Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՏՎԱԾ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՉԵՆ ՏԱ

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում վրաց ընդդիմության անունից հավաստիացրեց Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իվլիան Խաինդրավան:

Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է Միխայիլ Սահակաշվիլու հրամանագիրը՝ երկրի ողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Այդ որոշման օգտին քվեարկել են 225 անդամ ունեցող խորհրդարանի՝ նիստին ներկա բոլոր 149 պատգամավորները: Մինչ այդ, հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը հայտարարել էր 2008թ. հունվարի 5-ին երկրում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, Սահակաշվիլու այդ որոշումը ողջունել է վրաց ընդդիմությունը: Երեկ, սակայն, «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում այդ տեղեկությունը հերքեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Իվլիան Խաինդրավան:

– Սահակաշվիլու այդ նախաձեռնությունը դեռ պետք է ուղեկցվի մի ամբողջ շարք քայլերով, որպեսզի ոչ միայն ընդդիմությունը, այլեւ Վրաստանի հասարակությունը հավատա, որ կառավարությունը հրաժարվում է բռնություններ կիրառելուց, տեռորից, հետապնդումներից եւ այլնից: Այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը միաձայն քվեարկում է հօգուտ երկրում արտակարգ դրություն հայտարարելուն, երբ չեն գործում հեռուստաընկերությունները, երբ մարդիկ վախենում են դուրս գալ փողոց, հնարավոր չէ խոսել այդ նախաձեռնության նշանակության մասին: Խորհրդարանն իր քվեարկությամբ, փաստորեն, հրաժարվել է իրականացնել այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել նախագահը: Խորհրդարանը Վրաստանում չի կարող հանդես գալ որպես նախագահից անկախ մարմին, ուստի՝ միանշանակ է, որ դա միայն ժամանակ շահելու, ձգձգելու առիթ է: Եթե դու պատրաստվում ես երկրում նախագահական ընտրություններ անցկացնել, ապա ինչո՞ւ է պետք պահպանել արտակարգ դրությունը, երբ սահմանափակված են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Ընդդիմության կողմից այդ նախաձեռնությունից գոհ լինելու կամ այն ողջունելու մասին խոսք լինել չի կարող, երբ շարունակվում են զրպարտություններն ու հնչող մեղադրանքները՝ ուղղված ընդդիմության առաջնորդների հասցեին, երբ հարուցված են քրգործեր՝ պետական հեղաշրջման փորձի, ագենտամանիայի եւ շպիոնամանիայի հոդվածներով: Եթե նա, իրոք, ուզում է փոխել երկրում ստեղծված մթնոլորտը եւ դուրս գալ այս խորը ճգնաժամից, որը վտանգավոր է առաջին հերթին հե՛նց իր եւ իր թայֆայի համար, ապա պետք է փոխի իր քայլերի շեշտադրումները եւ ամենակարեւորը՝ գործողություններ ձեռնարկի այդ ուղղությամբ: Թե չէ՝ նրա նետած այդ խայծը՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, ոչ ոք կուլ չի տա: Ի՞նչ արտահերթ ընտրություններ՝ արտակարգ դրության պայմաններում:

– Ո՞րն է ժամանակ շահելու իմաստը Սահակաշվիլու տեսանկյունից:

– Թուլացնելու համար լարվածությունը, փորձելու Արեւմուտքին ցույց տալ, որ ինքը պատրաստ է գնալ անգամ նախագահի արտահերթ ընտրությունների, ինչպես ինքն է ասում՝ ընդդիմությանը շանս տալ: Իրավիճակն իրականում այդպիսին չէ: Այդ ընդդիմությո՛ւնն է, որ կարող է նրան շանս տալ, ոչ թե նա՝ ընդդիմությանը:

– Հնարավո՞ր է, որ ընդդիմությունը բոյկոտի նշանակված ընտրությունները, եթե նրա պահանջները՝ վերացնել արտակարգ դրությունը, դադարեցնել հետապնդումները եւ այլն, չկատարվեն:

– Անպայման: Եթե մոտակա օրերին, ժամերին երկրում իրավիճակը չփոխվի, չդադարեցվեն հետապնդումները ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, չհանվի արտակարգ դրությունը, չվերացվեն լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, չվերականգնվի «Իմեդի» անկախ հեռուստաընկերության հեռարձակումը: Ոչ մի արտակարգ դրություն չի կարող զսպել ժողովրդի վրդովմունքը, ժողովուրդը բորբոքված է այս երկրում:

– Եթե, այդուհանդերձ, ընդդիմության պահանջները չկատարվեն, ընդդիմությունն ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել:

– Ես վստահ չեմ, որ այդ պայմաններում ընդդիմությունը, որն, ի դեպ, այս ողջ ընթացքում դրսեւորել է բացառիկ զսպվածություն եւ պատասխանատվություն, կկարողանա վերահսկել վրդովված ժողովրդի գործողությունները: Նոյեմբերի 7-ի իրադարձություններից հետո մենք ժողովրդին դուրս բերեցինք իրադարձությունների էպիկենտրոնից հեռու, որտեղ չկային պետական գերատեսչություններ, որտեղ տրանսպորտի երթեւեկությունը չէր խոչընդոտվում, բայց այդ դեպքում նույնիսկ մեր՝ 40-50 հազար մարդու նկատմամբ բռնություններ եղան հատուկ ջոկատայինների կողմից՝ արցունքաբեր գազի կիրառմամբ: Դա ոչնչով չպատճառաբանված գործողություն էր, ուղղակի հանցագործություն: Եթե նրանք՝ իշխանությունները, շարունակեն գործել հանցավոր ճանապարհով՝ կստանան այն, ինչ կարող է ձեռնարկել վրաց ժողովուրդը հանցագործների նկատմամբ:

– Իսկ եթե ընդդիմության պահանջները բավարարվեն, ընդդիմությունը ընտրություններին կմասնակցի միասնակա՞ն թեկնածուով, թե՞ կլինեն մի քանիսը:

– Ես առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետեւ ընդդիմությունը հիմա աշխատում է մի քանի ճակատով. առաջին՝ հասնել այն բանին, որ վերացվի արտակարգ դրությունը, դադարեցվեն հետապնդումները եւ հիմար մեղադրանքներ թխելը ընդդիմության առաջնորդների դեմ, ստիպել իշխանությանը հրաժարվել ուժային մեթոդներից: Երկրորդ՝ միասնական ընդդիմությունն արդեն սկսել է խորհրդատվությունները նախագահի ընտրություններում իր թեկնածուին կամ թեկնածուներին որոշելու ուղղությամբ: Բայց այն պայմաններում, երբ ընդդիմության մի քանի հայտնի քաղաքական գործիչների հասցեին, ովքեր նախագահի պոտենցիալ թեկնածուներ են, խորհրդարանի ամբիոնից «Մոսկվայի գործակալ» լինելու եւ պետական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքներ են հնչում, ի՞նչ թեկնածուի մասին կարող է խոսք լինել:

– Հայաստանում՝ ինչպես 2003-ին, այնպես էլ այսօր զուգահեռներ են անցկացվում Վրաստանում եւ Հայաստանում ծավալվող զարգացումների միջեւ, առավել եւս, որ առաջիկայում Հայաստանում էլ են նախագահական ընտրություններ սպասվում: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ վրացական զարգացումները Հայաստանի վրա:

– Չնայած այն բանին, որ այս պահին իրավիճակը մեր երկրներում տարբեր է, այդուհանդերձ, մենք մոտ հարեւաններ ենք, ու, իհարկե, այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր երկրներում, ուղղակիորեն ազդում են միմյանց վրա: Հայաստանում եւս մոտենում են նախագահական ընտրությունները, եւ հիմա, եթե Սահակաշվիլին մարսի այն ամենը, ինչ արել է Վրաստանում, ապա՝ իհարկե, Հայաստանի իշխանություններն էլ իրենց կարող են հանգիստ զգալ եւ նմանատիպ գործողություններ ձեռնարկել սեփական ընդդիմության հանդեպ: Բայց եթե միջազգային հանրության կողմից Սահակաշվիլին ենթարկվի խիստ պատասխանատվության, ապա միանշանակորեն ցույց կտրվի, որ նման գործողությունները անընդունելի են եւ դրանց հետ ոչ ոք հաշտվել չի պատրաստվում: Դա ազդակ կլինի նաեւ մեր հարեւանների համար:

– Հնարավո՞ր է, որ Սահակաշվիլին, ընդդիմության եւ միջազգային հանրության պահանջներին ընդառաջ գնալու դեպքում, կարողանա վերընտրվել երկրի նախագահի պաշտոնում:

– Չեմ կարծում, որ նա դրա հնարավորությունն ունի, որովհետեւ հասարակության ներսում առկա տրամադրությունները միանգամայն այլ բան են հուշում, ընդ որում՝ ոչ միայն առաջիկա ընտրությունների, այլեւ հեռանկարի իմաստով: Բայց եթե Սահակաշվիլին ապահովի ընտրությունների համար բարենպաստ պայմաններ, ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, նա եւ իր կուսակցությունը շանս կունենան գոյություն ունենալ քաղաքական ասպարեզում՝ ընդդիմությա՞ն, թե՞ այլ կարգավիճակով, բայց գոյություն ունենալ: Եթե շարունակեն այս մարտավարությունը, եթե նորից փորձեն խաբել ժողովրդին, ապա խաբած կլինեն իրենք իրենց, որովհետեւ Վրաստանի ժողովուրդը դա չի հանդուրժի, եւ դա արդեն ցույց տվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել