութներում եղած դեֆիցիտի մասին, սակայն առաքում անել իրենց չեն թույլատրում: Ստացվում է, որ միայն այն բանի համար, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր քաղաքական գաղափարները չի թաքցնում եւ իշխանամետ դիրքորոշում չունի, պետական մարմինները հնարավոր բոլոր մեթոդներով փորձում են խոչընդոտել նրա բիզնեսին: Հիշեցնենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններից է, որը նախորդ շաբաթվա ընթացքում իշխանության, մասնավորապես՝ Հարկային պետական ծառայության եւ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է: Գործարանի մանրակրկիտ ստուգումների արդյունքում հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության աշխատակիցները՝ իրենց իսկ տեղեկացմամբ, որեւէ խախտում չհայտնաբերեցին: Չնայած սրան՝ գործարանի աշխատանքները դադարեցվեցին, քանի որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները, առանց որեւէ ողջամիտ ու հիմնավոր մեկնաբանության՝ ստուգումներից հետո առգրավեցին «Բջնիի» գրասենյակի համակարգիչներն ու հաշվապահական մատյանները:

Նկատենք, որ եթե նույնիսկ հարկայինը գործարանին վերադարձնի առգրաված համակարգիչները, «Բջնիի» առաքողներից՝ շատուշատ խանութներում չեն պատրաստվում անգամ մի շիշ վերցնել: Ձեւականորեն պետությունը չի խոչընդոտի գործարարի բիզնեսին, բայց դա կանի «տակից»՝ ներքին հրահանգներով:

Օրեր առաջ ձերբակալվեց «Սիլ» կոնցեռնին պատկանող «Պիցցա դի Ռոմա» ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ «Պիցցա դի Ռոմա» ընկերությունը 2005-ից մինչ օրս խաբել է պետությանը, քանի որ հարկվել է սխալ՝ հաստատագրված հարկատեսակով ու թաքցրել է իրական եկամուտները: Նրա խոսքերով՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 15 միլիոն դրամ: Եթե նույնիսկ ընդունենք, որ պարոն Սարգսյանի բացատրությունը շատ ճիշտ է, եւ որ այդ քայլը բխում է մեր երկրի շահերից, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ դատախազությունը նույն սկզբունքով ձեռնամուխ չի լինում Հայաստանում գործող եւ կրկին հաստատագրված հարկով աշխատող նմանատիպ մի շարք այլ ընկերությունների եւ սպասարկման օբյեկտների իրական եկամուտները բացահայտելուն: Մայրաքաղաքում «Պիցցա դի Ռոմայից» ոչ պակաս անուն եւ շրջանառություն ունեցող այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են «Մարկո Պոլոն», «Բելաջիոն» կամ, ասենք, «Դոկա պիցցան», վճարում են հաստատագրված հարկ՝ ըստ իրենց ունեցած տարածքի մեծության եւ սեղանների քանակի: Պարզ չէ, թե ինչու հարկային տեսուչները նմանատիպ ստուգումներ չեն անցկացնում նաեւ այս ընկերություններում: Անհասկանալի է մնում նաեւ այն, թե ինչո՞ւ հարկային ծառայության աշխատակիցները «Պիցցա դի Ռոմայում» նախորդ 2 տարիների ընթացքում ոչ մի հարկային ստուգում չեն իրականացրել ու չեն կարողացել բացահայտել մեր պետությանը հասցված այդչափ խոշոր վնասը: Նկատենք, որ հարկային տեսուչներն իրենց պարտականությունները «Սիլ» կոնցեռնին պատկանող ընկերություններում կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներով: Նրանք ներխուժել են «Բջնի» հանքային ջրերի գործարան կամ «Պիցցա դի Ռոմա»՝ առանց տնօրեններին այդ մասին նախապես զգուշացնելու, ինչը «Ստուգումների մասին» օրենքի խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել