Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉՄՆԱՑ»

Նոյեմբեր 10,2007 00:00

\"\"ՀԱԿ-ում դեռ վիճում են, իսկ Տիգրան Ուրիխանյանին արդեն պաշտոն են տալիս

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) նախկին նախագահ Տիգրան Ուրիխանյանն օրերս նշանակվելու է վարչապետի օգնական: Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան մեր հարցադրմանն՝ ասաց. «Այս պահին ես ունեմ երկու առաջարկ, երկուսն էլ վերաբերում են գործադիր իշխանությունում աշխատելուն: Երկուսն էլ քննարկման արժանի առաջարկներ են, եւ երկուսն էլ դեռ քննարկումների փուլում են: Մնացածը՝ որոշում կայացնելուց հետո»: Առաջարկներ են եղել նաեւ բիզնեսի ոլորտից, սակայն Ուրիխանյանն իրեն այդ ոլորտում այնքան էլ չի պատկերացնում: Սերժ Սարգսյանի նվիրյալի կարողությունները կօգտագործվեն նաեւ հասարակական ոլորտում՝ «Հրաժարականս աննկատ չանցավ եւ ես չհայտնվեցի տանը՝ բազմոցին նստած, որպես ամենաերիտասարդ թոշակառու»,- ասում է նա ու հավելում, որ համագործակցության տարատեսակ առաջարկներ են եղել, որոնցից իրեն ավելի հարազատ է եղել մեկը՝ «Կայունություն» հասարակական կառույցի վերակենդանացումը, բնականաբար, ղեկավար կազմի փոփոխություններով: Առաջարկը եղել է հիմնականում արեւելյան երկրների հայ համայնքներից՝ Հայաստանում ստեղծել ուժեղ շարժում, որն իր դերակատարումը կարող է ունենալ հատկապես առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Հետին թվով մեր զրուցակիցն արձանագրում է, որ «Կայունության» ղեկավար կազմը «անգործունակ» է: Հիշեցնենք, որ այդ կառույցի ղեկավարներից են Ռազմիկ Դավոյանը, Երվանդ Մանարյանը, Վոլոդյա Բադալյանը (նախագահի խնամին) եւ այլք:

Իսկ Հայաստանի առաջադիմական կուսակցությունում, պարզվում է՝ Տիգրան Ուրիխանյանի հեռանալով էլ հարցերը չլուծվեցին, ինչպես որ ակնկալվում էր: Դեռ մեկ ամիսն էլ չի բոլորել, ինչ կուսակցության ղեկավարի պաշտոնը, իբրեւ պաշտոնակատար, զբաղեցրել է Ռոբերտ Ահարոնյանը, բայց ծագած ներկուսակցական խնդիրներն այն աստիճան են թեժացել, որ կուսակցական ակտիվի մի մասը՝ վարչության քարտուղար Նունե Ղումաշյանի ղեկավարությամբ, դիմել են քաղաքապետարան՝ նոյեմբերի 13-ին կուսակցության գրասենյակի առջեւ բողոքի ակցիա կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Բողոքելու են Ահարոնյանի պասիվության եւ անգործության, նրա կողմից կուսակցությունում կատարված փոփոխությունների դեմ: «Վերջին շրջանում տեղի ունեցած ղեկավարի փոփոխությունը մեզ մոտ պարզապես աթոռակռվի արդյունք էր, այլ ոչ թե կուսակցության առողջացմանն ու առաջընթացին միտված քայլ»,- «Առավոտին» փոխանցեց տիկին Ղումաշյանը: Ի՞նչ ակնկալիքներ կարող էին լինել այս կարճ ժամանակահատվածից, որ չարդարացան. «Խոստումն այն էր, որ կուսակցությանն անդամագրվողների թիվը կտրուկ աճելու է, բայց, բացի նրանից, որ մեր ծանոթներն են անդամագրվում, ես ուրիշ շարժ չեմ տեսնում»: Բողոքի հիմնական դրդապատճառն այն է, որ Ահարոնյանը վարչության նիստով «անցկացրել» է նոյեմբերի 13-ին մի ակցիա իրականացնելու որոշում, որին մեծամասնությունը դեմ է եղել: Ի դեպ, քաղաքապետարանն արդեն արտոնել է այդ միջոցառումը. ՀԱԿ-ականներն այդ օրը մոմերով, չոր սպիրտներով, նավթավառներով եւ նման այլ բաներով քայլելու են Երեւանի փողոցներով ու դրանք բաժանելու են անցորդներին՝ դրանով իսկ, հավանաբար, հուշելով հայ ժողովրդին, թե ինչ մղձավանջ է սպասում նրան՝ Տեր-Պետրոսյանի վերադարձի դեպքում: Նունե Ղումաշյանն ու իր կողմնակիցները դա քաղաքական քայլ չեն համարում:

Ռոբերտ Ահարոնյանն էլ «Առավոտին» ասում է, որ այդ ակցիան ոչ մեկի դեմ ուղղված չէ, իրենք ուղղակի հիշեցնում են, թե մենք ինչերի միջով ենք անցել՝ հետեւությունը թողնելով քաղաքացիներին: Իսկ իր դեմ ըմբոստացումների մասին իմացել է միայն երեկ եւ ուղղակի ծիծաղելի է համարում. «Վարչության նիստը կուսակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրեց ինձ վրա, եթե անհամաձայնություն կա՝ նույն վարչությունը կարող է այդ պարտականությունները փոխանցել մեկ ուրիշին: Մինչդեռ վարչության անդամները շրջաններում կոնֆերանսներ են անցկացնում, եւ պատրաստվում ենք առաջիկա համագումարին»: Համենայնդեպս, նա հավաստիացնում է, որ կուսակցությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել