Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ երկրների մարզական ղեկավարները՝ Հայաստանում

Նոյեմբեր 08,2007 00:00

Անցած տարի Ռիգայում կայացած եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հավաքում հարց էր բարձրացվել Պեկինի օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրների մարզական ղեկավարների խորհրդակցություն կազմակերպելու անհրաժեշտության մասին, որը հյուրընկալելու պատիվը Վրաստանի եւ Մոլդովայի հետ մրցակցությունում տրվել էր Հայաստանին:

Երեկ բոլոր այդ երկրների ՕԿ-ների ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից, Թուրքմենիայից եւ Էստոնիայից, հավաքվել էին Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ «Պեկին 2008»-ի կազմկոմիտեի ներկայացուցիչները, որոնք մանրամասն պատմեցին օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ Խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Ողջունելով գործընկերներին՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հետեւյալն է. մեր երկրի դռները բաց են աշխարհի ցանկացած երկրի մարզիկների ու մասնագետների առջեւ, ինչը նաեւ ակնկալվում է նրանց կողմից, եւ սերտ համագործակցությունն անպայման իր պտուղները տալիս է:

Հավաքի մասնակիցները քննարկեցին փորձի փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու անհրաժեշտության, մարզական բժշկության ոլորտում տեղեկատվության փոխանակման եւ այլ խնդիրներ: Երեկ նաեւ համագործակցության պայմանագիր ստորագրվեց Հայաստանի եւ Մոլդովայի ազգային օլիմպիական կոմիտեների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել