Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի պարտադրանք չկա»

Նոյեմբեր 07,2007 00:00

\"\"Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանի, դպրոցները՝ որպես ՊՈԱԿ-ներ, կարող են առանձին արձակուրդ գնալ, սակայն նախընտրել են միասնականը:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը «Առավոտին» հայտնեց, որ մայրաքաղաքի դպրոցներում արդեն սկսվել են ձմռան նախապատրաստության աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից 100-ը կջեռուցվի անհատական կաթսայատներով: ՀՀ կառավարություն է ներկայացվել դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների 2008թ. լոկալ ջեռուցման համակարգի ծրագիրը, ըստ որի, հաջորդ տարի Երեւանի համաքաղաքային ծախսերից շուրջ 1 մլրդ դրամ հատկացումների շրջանակներում՝ նախատեսվում է անհատական ջեռուցման համակարգով ապահովել 34 դպրոց եւ 36 մանկապարտեզ: Տիկ. Վարդանյանի հավաստմամբ, 2010թ. գրեթե չեն լինի անհատական ջեռուցման համակարգից զուրկ կրթական եւ նախադպրոցական հաստատություններ:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհատական կաթսայատներով ջեռուցվող դպրոցների արձակուրդները ժամկետներով կտարբերվեն մյուսներից: Պարզվեց, որ բոլոր դպրոցները միաժամանակ են արձակուրդ գնալու: Վարչության պետի տեղակալն ասաց, որ ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, Երեւանի դպրոցներում աշնանային եւ գարնանային արձակուրդներ կհատկացվեն միայն 1-3-րդ դասարանցիներին, իսկ 4-11-րդ դասարանցիների գարնանային արձակուրդը կմիացվի ձմեռայինին. «Արձակուրդների երկարաձգումը չպետք է ուսումնական ծրագրի խաթարում առաջացնի, տնօրենները մեզ ներկայացնելու են լրացուցիչ դասացուցակ: Ըստ վերջինիս, աշխատանքներն այնպես կկազմակերպվեն, որ երեխաները մինչեւ տարվա վերջ պարտադիր ծրագիրը հասցնեն»: Մեր հաջորդ հարցին՝ դպրոցների տնօրենները ՊՈԱԿ ղեկավարներ են, ինչը նրանց թույլ է տալիս անկախ գործելու, ուրեմն ինչո՞ւ պետք է միասին արձակուրդ գնան, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Նրանք ինքնուրույն գործելու հնարավորություն իսկապես ունեն, այլ հարց է, որ գուցե իրար հետ համագործակցելով են նախընտրել միասնական արձակուրդը: Ոչ մի պարտադրանք չի եղել»:

Ա. Վարդանյանին հարցրինք, արդյո՞ք դպրոցների վերանորոգման կամ կաթսայատներով ապահովելու հարցերը լուծելիս նախապատվությունը տրվում է ՀՀԿ-ական տնօրեններին կամ հաշվի են առնվում նրանց քաղաքական համակրանքները, մանավանդ, մեր տեղեկություններով, այդպես է պատահել Աջափնյակ համայնքի դպրոցների պարագայում: Կողք կողքի գործող թիվ 185-ն ու 195-ը ջեռուցվում են, թիվ 188-ը՝ ոչ:

Այս մասին էլ պետի տեղակալն ասաց. «Մենք այլ չափանիշներով ենք դպրոցների առաջնահերթությունը որոշում, հաշվի ենք առնում հատկապես աշակերտական համակազմը: Եթե, օրինակ, մի դպրոց ունի 2000 աշակերտ, իսկ հարակիցը՝ 200, բնականաբար, նախապատվությունը տրվում է առաջինին: Ինչ վերաբերում է Աջափնյակ համայնքի թիվ 185, 195, 188 դպրոցներին, ասեմ, որ, իսկապես, առաջին երկուսը ջեռուցվում է նույն կաթսայատան միջոցով: Մասնագետները գտան, որ կաթսայատան հզորությունը բավարար չէ երրորդ դպրոցը եւս ջեռուցելու համար: Բայց թիվ 188-ի հարցով քաղաքաշինության նախարարությանն է դիմել քաղաքապետարանը՝ առաջնահերթության կարգով հնարավորության դեպքում խնդիրը լուծելու համար: Ի դեպ, թիվ 188 դպրոցը աչքաթող արված չէ, այն երկու ծրագրերով վերանորոգվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել