Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՒ ՊՈԵԶԸ ՎԱՂՈՒՑ ԳՆԱՑԵԼ Ա…..»

Նոյեմբեր 09,2007 00:00

Վանաձորի քաղաքապետն այսպես է պատասխանել գուսան Զաքարյանի որդուն՝ գուսանին պատկանող նկուղի վաճառքի եւ այդ վաճառքի արդյունքում մշակութային արժեքավոր իրերի անհայտացման առնչությամբ:

Վանաձորի Մովսես Խորենացու թիվ 17 շենքի պատին տեղակայված այս ցուցանակը հիշեցնում է, որ այս շենքում երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է հայտնի գուսան Սարգիս Զաքարյանը, որի երգերը լայն ժողովրդականություն ու ճանաչում ունեն: Վանաձորցի շատ արվեստագետներ նախատեսել էին ստեղծել գուսանի տուն-թանգարան, որտեղ կներկայացվեին նրա ձեռագրերը, հուշերը, պատվոգրերը, մեդալները եւ այլ անձնական իրեր: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Այս տարվա հուլիսին մահանում է գուսանի չորրորդ ժառանգը՝ Հայկասար Զաքարյանը: Մահից կարճ ժամանակ անց գուսանի մյուս որդին՝ Մկրտիչը, որը, փաստորեն, մնում է հոր միակ ժառանգը, Մոսկվայից եկել էր եղբոր մահվան առիթով եւ պարզում է, որ վաճառվել է հայրական տան նկուղը, որը գուսանն օգտագործել է 1961-ից մինչեւ մահվան օրը: Նկուղի հետ միասին երեւանցի Արսեն Զորյանին է վաճառվել նաեւ շենքի հինգ բնակիչների նկուղները: Գնորդը հավանաբար նպատակ ունի այնտեղ կառուցել գիշերային ակումբ կամ, լավագույն դեպքում, խանութ, քանի որ նկուղները քանդել է, խորացրել եւս մեկուկես մետր, ինչի պատճառով շենքի առաջին հարկերն արդեն ջուր է լցվում: Գուսանի որդին՝ Մկրտիչ Զաքարյանը, ս/թ սեպտեմբերի 20-ին դիմել է Սամվել Դարբինյանին, նկուղային այդ տարածքը վարձակալության հիմունքներով իրեն տրամադրելու խնդրանքով: Քաղաքապետը նրան կոպիտ ձեւով պատասխանել է. «Քու պոեզը վաղուց գնացել ա, չենք երկարացնում, գնա ում ուզում ես բողոքի»:

Դրանից հետո, ըստ գուսանի որդու, հոկտեմբերի 30-ի ավագանու նիստում պարոն Ս. Դարբինյանը, ապակողմնորոշելով ավագանիներին, ասել է, թե իբր գուսանի տունը վաճառված է, հետեւաբար պետք է օտարվի նաեւ նրա նկուղը: Ավագանին էլ, բանից անտեղյակ, ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել եւ շենքի 86 քմ նկուղային տարածքը, այդ թվում նաեւ գուսան Զաքարյանին պատկանող նկուղը, օտարվել է Արսեն Զորյանին: «Առավոտը» ավագանու անդամ Գայանե Քալանթարյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է անցել այս տարածքն օտարելու քվեարկությունը: Տիկին Քալանթարյանը մեզ պատասխանեց, որ ինքն այդ առնչությամբ ձեռնպահ է քվեարկել, քանի որ հարցի քննարկման ժամանակ ինչ-որ բան մութ ու անհասկանալի է մնացել իր համար: Նկուղը գուսանի համար հանդիսացել է նաեւ որպես արխիվի պահոց: Այնտեղ նա պահպանել է իր անձնական իրերը, ձեռագրերը, հուշերը, պատվոգրերը, մեդալները՝ այդ թվում նաեւ վաստակավոր արտիստի կոչման: Եվ այդ ամենն անհայտացել է նոր սեփականատիրոջ կողմից սկսած շինարարության արդյունքում:

Գուսանի որդին դիմել է Լոռու մարզի դատախազություն, եւ գործը քննում է դատախազության քննիչ Սոս Անտոնյանը, որին, սակայն, ըստ վանաձորցիների, քաղաքապետը բազմաթիվ «լավություններ է արել»՝ քաղաքում տարածքներ տրամադրելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել