Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՐԱՆ ԾՆԵՑ ՈՒ ՍՊԱՆԵՑ»

Նոյեմբեր 09,2007 00:00

Հորեղբոր՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի կարճատեւ կյանքի մասին այսպես արտահայտվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Սաթյանի ծննդյան 100-ամյակին: «Առավոտի» հետաքրքրությանը, թե մշակույթի նախարարությունը ինչ է նախատեսել հոբելյանի առիթով, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը փոխանցեց, որ կկայանա շքեղ համերգ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, ակադեմիական երգչախմբի եւ մենակատարների մասնակցությամբ, եւ ավելացրեց. «Նախարարությունը դիմել է քաղաքապետարանին՝ Երեւանում կոմպոզիտորի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկով, բայց դեռ պատասխան չի ստացել»:

«Առավոտը» հանդիպեց հոբելյարի եղբորորդի, կոմպոզիտոր Արամ Սաթյանին՝ տարիներ ի վեր շրջանառվող որոշ խոսակցությունների վերաբերյալ սպառիչ պատասխան ստանալու համար, օրինակ՝ ինչպես Աշոտ Սաթյանին ծնեց խորհրդային համակարգը եւ հետո հասցրեց մահվան: «Հորեղբայրս մահացավ ընդամենը 51 տարեկանում: Այո, սիստեմը նրան եւ ծնեց, եւ սպանեց: Պատճառները, ըստ իս, մի քանիսն են: Նա առաջինն էր, որ գրեց լարային կվարտետ (1936թ.), առաջինն էր, որ ստացավ Ստալինյան մրցանակ, առաջինն էր, որ Չեխոսլովակիայում արժանացավ ոսկե մեդալի՝ «Սովետական Հայաստան» ֆիլմի երաժշտության համար… Միշտ էլ տաղանդավորներին միջակությունները ջանում են ստվերում պահել…»,- առանց մանրամասնելու հայտնեց Արամ Սաթյանը:

Աշոտ Սաթյանի երաժշտական բազմաժանր ժառանգությունից կարելի է եզրակացնել, որ նրա ստեղծագործության հիմնական տարերքը երաժշտության մասսայական տեսակներն էին (վոկալ-սիմֆոնիկ սյուիտներ, ռոմանսներ, կինոերաժշտություն), մասնավորապես՝ երգ: Այսօր էլ երիտասարդներն անդրադառնում են կոմպոզիտորի «Արարատյան դաշտի երգերին», վոկալ-սիմֆոնիկ «Լեռների երգը» սյուիտին, իսկ «Մարտիկի երգը» հաճախ մատուցվում է իբրեւ ժողովրդական ստեղծագործություն: Ասվածի վկայությունն է կոմպոզիտորի մասին հրատարակված սակավ մասնագիտական հոդվածներից երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ռոբերտ Աթայանի՝ Աշոտ Սաթյանի ստեղծագործական ուղուն նվիրված ծավալուն աշխատությունը: «Երգը երաժշտական արվեստի, այսպես կոչված, «փոքր» ձեւերին է պատկանում: Այդ փոքր ձեւին տիրապետելը, սակայն, մեծ դժվարությունների հետ է կապված: Երգեր շատ են ստեղծվում, բայց սովորաբար դրանցից մի քանիսն են ստացվում: Լավ երգը որքան էլ լսես, չպետք է ձանձրույթ պատճառի, կորցնի իր թարմությունը, իր համն ու հոտը: Սաթյանը՝ որպես իր անհատական ցայտուն դեմքն ունեցող կոմպոզիտոր, խոշոր երեւույթ է ոչ միայն հայկական, այլ ողջ խորհրդային երգարվեստում»,- գրում է Ռ. Աթայանը:

Կոմպոզիտորի հոբելյանի առիթով «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը հրատարակել է «Աշոտ Սաթյան» գիրքը: Կենտրոնի տնօրեն Շչորս Դավթյանը իր ներածական խոսքում ասում է, որ Սաթյանը սերում է պատմական Խնձորեսկի նշանավոր Սաթունց տոհմից, որտեղ հարգի էր ժողովրդական երգն ու երաժշտությունը. «Մովսես Սաթունցը՝ ապագա երկու խոշոր կոմպոզիտորների հայրը (նկատի ունի Աշոտ Սաթյանին եւ Արամ Սաթունցին), որին գյուղում Մոսի դայի էին անվանում, թառ ու հարմոն էր նվագում, իսկ կինը մեծ հուզականությամբ կատարում էր ժողովրդական ու գուսանական երգեր: Սաթյանի երաժշտական ժառանգությունը դժվար է գերագնահատել: Թերեւս այդ է պատճառը, որ նրա ստեղծագործությունների հրատարակությունների կողքին դժվարությամբ են հայտնվել երաժշտագիտական աշխատություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել