Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՏՎԵԼ Է

Նոյեմբեր 09,2007 00:00

Եվ սպասում է ֆիլիպինցի Զեդ Գորրեսի պատասխանին

Արդեն տեղեկացրել ենք, որ IBF-ը դեկտեմբերի սկզբին առաջին թեթեւագույն քաշային կարգում մենամարտ է նշանակել 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ նրանից մեկ աստիճան ցածր գտնվող ֆիլիպինցի Զեդ Գորրեսի միջեւ: Այս մենամարտի հաղթողը կգլխավորի մինչեւ 52,163 կգ քաշայինների ցուցակը եւ կդառնա ներկայումս չեմպիոնի կոչումը կրող ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ չեմպիոնական գոտին վիճարկելու պարտադիր հավակնորդը: Դարչինյանն ու Գորրեսը պարտավոր էին շտապ կարգով պատասխանել IBF-ի ղեկավարությանը, հակառակ դեպքում կազմակերպությունը պետք է քննարկեր այլ թեկնածուների անուններ: Երեկ «Առավոտը» կրկին հեռախոսազրույց ունեցավ Վիկի հետ:

– Նախ շնորհավորում ենք նոր քաշային կարգում վերջերս Ֆեդերիկո Կատուբայի նկատմամբ նոկաուտով կատարած քո նորամուտը:

– Շնորհակալություն: Դա ինձ համար շատ կարեւոր մենամարտ էր: Այն ցույց տվեց, որ ես ոչ միայն չեմ նահանջել, այլեւ կարող եմ հաղթանակներ տանել նաեւ բարձր քաշային կարգերում:

– Դրա համար նոր առիթ արդեն կա: Դու IBF-ին տվե՞լ ես քո համաձայնությունը:

– Այո: Եվ սպասում եմ Գորրեսի պատասխանին: Նրա պրոումոթերը մինչեւ այս շաբաթվա վերջը պետք է իրենց դիրքորոշումը հայտնի:

– Բայց ինտերնետային կայքերն արդեն ձեր մենամարտի օրն ու վայրը նշել են. դեկտեմբերի 1, ԱՄՆ, Կոննեկտիկուտ:

– Դա ուրիշ մենամարտի է վերաբերում: Մինչեւ IBF-ի այս առաջարկը ես այլ մենամարտ էի պլանավորել: Մի բռնցքամարտիկ կար, որը պատրաստ էր 8 կամ 10 ռաունդանոց մարտ վարել ինձ հետ: Բայց եթե Գորրեսն էլ իր համաձայնությունը տա, ապա այս մեկն իր վարկանիշով ավելի բարձր կլինի ու, հնարավոր է, կանցկացվի ավելի պատկառելի դահլիճում:

– Որքան էլ քեզ համար տհաճ լինի, կրկին պիտի հիշեցնեմ Նոնիտո Դոների հետ մենամարտը: Դեռ կարծիք կա, որ պարտվեցիր վերջին շրջանում չափից ավելի ինքնավստահ լինելու պատճառով:

– Ես հիմա էլ ինքնավստահ եմ: Առանց դրա՝ ռինգում բռնցքամարտիկն անելիք չունի: Կրկնում եմ, ցանկանում էի մարտը նոկաուտով ավարտել: Դրա համար 5-րդ ռաունդում գնացի ուժեղ հարվածի՝ մոռանալով պաշտպանության մասին, ու ինքս ընկա հարվածի տակ: Բռնցքամարտում պատահում է, որ մեկ անակնկալ հարվածն ի չիք է դարձնում քո բոլոր պլանները: Ես հաղթել եմ ավելի հեղինակավոր բռնցքամարտիկների: Դոները հաստատ ինձնից ուժեղ չէ ու այդ բանը գիտակցում է: Դրա համար է ամեն կերպ հրաժարվում ռեւանշ մրցամարտից:

– Վերադառնանք ապագայի ծրագրերիդ: Մարզվո՞ւմ ես:

– Այո: Արդեն 10 օր, օրական երկու անգամ: Նախապատրաստվում եմ առաջիկա մենամարտիս: Ուզում եմ դրան ավելի լավ վիճակում ներկայանալ:

– Գորրեսի հետ մարտն ինչպե՞ս կավարտվի:

– Կարծում եմ՝ մեզ համար շատ լավ:

– Նոկաուտի վրա աշխատելո՞ւ ես:

– Ինչ խոսք: Դա իմ ոճն է: Բայց ռինգում արդեն ավելի խելամիտ եմ դարձել: Սկզբում աշխատում եմ ուժեղ հարվածներով մրցակցիս թուլացնել: Եվ մինչեւ նոկաուտի համար հարմար պահը չգա՝ վճռական հարվածի չեմ գնա:

– Մարզումային մրցակիցներդ փոխվե՞լ են:

– Մյուս շաբաթվանից թաիլանդցի երկու հոգի են գալու, որոնց չեմ ճանաչում: Բայց գիտեմ, որ ինձանից երկու քաշ բարձր են եւ աշխարհի 10 լավագույնների մեջ են:

– Որդիդ՝ Ռուբենն ինչպե՞ս է:

– Մեծանում է: Դարձավ 3,5 ամսական: Ինձ շատ է նման՝ թխամորթ:

– Հայաստան ե՞րբ կգաք:

– Գորրեսի հետ մարտից հետո, իհարկե, եթե կայանա:

– Քո մենամարտերից մեկը Երեւանում անցկացնելու գաղափարն ուժի մե՞ջ է:

– Անպայման: Բայց մինչ այդ պետք է իմ սխալի պատճառով կորցրած գոտիներս ետ բերեմ: Կարծում եմ, որ այդ մարտի անցկացմանը կարելի կլինի անդրադառնալ արդեն եկող տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել