Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԱՉՈՏՆԻԿՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Նոյեմբեր 08,2007 00:00

Կրեդիտային համակարգի նորամուծություններից հայաստանյան բուհերի ուսանողները առայժմ բան չեն հասկանում

«Որ իմանաք, թե ինչ է կրեդիտային համակարգը, մեզ էլ կասեք, լա՞վ»,- Ագրարային համալսարանի ուսանողուհի Անուշ Հայրապետյանն այսպես պատասխանեց «Առավոտի» հարցին, թե կրեդիտային համակարգի մասին ինչ գիտեն ուսանողները:

ԵՊՀ ուսանողուհի Անի Սարգսյանն էլ նշեց. «Կրեդիտային համակարգի բերած նորությունն այն է, որ մեծացել է բացակայությունների հանդեպ խստությունը, քանի որ վերջնական գնահատականը հիմնականում ձեւավորվելու է դասին ներկա գտնվելու համար ստացած միավորներով»: Տնտեսագիտականի ուսանողներից Արամ Հովսեփյանն էլ նկատեց. «Դասախոսներն են մեզ հարցնում, թե այս նոր համակարգով ուսանողներին ինչպես են գնահատելու….եթե նույնիսկ նրանք գլուխ չեն հանում կրեդիտային համակարգից, մենք որտեղի՞ց հասկանանք»:

Ուսանողներին եւ դասախոսներին իրազեկելու գործով զբաղվում են բուհերում նշանակված պատասխանատուները, որոնք ներգրավված են ԿԳ նախարարությունում ձեւավորված հատուկ աշխատանքային խմբում:

Զրուցելով բուհերի պատասխանատուների հետ՝ պարզեցինք, որ կրեդիտային համակարգի իրականացման ընդհանուր մոդել Հայաստանում գոյություն չունի: Մեր բուհերն այն իրականացնում են իրենց հարմարություններին համապատասխան, դասավանդվող առարկաների առանձնահատկություններից ելնելով: ՀՊՃՀ-ում կրեդիտայինի անցել են մի քանի տարի առաջ: Այժմ այս բուհի բակալավրիատում էլ են սովորում այս համակարգով: Բայց մյուս բուհերում դեռ նոր-նոր են սկսել կիրառել այս համակարգը եւ միայն մագիստրատուրայում: «Պետք էլ չէ, որ դրա ընդհանուր մոդելը լինի բուհերում: Բայց որոշ ընդհանրություններ կան: Օրինակ՝ այն, որ ուսանողը տարվա մեջ 60 կրեդիտ պիտի հավաքի, մագիստրոսների որակավորման համար անհրաժեշտ է 120 կրեդիտ, բակալավրի համար՝ 240: Սա ընդհանուր է Բոլոնիայի հռչակագիրը ստորագրած 45 երկրների համար»,- նկատեց ՀՊՃՀ պրոռեկտոր, ԿԳՆ Բոլոնիայի գործընթացի իրականացման կոորդինացնող հանձնախմբի անդամ Ռուբեն Աղգաշյանը: Նոր կրթական համակարգի համաձայն՝ յուրաքանչյուր առարկա յուրաքանչյուր բուհում ունի իր հստակ գինը՝ կրեդիտը, որը ուսանողը կստանա, եթե հաղթահարի քննությունը: Բայց սրան զուգահեռ՝ գործում է նաեւ ռեյտինգավորման համակարգը: Այսինքն՝ միավորների միջոցով պարզվում է, թե ուսանողն այդ կրեդիտը ինչ կերպ է վաստակել՝ միայն «3»-ներ ստանալով, թե՝ գերազանց գնահատականներով: Ռեյտինգավորման համակարգն էլ է տարբեր մեր բուհերում: ՀՊՃՀ-ում այն 100 միավորանոց սանդղակով է որոշվում: Օրինակ՝ 86-100-ը «գերազանցն» է, 66-80-ը՝ «լավը», 45-60-ը՝ «բավարարը»: Սրանք վերջում համապատասխանեցվելու են միջազգային «A+»,«A-» համակարգին:

Մեր երկրում կիրառվում է կրեդիտային համակարգի եվրոպական մոդելը: Ըստ դրա՝ կրեդիտ հասկացությունն այսպես են սահմանում: «Կրեդիտը որոշակի միավոր է, որի հետեւում կանգնած է ուսանողի ժամային աշխատաչափը»,- ասաց Ռ. Աղգաշյանը: ԵՊՀ համալսարանական կրթության զարգացման վարչության պետ Սամվել Կարաբեկյանն էլ նշեց. «Կրեդիտը ուսանողի ուսումնական աշխատատարությունը հաշվարկելու պայմանական միավոր է: Մեկ կրեդիտը հավասար է լսարանային եւ ինքնուրույն աշխատանքին տրամադրված 30 ժամի»: ՀՀ բուհերում տարբեր են նաեւ գնահատման համակարգերը: ԵՊՀ-ում այն կատարվում է 20 միավորանոց սանդղակով, ՀՊՃՀ-ում, Տնտեսագիտական, Ագրարային համալսարաններում՝ 100 միավորանոցով: Եթե ՀՊՃՀ-ում 100 միավորը ձեւավորվում է լաբորատոր աշխատանքների, պրակտիկ-գործնական դասերի եւ վերջնական քննության միջոցով, ԵՊՀ-ում՝ հաշվի են առնում նաեւ հաճախումները: «Այն ուսանողը, որն ընդհանրապես չի բացակայել տվյալ առարկայից, ընդամենը չորս միավոր կարող է վաստակել: Յուրաքանչյուր «ներկայի» համար նրան տրվում է 0.25 միավոր: Մնացածը նա ձեռք է բերում ընթացիկ ստուգումների, գրավոր աշխատանքների միջոցով»,- հստակեցրեց Ս. Կարաբեկյանը: Նա նշեց կրեդիտային համակարգի բերած նորություններից մեկը. «Եթե ուսանողը տվյալ առարկայից հավաքել է 4-ից ավելի միավոր, նրան կթույլատրվի մեկ անգամ եւս քննություն հանձնել: 4-ից պակաս հավաքելու դեպքում պարտավորված կլինի կրկնել դասընթացը»: Նորություն է նաեւ այն, որ ստուգման գրքույկ կամ «զաչոտնիկ» հասկացությունը դուրս է եկել շրջանառությունից: «Պատրաստել ենք գնահատման թերթիկներ, որտեղ նշած են տարբեր առարկաների աշխատաձեւերի դաշտերը: Դրանք լրացվելու են ավարտական քննության նիշը դնելուց հետո, եւ բերվելու է ընդհանուր հանրագումարի: Թերթիկից կունենա եւ դասախոսը, եւ ուսանողը: Վերջինս այն կարող է պահել իր մոտ, իսկ դասախոսը այն հանձնելու է ծրագրի ղեկավարին»,- հայտնեց Ս. Կարաբեկյանը: Կրեդիտային համակարգը ենթադրում է, որ ԵՊՀ ուսանողը կարող է իր կրեդիտների մի մասը ձեռք բերել Բեռլինի համալսարանում, մյուսը՝ Ամստերդամի, եւ այսպես շարունակ, սակայն փաստենք, որ ՀՀ-ում դեռ ԵՊՀ-ի կրեդիտը չի ճանաչվում, օրինակ, ՀՊՃՀ-ի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել