Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղտաջրերի մեջ են մեծանում

Նոյեմբեր 09,2007 00:00

Քանի որ ջրմուղը գործը գլխառադ է անում, երեխաները օրերով կեղտաջրերի հետ են խաղում

«Տասը տարի է՝ կոյուղուց հոսող կեղտաջրերը մեր շենքերի մուտքերի առաջ հավաքվում են ու հակահիգիենիկ վիճակ ստեղծում: Բացի այն, որ այդ մասով անցնել հնարավոր չէ, այդ տարածքը երեխաների խաղալու միակ տեղն է»,- օրերս «Առավոտին» դժգոհեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 28 եւ 30 շենքերի բնակիչները: Նրանց պատմելով՝ կոյուղու կեղտաջրերը, հատկապես ջուրը տալու ժամերին, մոտ 300 մետր հոսում են ու մի քանի շենքերի բակեր ամբողջությամբ լցվում են գարշահոտությամբ ու կեղտով. «Չենք կարողանում մեր բնակարանների պատուհաններն անգամ մի փոքր բացել, քանի որ այդ տհաճ հոտն ու միջատները ներս են լցվում: Ինչքա՞ն կարելի է այս վիճակում ապրել: Բազմիցս դիմել ենք թաղապետարան ու համատիրություն, սակայն մի բան չեն անում, իրենց վրայից ցրում են»: Բնակիչների ներկայացմամբ՝ մի քանի անգամ դիմել են հակահամաճարակային տեսչություն՝ զգուշացնելով, որ այդ տարածքում հակասանիտարական վիճակ է: Բայց՝ անօգուտ:

Մեր այցելության պահին էլ կոյուղու կեղտաջրերը սփռված էին շենքի բակով մեկ: Իսկ այդտեղ խաղացող երեխաներն այդ կեղտաջրերի մեջ իրենց խաղալիքներն էին լվանում: Ինչը կարող է երեխաների համար առողջական լուրջ խնդիրներ ստեղծել: Ծնողների խոսքերով՝ «Մենք չենք կարող ամեն վայրկյան երեխաների կողքին լինել, ինչքան էլ ասենք, որ էդտեղից հեռու խաղան, միեւնույն է, էլի մտնում են էդ ջրերի մեջ, քանի որ խաղալու ուրիշ տեղ չունեն»: Օհանովի 30 շենքի բնակիչներից մեկի պատմելով՝ սանէպիդծառայություն դիմելուց հետո, «Երեւան ջրից» եկել են ու որոշ աշխատանքներ կատարել, բացատրելով, որ խցանումից է կոյուղին դուրս թափվում. «Խողովակից տրյապկա հանեցին ու հարցը լուծված համարեցին: Ընդամենը 3 օր տեւեց էդ մաքրությունը ու տենց՝ շաբաթը մեկ գալիս են մաքրում, հետո 2 օրից նորից կանչում ենք: Չե՞ն կարողանում կարգին գործ անեն, որ էս կեղտերից պրծնենք»:

Բնակիչները ստիպված մուտքերի առջեւ փալասներ են փռել, որպեսզի կեղտաջրերը տուն չտեղափոխեն: Կոյուղու պարունակությունը, բացի այն, որ հոսում է փողոցով, լցվում է նաեւ Օհանովի 28 եւ 30 շենքերի հարեւանությամբ գտնվող Անդրանիկի 13 շենքի նկուղը: Այս շենքի բնակիչներն էլ դժգոհեցին, որ իրենք այնտեղ սնունդ են պահում, իսկ կեղտաջրերը դրանք փչացնում են. «Ինչքան կարողանում ենք՝ մաքրում ենք, բայց էլ հնարավոր չի, հոտերն ու զիբիլը մինչեւ տուն են հասնում: Խոլերայի բուն է»:

Բնակիչները շատ վրդովված են նաեւ այն բանի համար, որ իրենք կոմունալ վարձերը բարեխղճորեն վճարում են, իսկ ջրմուղի աշխատակիցները գալիս են ու գործը գլխառադ անում:

Նկատենք, որ բնակիչների՝ երթեւե կության համար կանգառ տանող միակ ճանապարհն էլ է կեղտաջրերով լցված. աստիճաններին ու մայթերին ամբողջովին կոյուղու պարունակությունն է: «Մենք ստիպված այգու միջով ենք ճանապարհ բացել ու այդ հատվածով ենք անցուդարձ անում, բայց երբ անձրեւներ են լինում՝ ցեխի պատճառով այգով էլ հնարավոր չէ անցնել»,- դժգոհեցին այդ թաղամասի բնակիչները:

Այս առնչությամբ «Առավոտին» «Երեւան ջուր» ընկերությունից էլ հաստատեցին, որ Օհանովի 28 եւ 30 շենքերից իրենք բողոք գրանցել են, որով արդեն զբաղվել են: Մեր այն դիտարկմանը, թե նշյալ հասցեում խցանումները հաճախակի են լինում եւ շատ հնարավոր է, որ ջրմուղի աշխատակիցները լիարժեք չեն վերանորոգում, ընկերությունից ասացին. «Նման խնդիրների մասին մենք տեղեկանում ենք համատիրություններից, իսկ մեզ մոտ հոկտեմբեր ամսվա մեջ ընդամենը մեկ բողոք է գրանցված: Խցանումների պատճառը պարզելու համար ժամանակ է հարկավոր: Իսկ մենք չունենք փաստեր, որ այնտեղ շատ հաճախ է լինում նման խնդիրներ, կամ որ այդտեղ թիրախային շենք կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել