Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԵՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Նոյեմբեր 07,2007 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն այցելեց Եղվարդի զոհված ազատամարտիկների հարազատներին:

Եղվարդի մոտ 19 ընտանիք արցախյան ազատամարտում կորցրել է իր հարազատներին: Երեկ Եղվարդի քաղաքապետարանում այդ զոհվածների հարազատների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանը: «Ինչպե՞ս ես, ազատամարտիկի կին» խորագիրը կրող այս միջոցառման ժամանակ ողջունելով ներկաներին՝ պարոն Մելիքյանն ասաց. «Ինչքան էլ տխուր է այս միջոցառումը, ես ուրախ եմ 4-րդ անգամ հանդիպել ձեզ հետ, քանի որ հենց ձեր ամուսինների եւ հայրերի շնորհիվ է, որ մենք ունենք անկախ պետություն եւ ազատագրված հողեր: Թեկուզ տարին մեկ անգամ ենք հանդիպում, ես ձեր ընտանիքների մասին տեղեկանում եմ ամեն օր, տեղյակ եմ, թե ինչ պրոբլեմներ կան յուրաքանչյուրիդ տանը, ում երեխան որտեղ է ընդունվել: Իհարկե, իմ կողմից բոլոր խնդիրները լուծել չի լինի, դրանք պետք է պետականորեն լուծվեն: Ասեմ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը այս առումով արդեն բավականին աշխատանք տարել է եւ շարունակելու է տանել: Ես շատ ուրախ եմ եւս մեկ անգամ ձեզ տեսնել, եկել եմ ձեզ հետ կիսելու ձեր դարդն ու ցավը, քանի որ դա միայն ձեր ցավը չէ, այն մեր բոլորինս է: Հայաստանում նախագահական ընտրություններն էլ կանցնեն-կգնան, սակայն մեր հզոր պետությունը, որ ստեղծվել է ձեր հարազատների կյանքի գնով, կմնա հավետ»: Ս. Մելիքյանը տեղեկացել էր նաեւ, որ զոհված ազատամարտիկներից մեկի որդին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, ուստի նրան որպես նվեր հանձնեց բջջային հեռախոս: Նվերներ եւ դրամական օգնություն հանձնվեցին նաեւ մյուսների ընտանիքներին: Նրա խոսքերից հետո, միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը:

Անհայտ կորած Գրիգոր Օհանյանի կինը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը 4 անգամ էլ մասնակցել է այս միջոցառումներին եւ անհամբերությամբ է սպասում հերթական հանդիպմանը, քանի որ. «Այդպես հոգեպես հանգստանում եմ, վիշտս կիսում եմ, լիցքաթափվում եմ: Ինչ հարցով դիմել ենք պարոն Մելիքյանին՝ աջակցել է»: «Երկրապահ» կամավորական ջոկատի անդամ, հայկական բանակի կապիտան Ռուբեն Խաչատրյանն էլ խոսելով միջոցառման մասին՝ մեզ հետ զրույցում ասաց. «Այսպիսի միջոցառումները չեն թողնում մոռանալ մեր զոհերի անմար հիշատակը»: Ռ. Խաչատրյանը ներկաներին պատմեց, որ Մարտակերտում զոհված նաիրցիների հիշատակին 1990-ի հուլիսի 3-ին կանգնեցվել է խաչքար: Միջոցառումից հետո զոհվածների հարազատները, քաղաքապետն ու Ս. Մելիքյանը այցելեցին եղվարդցի զոհվածների հիշատակին կառուցված հուշարձան-գերեզմանոց եւ ծաղիկներ դրեցին նրանց շիրմաքարերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել