Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Երեւանում հնչեցրած գնահատականների կապակցությամբ քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը երեկ ասուլիսում պնդել է, թե Թերի Դեւիսը երիտասարդ տարիքում զբաղվել է ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով եւ պահպանել է առեւտրականի իր դիրքորոշումը նաեւ իր քաղաքական կյանքում՝ գաղափարներ ու դիրքորոշումներ արտահայտելիս: Մինչդեռ երեկ երեկոյան ԵԽ մամուլի ծառայությունը տարածեց Թերի Դեւիսի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Հայ լրագրողներն իրավունք ունեն չհամաձայնել իմ կարծիքներին կամ քննադատել դրանք՝ այնպիսի թեմաների առնչությամբ, ինչպիսին ԼՂ-ն է: Սակայն ես կտրականապես առարկում եմ, որ սխալ մեջբերվեն եւ խեղաթյուրվեն իմ խոսքերը: Որոշ թերթեր գրել են, թե ես ԼՂ-ում վերջերս կայացած ընտրությունները համեմատել եմ արվամոլների շքերթի հետ: Դա ուղղակի ճիշտ չէ եւ լիակատար անհեթեթություն է»: Եվ բացատրել է, թե ինչ նկատի ուներ. «Այն փաստը, որ ես ոչ միշտ եմ արձագանքում ԼՂ-ում տեղի ունեցող ընտրություններին՝ չի նշանակում, թե փոխել եմ դրանց իրավազորության եւ օրինականության վերաբերյալ իմ դիրքորոշումը: Ես զուգահեռ եմ անցկացրել եվրոպական որոշ երկրներում սեռական փոքրամասնությունների արտահայտման ազատության սահմանափակման հաճախակի դարձած դեպքերի հետ: Այն փաստը, որ ես ոչ միշտ եմ արձագանքում, երբ քաղաքապետն արգելում է արվամոլների շքերթը՝ չի նշանակում, թե փոխել եմ իմ հստակ, հայտնի եւ հետեւողական դիրքորոշումը, որ նման սահմանափակումները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»: