Եվ անհրաժեշտ է համարում տարածաշրջանում Հայաստանի լիդերության վերականգնումը
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչն է եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա տասնամյակներում կշարունակի մնալ այդպիսին»,- այս կարծիքին է ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը՝ անկախ մեր հասարակության տարբեր շերտերում առկա այլեւայլ մոտեցումներից ու կարծիքներից: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել առաջին նախագահի առաջադրումից: «Մի շատ դրական արդյունք արդեն կա՝ աճում է մարդկանց քաղաքական գիտակցությունը, մեռած կամ սպանված քաղաքական կյանքը սկսում է կենդանանալ, եւ հասարակությունը սկսում է լրջորեն անդրադառնալ մեր երկրի առաջ կանգնած կարեւոր, նաեւ բարդ խնդիրներին եւ դրանց հնարավոր լուծումներին: Այնպես որ, գործընթացն ինքնին ես համարում եմ շատ դրական»,- գտնում է մեր զրուցակիցը: Նաեւ՝ «Կա մի մեծ խնդիր, որ հասարակական քննարկումների համար, բացի մի քանի թերթերից եւ միտինգային հարթակներից, այլ վայրեր չկան, քանի որ իշխանությունը, առաջնորդվելով սովետական մեթոդաբանությամբ, արգելում է հեռուստաեթերում հավասար պայմանների հնարավորությունը, փոխարենը եթերը լցնելով տարատեսակ «աղբով»,- ասում է Վ. Փափազյանը:
Վահան Փափազյանի համար նույնպես զարմանալի եւ անհասկանալի են Ռոբերտ Քոչարյանի նյարդային արձագանքները՝ Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված: Պատճառը մեր զրուցակիցը համարում է թերեւս այն, որ Քոչարյանի եւ ընդհանրապես իշխանության համար առաջին նախագահի առաջադրումը անսպասելի էր. «Բայց դա ընդամենը մեկ-երկու ժամվա հոգեբանական խնդիր կարող էր լինել, որը հետագայում պետք է որ չշարունակվեր, սակայն չի դադարել մինչեւ այսօր, ինչը նշանակում է, որ իշխանության ժառանգական փոխանցման հետ կապված լուրջ բարդություններ են ծագում»: Այն, որ ոմանց կարծիքով Տեր-Պետրոսյանը հաղթելու ռեսուրս չունի, մեր զրուցակիցը դիտարկում է այս տեսանկյունից. «Եթե խոսքը նյութական ռեսուրսների մասին է, ապա, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանին, գոնե այս պահին, վտանգավոր մրցակից դժվար է համարել: Բայց հիմա նման հարցադրում անելն իսկ ճիշտ չէ, որովհետեւ հարցն այն է, թե ինչպիսի հասարակական աջակցություն ունի առաջին նախագահը: Երբ կառաջանա լայն հասարակական աջակցություն, ապա մնացած հարցերը դառնում են երկրորդական կամ նույնիսկ տասներորդական: Այն, որ հասարակական գիտակցությունն աճելու է եւ համապատասխանաբար աճելու է աջակիցների ու համակիրների զանգվածը, կասկածի ենթակա չէ: Իհարկե, պարզ է, որ աճելու է նաեւ հակաքարոզչությունը եւ կիրառվելու են բոլոր հնարավոր օրինական եւ ոչ օրինական մեթոդներն ու «ուղեղների լվացման» նորանոր ձեւեր են ի հայտ գալու: Բայց, ինչպես հայտնի է, ով ուղեղ ունի, չի հանդուրժի, որ իրեն ենթարկեն նման ստորացուցիչ «պրոցեդուրայի»:
Մեր հարցին, թե Վ. Փափազյանն անձամբ ի՞նչ սպասումներ ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից, ՀՀ նախկին արտգործնախարարն ասաց. «Իմ սպասումները կապված են Հայաստանում քաղաքական մտքի վերականգնման հետ, երբ թեկուզ փոքր, բայց հնարավորություն է ստեղծվում քաղաքական մրցակցության ճանապարհով քննարկել երկրի առաջ կանգնած բոլոր հարցերը եւ հստակեցնել դրանց լուծման ուղիները»:
Ամսի 26-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարեց, որ Հայաստանի հաջորդ նախագահը պարտավոր է լուծել ԼՂՀ հարցը: Քանի որ մեր զրուցակիցը ժամանակին ղեկավարել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը եւ ամենայն մանրամասներով է ծանոթ հարցին, հետաքրքրվեցինք՝ արդյոք իրավիճակը օրհասակա՞ն է. «Վիճակն իսկապես խիստ մտահոգիչ է: Ես հիմա իմաստ չեմ տեսնում մտնել դիվանագիտական ձեւակերպումների համեմատական վերլուծության մեջ: Այս պահին հարցը նույնիսկ դիվանագիտությունը չէ, այլ այն, որ անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի կորսված դիրքերը եւ վերադարձնել ԼՂՀ-ն բանակցությունների սեղանի շուրջ: Նորից դառնալ մեր տարածաշրջանի լիդերը, ինչպես էր բավականին երկար ժամանակ՝ հեշտ չի լինելու: Սակայն ինչ-որ չափով վերականգնել կորսվածը՝ հնարավոր է: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր ելույթում նման ակնարկ արեց, ասելով, որ առաջին հերթին պետք է մաքրել սեփական ախոռները, ինչի հետ ես լիովին համաձայն եմ: Միայն իսկապես ուժեղ դիրքեր ունեցող Հայաստանն է ունակ Ղարաբաղի հարցում ձեռք բերել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծում»: