Ըստ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի, մեզանում դեռ չի «աշխատի» թեստերի ստուգման լեհական տարբերակը:
Գիտելիքների թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը եւ ԳԹԿ կանոնակարգային մշակումների եւ կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտին» պատմեցին իրենց վերջին՝ լեհաստանյան այցի մասին, որի նպատակը այնտեղի ԳԹԿ-ի երկար տարիների փորձին ծանոթանալն էր:
Մ. Մկրտչյանը նշեց, որ հայաստանյան ԳԹԿ-ն ստեղծվել է ՀԲ-ի կրթական ոլորտի բարեփոխումների համապատասխան ծրագրերի արդյունքով. «Ընդունելության, ավարտական քննությունների հետ կապված պրոբլեմներն ու կրթության որակի հարցերը մեզ մոտ դժվար ու ինչ-որ տեղ էլ անլուծելի են: Դրանք առնչվում են մեր կոռուպցիոն իրավիճակի հետ: Այնպես որ, ԳԹԿ-ի ստեղծումը մի անմեղ հանձնարարություն չէր, այլ կարեւոր եւ հրատապ նախաձեռնություն»:
Նա նաեւ հավելեց. «Լեհաստանն այս ոլորտում 8 տարվա փորձ ունի, ընդ որում՝ հաջողված: ԱՊՀ որոշ հանրապետություններում այս համակարգը ամեն տեղ չէ, որ հաջողվել է: Մի շարք երկրներում ԳԹԿ ստեղծման փորձերն ուղղակի տապալվել են: Ամենահաջողվածներից է, օրինակ, Լիտվան»: Մ. Մկրտչյանը նշեց, որ Լեհաստանում անցկացնելով մեկ շաբաթ, ծանոթացել են համակարգի պրոբլեմներին ու նվաճումներին, խորհրդակցել տեղի մասնագետների հետ: Դառնալով մեր եւ լեհաստանյան համակարգում առկա տարբերություններին, նա պատմեց. «Մենք Լեհաստանում տեսանք տրամագծորեն հակառակ պատկեր: Շատ դժվար էր նմանություններ գտնել, որովհետեւ ունենք սկզբունք եւ կայացրած որոշում, որ մեր քննությունները պետք է կազմակերպել այնպես, որ միայն մեքենան ստուգի աշխատանքները, որպեսզի սուբյեկտիվ գործոնը վերանա: Լեհաստանում քննական թեստը կազմված է 2 բաժնից՝ մի բաժինը ստուգում է մեքենան, իսկ մյուսը՝ մարդը: Դա համարվում է ավելի որակյալ ստուգում, որովհետեւ այդպես ոչ միայն նայում են աշակերտի պատասխանները, այլեւ լուծումների ընթացքն ու հիմնավորումը»:
Մ. Մկրտչյանի համոզմամբ, մեզանում դեռեւս այդ մեխանիզմը չի աշխատի. «Դա պայմանավորված է տարբեր գործոններով՝ կախված է մթնոլորտից, նաեւ նրանից, թե որտեղ ինչ է ընդունված եւ ինչ աստիճանի են միջամտում: Առայժմ այդքան վստահ չենք, որ ստուգողները անաչառ եւ օբյեկտիվ կլինեն: Ի տարբերություն Հայաստանի, Լեհաստանում մարդիկ աշխատում են կայացած համակարգում, մերը դեռ կայացման փուլում է»: Մ. Մկրտչյանը մի շատ կարեւոր տարբերություն էլ էր նկատել՝ Լեհաստանում մեծապես վստահում են դպրոցների տնօրեններին, եւ ոչ թե զուտ մարդկային հարաբերությունների առումով, այլ կոնկրետ հիմքերի. «Մեզ մոտ այդ հիմքերը չկան: Դրա համար էլ աշխատում ենք ընթացակարգն այնպես մշակել ու քննությունն այնպես անցկացնել, որ տնօրենները չկեղծեն, խախտումներ չանեն, զգուշանում ենք տնօրեններից, հենց նրանք են առաջին պրոբլեմը»:
Շարունակելով թեստերի թեման, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը հայտնեց. «Լեհաստանում դրանք հրապարակված են լինում մեկ տարի առաջ: Այնտեղ մտավախություն չկա, թե ծանոթ-բարեկամների երեխաները կշահեն: Վարշավայի քննասենյակներում տեսախցիկների կարիք էլ չկա: Իրենց մոտ պրոցեդուրաներն այնպիսին են, որ մարդիկ շահագրգիռ են խախտումներ չանելու: Իսկ Հայաստանում քանի դեռ գայթակղողներ կան, գայթակղվողներ միշտ էլ կլինեն: Ծնողը գալիս-ասում է՝ 1000 դոլար տամ, երեխայիս գնահատականը մեկ միավորով բարձրացրու»:
Կարո Նասիբյանն էլ հայտնեց, որ իրենք եղել են Լեհաստանի ամենաառաջադեմ ռեգիոններից մեկում՝ Կրակովում. «Նրանց գնահատման եւ թեստավորման կենտրոնի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վարշավայում: Մեծ գործը արվում է ոչ թե նրանց թեստավորման կենտրոնի, այլ դպրոցների կողմից: Օրինակ, դիմում-հայտերի ու նման այլ բաների հետ կապված բոլոր կազմակերպչական աշխատանքները կատարում են դպրոցների տնօրենները, իսկ մեզ մոտ այդպես չէ»: Կ. Նասիբյանի համոզմամբ, հայաստանցիներս դեռ պատրաստ չենք, որ քննությունների արդյունքները ստուգվեն լեհաստանյան տարբերակով. «Անպայման սուբյեկտիվ գործոնը դեր կխաղա»: Նա հայտնեց, որ Լեհաստանում աշխատանքները ստուգող 10 հոգուն վերստուգում է եւս մեկը: Նա թերթում է արդեն ստուգված գրավորները: Իսկ սխալի կամ սուբյեկտիվ մոտեցման դեպքում՝ հարցը դրվում է քննարկման, սխալ գնահատողն էլ գցում է իր հեղինակությունը եւ ետ կանչվում հանձնաժողովի կողմից: