Լրահոս
Օրվա լրահոսը

Գետառը փակել չի կարելի

Նոյեմբեր 08,2007 00:00

Պնդում են մի շարք բնապահպաններ ու հիդրոլոգներ

Այս տարի գարնանը Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվեց Գետառ գետի փակման շինարարական աշխատանքները, որպեսզի Նորք գնացող վարորդները, առանց ավելորդ կանգառների, կարողանան միանգամից դուրս գալ Հերացու փողոց: Այս առնչությամբ երեկ մի շարք մասնագետներ ասուլիս էին հրավիրել եւ պնդում էին, որ գետը փակի տակ առնելու քաղաքապետարանի մտադրությունը անհեթեթություն է, իսկ շինարարությունն անօրինական է իրականացվում, քանի որ անգամ բնապահպանական փորձաքննություն չի անցել: Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանի խոսքերով. «Գետառի հարցը մեր ինստիտուտում չի ուսումնասիրվել, «Ջերմնախագիծը» նույնպես չի ուսումնասիրել այս հարցը, իսկ այլ տեղեր հիդրոլոգներ չկան, որպեսզի կարողանան ճիշտ ուսումնասիրել եւ եզրակացություն տալ: Ես աչքովս եմ տեսել, որ 1946 թվականին Գետառն ինչպես էր վարարել եւ ավերել ամբողջ կենտրոնական փողոցները: Այդ ամենը կրկնվել է նաեւ 1947-ին եւ 1950-ին, սակայն ամենահզորը առաջինն էր: Խորհրդային ժամանակաշրջանում այս հարցի լուծման համար հանձնաժողով կազմվեց եւ այն որոշեց այժմյան Ավան-Առինջ թաղամասի վերջնամասում ժամանակավոր կարգավորիչ ստեղծել, որը կարգավորիչ պատվար հանդիսացավ հետագա վարարումների համար: Այս կարգավորիչը ժամանակ առ ժամանակ մաքրում էին, սակայն հիմա այն շինարարական աղբով այնքան է լցվել, որ դիմացի ափը չի երեւում: Եթե հիմա այդ մասում ճանապարհ են կառուցում, պետք է նաեւ մտածեն այդ աղբը վերացնելու մասին»:

Պարոն Մանուկյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից նրան պատասխանել են, որ Սեւաբերդի ջրամբարը լրիվ լուծում է այդ հարցը, սակայն պարոն Մանուկյանը պարզաբանեց, որ այդ ջրամբարը լուծում է միայն Գետառի մի վտակի հարցը: Ասուլիսին ներկա «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանն էլ նույն հարցին անդրադարձավ բնապահպանական տեսանկյունից. «Առանց այդ էլ գետը մաքուր չէ, այն մտցնում են փակ խողովակի մեջ: Գետը մաքրվում է օդի միջոցով, եթե այն փակեն՝ կընթանա նեխման գործընթաց: Մենք ապրում ենք քարի, ապակու, բետոնի ու ասֆալտի քաղաքում, մեզ մոտ չեն մտածում բնական լանդշաֆտը պահպանելու մասին»: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հ/կ-ի նախագահ Սոնա Այվազյանն էլ ասաց, որ այս անօրինական շինարարության համար իրականում կան վերահսկող մարմիններ, որոնք, սակայն, աչք են փակում այս ամենի վրա. «Սա նաեւ պաշտոնեական դիրքի չարաշահում է: Մենք այս հարցերով դիմել ենք քաղաքապետարան, մեզ այնտեղից պատասխանեցին, որ Երեւանի գլխավոր հատակագծով Գետառը պետք է փակ լինի, սակայն մենք ուսումնասիրել ենք գլխավոր հատակագիծը եւ այնտեղ Գետառը բաց է ներկայացված»: Նա ասաց նաեւ, որ Գետառի վրա կատարվող շինարարությունը չի անցել բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն, բացի այդ, այսքան ճանապարհների քանդում նախատեսված չի եղել:

«Ակնհայտ է, որ սա նախագահական ընտրությունների հետ անմիջական կապ ունի»,- ասաց Ս. Այվազյանը: «Երեւաննախագիծ» ինստիտուտից էլ հ/կ-ին տեղեկացրել են, որ օրեցօր ավելացող տրանսպորտային հոսքերը անհրաժեշտություն ստեղծեցին, որ Գետառի վրայով ճանապարհ կառուցվի մինչեւ Հերացու փողոց: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ Երեւանի գոտիավորման նախագիծն արդեն անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները. «Այդ նախագծի մեջ եղել է Գետառի փակումը, այդ պատճառով էլ մենք 2-րդ անգամ այն փորձաքննության չենք ենթարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել