Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միշոն ջարդեց ցուցարարներին

Նոյեմբեր 08,2007 00:00

Երեկ, առավոտյան ժամը 8-ին, ոստիկանությունը սկսել է ցրել Վրաստանի խորհրդարանի առջեւ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է «Արմինֆոն», վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, այդ պահին խորհրդարանի առջեւ եղել են միայն հացադուլի մասնակիցները եւ ընդդիմության ակտիվիստները: Հանրահավաքը պետք է վերսկսվեր ժամը 14-ին: Խորհրդարանի առջեւ նախ հայտնվել են աղբահավաք մեքենաներ, որոնց ետեւից եկել են շուրջ 150 ոստիկաններ: Նրանք լրագրողներից խլել են տեսախցիկները, իսկ օպերատորներից ոմանց նկատմամբ բռնություն է գործադրվել: Ապա ոստիկանները հացադուլավորներին տարել են անհայտ ուղղությամբ:

Ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Խաինդրավան: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Խաինդրավան հացադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը, սպասվում է, որ վերջինիս նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ հասարակական կարգը խախտելու եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար: Բացի այդ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նախկին պետնախարարին կասկածում է թմրանյութեր օգտագործելու մեջ:

Երեկ, ավելի ուշ, հաղորդումներ էին ստացվում այն մասին, որ Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ ընդհարումները ոստիկանության եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ շարունակվել են, կան բազմաթիվ վիրավորներ եւ ձերբակալվածներ: Հեռուստաալիքները ուղիղ եթերից հեռարձակում էին կադրեր, թե ինչպես են մարդկանց նստեցնում ոստիկանական մեքենաներ: Խորհրդարանի շենքի առջեւ շարունակել են հավաքվել մարդիկ, որոնց ընդդիմության առաջնորդները կոչ են արել չհեռանալ բողոքի գործողությունների վայրից: Ներկայումս Ռուսթավելու փողոցում կենտրոնացվել է ոստիկանության ավելի քան հազար աշխատակից, խորհրդարանի շենքը շրջապատված է ոստիկանական պահակախմբերով: Վրաստանի միավորված ընդդիմության առաջնորդները բարբարոսական ակտ են համարել ցուցարարների ցրումը Թբիլիսիի Ռուսթավելու փողոցում՝ իշխանություններին մեղադրելով միջազգային ժողովրդավարական նորմերը խախտելու համար: «Ոչ ոք իրավունք չունի դիպչել հացադուլավորներին: Դա եղել է գլխավոր խախտումը: Իշխանությունները կստանան այն, ինչի արժանի են»,- հայտարարել է պատգամավոր Լեւան Բերձենիշվիլին: «Այսօր առավոտյան իշխանությունները ցույց տվին իրենց իսկական դեմքը: Արդյունքում՝ ավելացավ քաղբանտարկյալների թիվը, սակայն, միեւնույն ժամանակ, մեծացավ ընդդիմության կողմնակիցների թիվը: Այժմ բոլոր քաղաքացիների պարտքն է փողոց դուրս գալ»,- խորհրդարանի մերձակա հրապարակում հայտարարել է պատգամավոր Զվիադ Ձիձիգուրին: Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կոկա Գունդաձեն երեկ հայտարարել է, թե Վրաստանի ոստիկանության մի մասը միացել է բողոքի գործողության մասնակիցներին, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը: Վրաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում, սակայն, այդ հայտարարությունը չեն հաստատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել