Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՆՑՔՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՉԷՐ»

Նոյեմբեր 08,2007 00:00

Ի պատասխան վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

Երեկ հայաստանյան թերթերը անդրադարձել են «Los Angeles Times» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամների հետ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասներին՝ մեջբերելով ամերիկյան այս թերթի՝ հոկտեմբերի 19-ի համարում այդ հանդիպման հրապարակված սղագրությունը: Ըստ այդմ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու այն հարցին, թե ի՞նչ դեր ունի կրոնը Հայաստանի՝ մահմեդական հարեւանների հետ խնդիրներ ունենալու համատեքստում, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանն ասել է. «Մենք երկար ժամանակ խուսափել ենք այս գործոնը հաշվի առնելուց եւ դրա մասին խոսելուց: Եվ ոչ միայն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների պարագայում, այլեւ՝ հարեւան Ադրբեջանի: Սակայն հակառակ մեր ցանկության, այդ գործոնը գոյություն ունի, եւ այն բավական մեծ է: Այդ գործոնը լուրջ է: Երբ մենք այդ գործոնը դիտարկում ենք հազարամյակների կտրվածքով, գուցե սա մեր հակամարտության միակ պատճառն է: Մեզնից Արեւելք քրիստոնյաներ չկան, եւ եթե կարելի է ասել, մենք գտնվում ենք քրիստոնեության եզրին: Բայց եզրը ունի ամորտիզացիոն խնդիրներ: Եվ հազարավոր տարիների ընթացքում մենք մաշվում էինք»: Ապա վերադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ վարչապետը նշել է. «Ղարաբաղի հարցի առումով մենք ունենք խնդիր: Գուցե մենք աշխարհի այն հազվագյուտ ժողովուրդներից ենք, որը Ղարաբաղի դեպքում մահմեդական մեծամասնությանը ենթակա քրիստոնյա փոքրամասնությունն է: Եվ այստեղ նույնպես այս գործոնը շատ կարեւոր դեր ունի: Կրկին ցանկանում եմ նշել, որ այս գործոնը առկա է»:

Արձագանքելով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Առավոտին» ասաց, որ վարչապետի հիշյալ հայտարարության մասին թերթերում է կարդացել. «Անկեղծ ասած, նույնիսկ հավատս չի գալիս, որ Ս. Սարգսյանն իսկապես նման բան է ասել, որովհետեւ դա ոչ միայն չի համապատասխանում ճշմարտությանը, այլեւ շատ վտանգավոր հայտարարություն է, որը սպառնում է մեր պետական եւ ազգային անվտանգությանը, նաեւ Արեւելքում ապրող հայերի անվտանգությանը»: «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ Վ. Մանուկյանը հիշեցրեց, որ ժամանակին ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ տարբեր այլ ուժերի կողմից ղարաբաղյան շարժման դեմ ուղղված քարոզչության առանցքը հե՛նց այն էր, որ փորձ էր արվում այդ շարժումը եւ Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարը ներկայացնել որպես կրոնական: «Սակայն ղարաբաղյան շարժման ողջ կարեւորությունը, մեր տարած հաղթանակները խարսխված էին ազգերի ինքնորոշման, մարդու ազատության ու իրավունքի վրա, եւ այդ շարժման առանցքն ամենեւին էլ կրոնական չէր եւ չէ: Ղարաբաղյան շարժումը աշխարհն ընկալեց ոչ միայն այն պատճառով, որ մենք խնդիրը ներկայացնում էինք իբրեւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց, այլ որովհետեւ իսկապես դա այդպես էր: Մենք թույլ չտվեցինք, որ որոշ ուժեր այդ շարժումը հանկարծակի բերեն ու հանգեցնեն զուտ էթնիկական կամ կրոնական բախումների համատեքստ»,- արձանագրեց ԱԺՄ նախագահը: Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի հարեւան պետություններից մեկն էլ Իրանն է, որը ոչ միայն մահմեդական, այլեւ ֆունդամենտալիստական երկիր է համարվում, եւ որի հետ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի, որտեղ ապրող հայերը հավասարապես օգտվում են այդ երկրի քաղաքացու լիիրավ իրավունքներից, որտեղ հայազգիները կրոնական որեւէ ճնշման չեն ենթարկվում:

Պարոն Մանուկյանի մատուցմամբ, կրոնական տարբեր համայնքներում միշտ էլ կան մարգինալ խմբեր ու շարժումներ, որոնք կուզենային կրոնական հակամարտություններ հրահրել, բայց աշխարհը գնում է այլ ուղղությամբ, եւ «մեզ պետք չէ դիմացիններին ներշնչել, թե Հայաստանն այնպիսի պետություն է, որն իր զարգացման, քաղաքական պայքարի, դեպի ազատություն ու անկախություն ձգտման հիմքը կրոնն է համարում»: «Եթե շարքային քաղաքացի դա ասեր՝ ես էլի վատ կվերաբերեի դրան: Եթե նման բան ասած լիներ մի մարգինալ կազմակերպություն, ապա դա բազմակարծության համատեքստում դեռ կարող էր տեղավորվել, բայց երբ դա ասում է պետության ղեկավարներից մեկը՝ լրիվ այլ բան է նշանակում: Դա ուղղակի հարվածում է մեր պետությանը»,- ասաց ԱԺՄ նախագահը:

Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, ԱՄՆ-ում եւ ընդհանրապես՝ միջազգային հանրության շրջանում Ս. Սարգսյանի այդ հայտարարությունը արդյոք կարո՞ղ է լուրջ ընդունվել եւ հետեւանքներ ունենալ, պարոն Մանուկյանն ասաց, թե՝ բոլոր դեպքերում այդպիսի հայտարարություններով եզրակացություններ են արվում մեր երկրի մասին, «որովհետեւ Ս. Սարգսյանը պատահական մարդ չի: Նա երկրի վարչապետ է եւ նախագահի թեկնածու»: Ի դեպ, ԱԺՄ նախագահի համոզմամբ, Ս. Սարգսյանի սույն վտանգավոր հայտարարությունը ոչ թե լեզվի սայթաքում է, այլ չիմացության արդյունք:

Երեկ փորձեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից ճշտել, թե արդյոք Ս. Սարգսյանի այս հայտարարությունը մամուլը ճի՞շտ է մեջբերել, պարոն Շարմազանովն ասաց, թե՝ քանի որ Ս. Սարգսյանը ԱՄՆ էր այցելել ոչ թե որպես ՀՀԿ նախագահ, այլ՝ ՀՀ վարչապետ, ուստի՝ այդ հարցով հարկ է դիմել ՀՀ կառավարության մամուլի խոսնակին: Վերջինիս կամ կառավարության որեւէ այլ իրավասուի պարզաբանումն ակնկալում ենք ստանալ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել