Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱՅԻ» ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԵՂԴԵ՞Լ

Նոյեմբեր 08,2007 00:00

«Գալա» հեռուստաընկերությունում ստուգումներ իրականացնող հարկահավաքները փորձում են ամեն գնով աշխատակիցներին ներքաշել կռվի մեջ:

Արդեն քանի օր է՝ ՀՀ հարկային պետական ծառայությունը Գյումրիի անկախ լրատվական ալիքում՝ «Գալայում» ստուգումներ է անցկացնում: Հարկահավաքներն այդ ստուգումներին արդեն սկսել են նոր ընթացք տալ. օգտագործում են ցանկացած առիթ՝ հեռուստաընկերության աշխատակիցներին հունից հանելու եւ նրանց գլխին «գործ սարքելու» նպատակով: Եթե մինչ օրս ստուգողների խումբը ղեկավարող Գագիկ Օհանյանին հրահանգված էր հեռուստաընկերության աշխատակիցների հետ ընդհանրապես չշփվել, նրանց արհամարհել ու անգամ բարեւներին չպատասխանել, ապա այժմ պատվիրված է նրանց հետ բախումներ ստեղծել: Այդ պատճառով էլ հարկահավաքները կտրուկ փոխել են իրենց «տակտիկան». նրանք ոչ միայն սպառնացել են «Գալայի» սեփականատեր Վահան Խաչատրյանի «հարցերը լուծել», այլեւ արգելել էին իր մասնագիտական պարտականությունները կատարող հեռուստաընկերության օպերատորին՝ Գրիգոր Շաղոյանին նկարահանել ստուգումների ընթացքը:

Հարկայինի աշխատակիցներից մեկը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, քաշքշել է տեսախցիկը, սակայն տեսնելով, որ օպերատորը հեշտ չի հանձնվում, թույլ չի տալիս սարքը վնասել՝ բռնել է նրա կոկորդից: Վերջինս էլ ինքնապաշտպանվելով՝ իր հերթին է բռնել տեսուչի կոկորդից: Ծեծկռտուքին վերջ էր դրվել «Գալայի» աշխատակիցների միջամտությունից հետո միայն: Մինչ հարկային տեսուչները պատրաստվում էին իրենց աշխատանքները «խոչընդոտող» օպերատորի դեմ արձանագրություն կազմել, «Գալայի» աշխատակիցները Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ու լրագրողների հետ ներկայացան Գյումրիի ոստիկանություն՝ հայտարարություն տալով այն մասին, որ «Գալայում» ստուգումներ իրականացնողները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը, ըստ որի՝ քրեական պատիժ է սահմանվում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Օպերատոր Գրիգոր Շաղոյանի ասելով՝ սկզբում տեղի ոստիկանությունը հրաժարվել է իր հայտարարությունն ընդունել, սակայն ձգձգելով, մի քանի ժամ սպասեցնել տալուց հետո այն վերցրել են:

«Գալայի» գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի պատմելով՝ հարկայինի աշխատակիցների եւ իրենց օպերատորի միջեւ կռիվը սկսել է այն բանից հետո, երբ «Գալայի» սեփականատեր Վահան Խաչատրյանը նկատելով, որ հարկահավաքների արձանագրություններից մեկի տակ հարկայինի ոչ թե 3, այլ 6 աշխատակիցների ստորագրություններ են, մինչդեռ «Գալայում» մշտապես ստուգումներ անցկացնում են երեքը՝ հարցրել է, թե ինչո՞ւ երեքը դարձավ վեց: Հարկային տեսուչներն էլ, չցանկանալով այդ խոսակցությունը ֆիքսող տեսախցիկի առջեւ որեւէ պատասխան տալ՝ ցանկացել են տեսախցիկն անջատել, իսկ քանի որ օպերատորն ընդդիմացել է՝ փորձել են հարցերը ուժով լուծել՝ բռնելով նրա կոկորդից:

«Առավոտին» տեսնելով «Գալայի» ստուդիայում՝ ՀՀ հարկային տեսչության օպերատիվ-հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Օհանյանը նշեց, որ նրանք իրենց մասնագիտական գործունեությունն էին կատարում, երբ «Գալայի» «շանտաժիստներն ու գործ սարքողները» միամիտ տեղը սկանդալ սարքեցին ու վազեցին ոստիկանություն: Իսկ նրա մյուս ենթակաները, իրենց կոլեգային աչքով-ունքով հասկացնելով, որ մեզ հետ զրույցում մանրամասներ չպատմի՝ սկսեցին «Առավոտում» իրենց վերաբերող հրապարակումների համար պարզաբանումներ պահանջել. «Նյութերին էդ ի՞նչ վերնագրեր եք ընտրում, էդ դուք չէի՞ք, որ գրում էիք, թե՝ «Հարկայինը չոքել է «Գալայի» բկին», ինչի «Գալան» սրբի դու՞ռ է, մենք էլ եկել ու չոքել ենք»:

Նկատենք, որ ճիշտ է, «Գալան» «սրբի դուռ» չէ, բայց որ հարկահավաքներն այդ հեռուստաընկերությունում իրենց շատ լավ են զգում՝ այդ մասին է վկայում նաեւ այն, որ նրանք մոտ երկու շաբաթ է՝ լույսը բացվելուն պես «Գալայի» դռնից հեռու չեն գնում:

Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ առայժմ օպերատորի եւ հարկայինի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել: Երեկ ամբողջ օրվա ընթացքում հարկահավաքները հեռուստաընկերությունում չեն երեւացել: Փոխարենը՝ «Գալային» այցի են եկել ամերիկյան դեսպանատան մի խումբ աշխատակիցներ, որոնք երկարատեւ զրույց են ունեցել հեռուստաընկերության տնօրենի հետ՝ պարզելու, թե հարկայինի ստուգումները կարելի՞ է որակել որպես քաղաքական հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել