Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության կանխավարկածը խախտված է

Նոյեմբեր 08,2007 00:00

Քննարկումներ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագծի շուրջ

Երեկ արդարադատության նախարարության մամուլի սրահում PR-ասոցիացիան կազմակերպել էր քննարկում՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագծի հետ կապված: Օրինագիծը ԱԺ-ում մեծ աղմուկ է հանել: Հիշեցնենք, որ նոր մարմինը պետք է քննի օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները, իրականացնի նախաքննություն՝ ընտրական գործընթացների հետ կապված: Երեկվա քննարկմանը մասնակցում էին տասնյակ հասարակական կազմակերպություններ:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց այն հարցադրումները, որոնք ծագել ՀՀ ԱԺ-ում, որտեղ առաջին ընթերցմամբ օրեր առաջ ընդունվել էր օրինագիծը: Նախարարի տպավորությամբ, պատգամավորների «ոչ բավարար եւ թյուրըմբռնման» արդյունքում ձեւավորվեց մի կարծիք, թե ստեղծվելիք մարմինը սահմանադրական չէ: «Շատ հաճախ պատգամավորները ներկայացնում էին դրույթներ, որոնք ընդհանուր եզրեր չունեին ԱԺ ներկայացված օրինագծի հետ»,- ասաց նա:

Գ. Դանիելյանը հիշեց, որ տարիներ առաջ Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջարկում էր ստեղծել «հատուկ»՝ հակակոռուպցիոն մի հանձնաժողով, որը խախտում էր վստահության կանխավարկածը: Գ. Դանիելյանը մեջ բերեց գործող Սահմանադրության այն հոդվածը, ըստ որի՝ իշխանությունն իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Նա ասաց, որ պետական մարմինները թվարկված չեն, չնայած տասնյակի հասնող պետական գործող մարմիններ կան: Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ կառավարությանն առընթեր հանձնաժողովներն ու մարմինները: Նախարարը համաձայն չէր նաեւ այն կարծիքի հետ, թե վերոհիշյալ օրենքով գլխավոր դատախազի լիազորությունները կընդլայնվեն: Այս օրենքով սահմանված էր, որ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են ՀՀ գլխավոր դատախազն ու նրա կողմից լիազորված դատախազները: Գ. Դանիելյանը Սահմանադրության 103 հոդվածին հղում անելով, հարցրեց հասարակական կազմակերպություններին. գլխավոր դատախազը կարո՞ղ է կենսաթոշակ տալ: 103 հոդվածում չկա այդ մասին, բայց դա չի նշանակում, թե գլխավոր դատախազն այդ գործառույթը չի իրականացնում:

«Աքիլլես» հասարակական կազմակերպությանը հետաքրքրում էր օրինագծի ընդունման նպատակը: Նախարարը պատասխանեց, որ քննչական ապարատը դատախազությունից պետք է հանվի: Նրա տեղեկացմամբ, այս նոր օրենքի ընդունումը կապ չունի ընտրությունների հետ, այլ կապ ունի դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի ավարտի հետ:

«Արազա» եւ «Սախարովի անվան հիմնադրամ» հասարակական կազմակերպություններին էլ հետաքրքրում էր, թե ո՞վ է պատասխանատու լինելու օրենքի իրականացման համար: Դրան հետեւեց ընդհանրական պատասխանը՝ բոլորս: Տեսականորեն ընդունենք, որ ՀՀ նախագահը կատարել է պետական հանցագործություն: Արդյոք քննիչի վրա ճնշում չի՞ գործադրվի: Հ/կ-ների այս հարցին էլ, նախարարը պատասխանեց. «Մեկ այլ քննիչի դեպքում չի՞ լինի ճնշում» հարցով: Եվ պնդեց, որ այս մարմինը լիովին անկախ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել