ՌԴ ԿԳՆ վերահսկողության դաշնային պետը խոստովանեց, որ իր երկրում դժվար ապացուցելի է կաշառատվությունը:
«Ռուսաստանում Ֆիզիկատեխնիկական ինստիտուտը արդեն երեք տարի է՝ ինչ իր դիմորդներին ընդունում է միասնական քննական համակարգով, տնտեսագիտության բարձրագույն դպրոցը 6 տարի է աշխատում այդ համակարգով, իսկ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ 3: Մոսկվայի պետական համալսարանն էլ մյուս տարվանից կանցնի միասնական համակարգի»,- ԳԹԿ-ում կայացած մամուլի ասուլիսին երեկ ասաց ՌԴ ԿԳՆ վերահսկողության դաշնային պետ Վիկտոր Բոլոտովը:
Նա անդրադարձավ նաեւ մեր հայկական միասնական քննության թեստերին: «Ինձ հատկապես հետաքրքրեց այն, որ առաջադրանքներից մեկում դիմորդները ընտրություն պիտի կատարեին «այո», «ոչ», «չգիտեմ» պատասխանների միջեւ: Եթե դիմորդն ընտրում է ճիշտ պատասխանը, նա միավոր է ստանում, եթե ոչ՝ կորցնում է: «Չգիտեմ»-ի դեպքում նրանից միավոր չի հանվում: Հոգեբանները կարծում են, որ սա ստուգում է երեխայի անկեղծությունը: Այսինքն՝ եթե նա փորձում է գուշակել պատասխանը, սխալի դեպքում պատժվում է: Ուստի պիտի անկեղծ լինի եւ ընդունի, որ այդ հարցի պատասխանը ինքը չգիտի»,- ասաց պրն Բոլոտովը: Մաթեմատիկոս, 1990-ից ՌԴ ԿԳ փոխնախարար Վ. Բոլոտովը անդրադարձավ նաեւ իրենց երկրի կրթական դաշտում գոյություն ունեցող կրթական հիմնախնդիրներին. «Ի տարբերություն Հայաստանի, յուրաքանչյուր բուհ ինքն էր կազմակերպում իր ընդունելության քննությունները, ինչը մեծացնում էր կոռուպցիոն ռիսկերը: Բուհերը աշխատում էին դիմորդների հետ՝ աչք աչքի եւ գրպան գրպանի նայելով: Կոռուպցիա կա նաեւ հանրակրթության բնագավառում: Հաճախ մեր շրջանավարտները ոսկե մեդալներ եւ ավարտական վկայականներում բարձր գնահատականներ են ստանում ոչ թե իրենց գիտելիքների, այլ ծնողների՝ դպրոցի տնօրենների հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ»: Հետո էլ ցավով նշեց. «Ոչ ոք չի կարող ո՛չ տվողի, ոչ էլ վերցնողի ձեռքը բռնել, այսինքն՝ կաշառք վերցնելու փաստը դժվար է ապացուցել: Ռուսաստանում փորձում ենք դրա դեմ պայքարել հասարակության շրջանում կատարվող հարցումների միջոցով, որն էլ իրականացնում են ոչ կառավարական կազմակերպությունները»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ գործառույթներ ունի այն կառույցը, որը ղեկավարում է Վ. Բոլոտովը: «Մենք իրականացնում ենք բուհերի լիցենզավորում, շրջանավարտների ատեստացիաներ, օգնում ենք հանձնաժողովներին՝ փորձագիտություն կատարել թեկնածուական, ասպիրանտական, դոկտորական աշխատանքների պաշտպանության ժամանակ»,- պատասխանեց նա: Հայ-ռուսական կրթական հարաբերությունների հետագա զարգացման առումով էլ հավելեց. «Ձեր ԿԳ նախարարի հետ քննարկեցինք մի նախագիծ, որը հնարավորություն կտա մեր չափանիշներով Հայաստանում իրականացնել ռուսերենից միասնական քննություն այն ուսանողների համար, ովքեր ուզում են ընդունվել ռուսաստանյան բուհեր»: