Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀՕԳՈՒՏ ԴԱՏԱՎՈՐԻ՞

Նոյեմբեր 08,2007 00:00

Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, թե Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը 2-րդ ճակատ է փորձում բացել «Ռոյալ Արմենիա»-ի գործում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը հոկտեմբերի 15-ին «Ռոյալ Արմենիա» ընկերության երկու ղեկավարների գործի քննության ժամանակ նրանց պաշտպան Աշոտ Սարգսյանին երկու անգամ դիտողություն հայտարարելուց հետո որոշեց դատական նիստն ընդմիջել եւ դիմել ՀՀ Փաստաբանների պալատ, որ էթիկայի հանձնաժողովում քննարկեն Սարգսյանի վարքագիծը: Նա դատավորից դիտողություն ստացավ նաեւ նոյեմբերի 2-ի դատական նիստի ընթացքում:

Աշոտ Սարգսյանը երեկ մեր զրույցի ընթացքում Սուրեն Ղազարյանի բողոքի առնչությամբ ասաց, թե նա նիստն ընդմիջեց 17.30-ին. «Ավարտվում էր դատական նիստը ու դատավորը ննջում էր արդեն: Իրեն պետք էր մի առիթ, որ դադարեցնի նիստը: Առիթը դարձավ այն, որ մեղադրողի հարցից հետո ես ձեռք բարձրացրի եւ առարկեցի: Մեղադրողը հարց ուղղեց՝ վկայակոչելով նախաքննության տվյալները, ես էլ հարցրի, թե ի՞նչ տվյալներով՝ հղո՛ւմ արեք: Իմ առարկությունը դատավորը դիտեց իբրեւ կարգի խախտում: Ի դեպ, եթե էթիկայի հանձնաժողովը լսի այդ դատական նիստի ձայնագրությունը՝ կհամոզվի, որ շատ հանդա՜րտ, նորմա՜լ նիստ է եղել: Ուղղակի կա դատավորի՝ արձանագրության համար արված արտահայտությունը՝ դիտողությո՛ւն, դիտողությո՛ւն… Երկրորդ անհիմն դիտողությունից հետո նպատակն ինձ համար պարզ էր՝ ամեն ինչ անել, որ չկարողանամ լիարժեք պաշտպանել Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի շահերը»:

Բավական հանգիստ վերաբերվելով էթիկայի հանձնաժողովում սպասվելիք քննարկմանը եւ նշելով՝ «Ես արդարանալու կարիք չունեմ», փաստաբան Աշոտ Սարգսյանը բավական վրդովված էր դրանից հետո կատարվածից. «Հոկտեմբերի 25-ին ես ստացա պալատի նախագահի ստորագրությամբ նամակ, որից պարզվում է՝ նա հանկարծ հիշել է, որ փաստաբան Աշոտ Սարգսյանը պետք է ներկայացնի իր իրավական կարգավիճակի մասին տեղեկություն»: Այն ենթադրում է, թե փաստաբանները պիտի ունենան տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակ՝ ՍՊԸ, անհատ ձեռներեց եւ այլն, որ երեւան հարկային դաշտում: «Ես դրա դեմ բացարձակ ոչինչ չունեմ: Թեեւ 1 տարի ինձնից ոչ ոք տեղեկություն չի ուզել,- ասաց պրն Սարգսյանը:- Բայց հարկային մարմինների գործն է ստուգելը, թե ես կա՞մ հարկային դաշտում: Քե՞զ ինչ՝ Ռուբե՛ն Սահակյան, թե ինչ կարգավիճակով եմ աշխատում. դու ստուգող կազմակերպություն չե՛ս: Բայց դատավորի բողոքի շարունակություն որպես՝ հանկարծ հանդես է գալիս Ռուբեն Սահակյանը՝ զգուշացնելով, որ եթե տեղեկություն չներկայացնեմ՝ իմ փորձնակներն անվավեր են ճանաչվելու: Եվ որպեսզի վաղը-մյուս օրը հանկարծ «չշահարկեն»՝ մի քանի այլ փաստաբանների անուններ էլ է մտցնում նույն նամակի մեջ, որ հարցնելու դեպքում՝ ասի, թե մենակ Սարգսյան Աշոտը չի: Ընդգծում եմ՝ 1 տարի Ռուբեն Սահակյանին չի հետաքրքրել իմ իրավական կարգավիճակը, որը նա փորձում է պարզել հենց այն դատավարության ընթացքում, որին մասնակցում է իր խմբի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը (նա «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարների դեմ հայց ներկայացրած «ՖԻԳ» ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի շահերի ներկայացուցիչն է.- Ա. Ի.): Ես պնդում եմ՝ Լուսինե Սահակյանը կատարում է Ռուբեն Սահակյանի հրահանգները: Հայցադիմումն էլ է Ռուբեն Սահակյանը գրել, վերաքննիչ բողոքն էլ: Աստծուն փառք, գիտեմ նրա ոճը՝ բովանդակությունից, տեքստից: Պայմանագիրն էլ Վաչե Պետրոսյանը կնքել է Ռուբեն Սահակյանի հետ»:

Փաստաբան Աշոտ Սարգսյանը նաեւ ասաց. «Ռուբեն Սահակյանը օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ իր ուղարկած փաստաբանին իմ հակադրվելու պայմաններում հանկարծ որոշել է, թե կարելի է երկրորդ ճակատ բացել՝ բացի դատավորի՝ իմ դեմ պայքարից: Դատավորն ու Փաստաբանների պալատի նախագահը միասին պայքարում են փաստաբանի դեմ: Հարց եմ տալիս՝ այդ ո՞ր օրվանից Փաստաբանների պալատն ու իր նախագահը սկսեցին պաշտպանել դատավորների եւ ոչ թե փաստաբանների շահերը»:

Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերերի մեկ այլ պաշտպանին՝ Գեւորգ Մինասյանին, դատական գործընթացից հանել էին՝ նրան տալով վկայի կարգավիճակ։ Փաստորեն, այժմ փորձ է արվում դատավարությունից հեռացնել նաեւ մյուս պաշտպանին. «Նրանք գիտեն, որ Գագիկ Հակոբյանը եւ Արամ Ղազարյանն իմ ընկերներն են: Ինձ հետ անիմաստ է, չի կարելի բանակցություններ վարել, ինչպես դատախազությունը վարում է որոշ «իբր» պաշտպանների հետ, այսինքն՝ մի քիչ թուլացրու, մի քանի հոդվածներով դատենք-գնա: Հնարավոր չի դա: Քրգործին տեղյակ եմ ես, Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը (Պարգեւ Օհանյանը վերջին 4 ամսում տիրապետեց քրգործին): Իսկ մնացած բոլո՛րը՝ մեղադրող կլինի, «ՖԻԳ»-ի ներկայացուցիչ եւ այլք՝ քրգործից ամբողջական տեղեկություն չունեն: Թող ձեռքս կտրեն, եթե 3 դատավորներից որեւէ մեկը քրգործը թերթել է մինչեւ վերջ: Իհարկե, այժմ ձեռնտու է, որ ինձ հեռացնեն, գա մի նոր փաստաբան, որը նույնչափ տեղյակ կլինի քրգործից՝ ինչքան իրենք, որ հեշտ լինի»:

Ի դեպ, Աշոտ Սարգսյանը կասկած հայտնեց, թե այս դատաքննությունը կավարտվի մեղադրական դատավճռով. «Հնարավոր է, որ «Ռոյալ Արմենիա»-ի գործով հրահանգ լինի արդարացնել, այսինքն՝ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որ բոլորին փորձեն համոզել, թե Պարգեւ Օհանյանին դատավորի պաշտոնից ազատել են ոչ այս գործով դատավճռի համար, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Պարգեւ Օհանյանի անունը տալը հիմնավորված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել