Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զ. Բարան. «ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին»

Նոյեմբեր 10,2007 00:00

Շարունակվում են վերջին օրերին Վրաստանում ստեղծված ներքաղաքական կացության վերաբերյալ ստացվող միջազգային արձագանքները: «Մեդիամաքսի» փոխանցմամբ, երեկ այս կապակցությամբ հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Նա, մասնավորապես, ասել է. «Ժողովրդավարության եւ տնտեսության համախմբման տեսանկյունից Վրաստանում դեռ շատ անելիք կա: Այնտեղ ժամանակին նախագահ է փոխվել, եւ բոլորին թվում էր, որ այդ փոփոխությունը կհանգեցնի իրավիճակի նորմալացմանը: Սակայն վերջին իրադարձությունները, ցավոք, վկայում են, որ Վրաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու»:

«Մեդիամաքսը» տեղեկացնում է նաեւ Վրաստանի իրադարձությունների առիթով վաշինգթոնյան Հադսոն ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի արած հայտարարության մասին: Վերջինս նշել է. «ԱՄՆ-ը հավատում է Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների հաջողությանն ու պատրաստ է այնքան կառուցողական օգնություն ցուցաբերել, որքան դա հնարավոր է: Ես մեկ հարթակի վրա չէի դնի Ուկրաինան ու Վրաստանը. չէ՞ որ Ուկրաինան բաժանված է ռուսամետ եւ արեւմտամետ մասերի: Վրաստանում այդպիսի բան չկա: ՌԴ-ի նկատմամբ կառավարության եւ ընդդիմության դիրքորոշումները նման են: Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առավել ակնհայտ են: Սակայն վերջին դեպքերը միջազգային հանրության աչքում լուրջ վնաս հասցրին ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը: Ուզում ենք հավատալ, որ կողմերը, այնուամենայնիվ, կգտնեն երկխոսության ճանապարհը: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն կարող է այստեղ կարեւոր դեր խաղալ: Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում այդ երկրի բնակչությանը, այդ թվում ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմության կողմնակիցներին»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Շոն Մաքքորմակը ողջունել էր Վրաստանի իշխանությունների՝ երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ եւ խորհրդարանական ընտրությունների ժամկետների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը: «Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Վրաստանի կառավարությանը՝ վերջ դնել արտակարգ իրավիճակին եւ վերականգնել անկախ հեռուստաընկերությունների հեռարձակումը: Այդ քայլերն անհրաժեշտ են ընտրությունները ժողովրդավարական պայմաններում անցկացնելու համար»,- ասել էր նա:

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու արձագանքը չի ուշացել: «Արմինֆոյի» փոխանցմամբ, երեկ վերջինս հայտարարել է «ամենամոտ ժամանակներս երկրի ողջ տարածքում արտակարգ դրությունը վերացնելու» իր մտադրության մասին:

Որոշ դիտորդներ հակված են «ուժեղ քայլ» որակել արտաժամկետ ընտրություններ անցկացնելու՝ Սահակաշվիլու որոշումը: Մինչդեռ շատ ուրիշներ նշում են, որ դա հարկադրական գործողություն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել