Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՌԱՑՈՂ ՇԱՄԻՐԱՄ ԵՎ ԽՂՃՈՒԿ ԱՐԱ

Նոյեմբեր 08,2007 00:00

 Հ1-ի ռեժիսոր Դավիթ Հարությունյանի ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի թատերական նախագիծը սովորական գորշ ներկայացումն էր:

Նոյեմբերի 6-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգության հիման վրա՝ հեռուստատեսային ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրած «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման պրեմիերան: Նախագծի պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, երաժշտության հեղինակը՝ Արման էլբերտը:

Արա Գեղեցիկին մարմնավորել էր Խորեն Լեւոնյանը, Շամիրամին՝ հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, Նինոսին՝ Արտաշես Ալեքսանյանը, Նուարդին՝ Մարջիկ Ավետիսյանը, արքայամորը՝ Թամար Աբրահամյանը: Բեմադրության հեղինակները ճգնել էին անել առավելագույնը՝ գեղեցիկ ձեւավորում, համահունչ դեկորներ, շքեղ հագուստներ, իհարկե միայն Շամիրամ-Նազենիի համար, սակայն ներկայացումը այդպես էլ չէր ստացվել: Ինչո՞ւ, որովհետեւ պակասում էր իսկական խաղը:

«Արա Գեղեցիկ եւ Շամիրամում» փայլեց միայն Նինոս-Արտաշես Ալեքսանյանը, եւ իրական բրավոները հենց նրան էլ ուղղված էին: Քիչ թե շատ հաջողված էր Մարջիկ Ավետիսյանի խաղը, ինչը բնական է: Ե՛վ նա, ե՛ւ Ա. Ալեքսանյանը մեծ բեմի՝ ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ են, ի տարբերություն ոմանց:

Չնայած շքեղ հանդերձներին ու արտաքինին, Նազենի Հովհաննիսյանն իբրեւ Շամիրամ խղճուկ էր: Ըստ Զարյանի, Շամիրամը հզոր է, ինքնիշխան, գեղեցիկ, կամային, խորամանկ, նա մեծացել է քարայրներում, որտեղ նրան սնել են վագրի կաթով: Իսկ Նազենին Շամիրամ էր խաղում հեռուստահաղորդման մակարդակով, եւ իր հերոսուհուն համապատասխան «շեշտադրումներով» օժտելու համար ընդամենը գոռում էր բեմի վրա, արդյունքում՝ առաջին գործողության առաջին 15 րոպեին նրա ձայնը խզվեց: «Նորաթուխ» Շամիրամը բեմում չէր երեւում, նա ազդեցիկ չէր, չէր հուզում…

Խորեն Լեւոնյանը, ի տարբերություն իր պապի՝ սիրված դերասան Խորեն Աբրահամյանի, այդպես էլ չկարողացավ «կյանք տալ» հայեցիության, հայրենասիրության, ազատատենչության, վսեմության, հպարտության, նաեւ առնականության մարմնացում Արա Գեղեցիկին: Խորենի Արան շա՜տ տղայական էր… Ոչ ոք չի պնդում, թե արքաները չեն կարող տուրք տալ բոլոր մահկանացուներին բնորոշ թուլություններին կամ չերերալ գեղեցիկ կնոջ շլացքից ու գայթակղիչ ակնարկներից: Բայց նրանք, գոնե բեմի վրա, իրենց արքայավայել պիտի պահեն:

Փառահեղ էր Ասորեստանի թագավոր Նինոսը՝ ե՛ւ իբրեւ տիրակալ, ե՛ւ որպես սիրող ամուսին: Շատ համոզիչ էր խաղում Ա. Ալեքսանյանը: Հուզիչ էր նաեւ նրա՝ խաբված ամուսնու տառապանքը, երբ Շամիրամին հաճոյանալու համար նրան մեկ օրով նշանակում է Ասորեստանի թագուհի, իսկ նենգ կինը ազատվում է իրեն խանգարողներից, այդ թվում՝ Նինոսից:

Ռեժիսորը փորձել էր ինքնատիպ երեւալ, իբր ինչ-ինչ հնարքների դիմել, սակայն դա նրան չէր հաջողվել: Կային էստեղից-էնտեղից «արտագրված» տարրեր, օրինակ՝ այն «տրյուկը», որ հերոսուհու զգեստի երկար փեշը մեկ էլ կարող է վերածվել յուրօրինակ դեկորի, շատ տարածված է հատկապես շոու-բիզնեսում: Այնպես որ, հանդիսատեսին ամենեւին էլ նորություն չէր «հրամցվում»:

Ներկայացման մեջ մեկ պատկերվում է Ասորեստանը, մեկ Հայաստանը: Ռեժիսորը, օրինակ, հայկական կոլորիտ ստնալու համար բեմի վրա քոչարի է պարացնում բոլոր «հայաստանցիներին», ինչը շատ պրիմիտիվ է: Կամ, չգիտես ինչու, Նուարդը եւ արքայամայրը միշտ նույն զգեստով են, իսկ Շամիրամը, ինչ է թե Հ1-ի «կաստայից» է, անընդհատ փոխում է ճոխ հանդերձները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել