Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԵՍԻՑ

Նոյեմբեր 07,2007 00:00

\"\"«Մենք ենք, մեր սարերը» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արսեն Գրիգորյանը դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում

Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանին (Մրո) ամիսներ շարունակ հանդիպում էինք «Շանթ» TV-ի «Ժողովրդական երգիչ» նախագծում՝ ժյուրիի անդամի կարգավիճակով, շուրջ 2 ամիս է, ինչ արվեստագետը նաեւ Հ1-ի «Մենք ենք, մեր սարերը» նախագծի երաժշտական պրոդյուսերն է:

– Փաստորեն, կես տարի դուք զբաղվում եք երկու մրցույթով: Բնականաբար, աշխատանքները կատարվում են ձեր՝ որպես երգչի, սոլո կարիերայի հաշվին, էլ չասենք, որ հանդիսանում եք նաեւ «Հայ երգասաններ» խմբի գեղարվեստական ղեկավարը: Ինչո՞ւ որոշեցիք այդպես ծանրաբեռնվել:

– Բնական է, երկու նախագծերում էլ թիմային աշխատանք է առկա: Մեր նպատակն է շարժել ազգային երգարվեստի բջիջը հենց երիտասարդների մեջ ու նրանց մասնակցությամբ: Երկու մրցույթներն էլ ամենայն մանրամասնություններով ներկայացվում են ժողովրդին: Կարող եմ վստահ ասել, որ այսօր ունենք ոչ միայն ազգային երգին, այլեւ ազգային գաղափարախոսությանը նվիրված երիտասարդություն:

– «Մենք ենք, մեր սարերի» առաջին փուլից հետո փոխվեց ժյուրիի կազմը եւ հեռացան Նունե Եսայանը, Սիրուշոն, Անդրեն եւ Ռուբեն Մաթեւոսյանը: Մի նկատառում եւս՝ այս նախագծում, ի տարբերություն «Ժողովրդական երգչի», մասնակցում են ձեր, Ռուբեն Մաթեւոսյանի եւ Նադեժդա Սարգսյանի ղեկավարած պետական քոլեջի սաները: Ստացվում է՝ տեղին է ընտրված «Մենք ենք, մեր սարերը» խորագիրը…

– Այո, Հ1-ի նախագիծը տարբերվում է «Շանթի» մրցույթից: Նախնական լսումների արդյունքում տիկին Սարգսյանի, պարոն Մաթեւոսյանի եւ իմ սաներից ընտրել ենք 18-ին: Ճիշտ եք նկատել, ժյուրիի նախկին անդամներին փոխարինել են Աննա Մայիլյանը, Ալլա Լեւոնյանը, Աիդա Սարգսյանը եւ Արա Գեւորգյանը: Միայն պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ժողգործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ի վերջո՝ հայ երգի գիտակ Նորայր Դավթյանն է, որ շարունակում է աշխատանքը ժյուրիի կազմում: Նախորդ անդամների փոխարինումը նորերով՝ հիմնականում պայմանավորված է նրանց գերզբաղվածությամբ: Նախագիծը կտեւի մինչեւ դեկտեմբերի կեսերը: Ինչպես առաջին փուլում, այնպես էլ երկրորդում, մրցելույթից մրցելույթ՝ մնացած 16 անդամներից ժյուրին կընտրի լավագույն 4-ին, իսկ վերջիններին՝ հեռուստադիտողը՝ sms-ներով:

– Որպես երաժշտական պրոդյուսեր, չե՞ք կարծում, որ մասնակիցներին հաճախ խանգարում է ֆոնոգրաման, ինչո՞ւ բոլորը չեն հանդես գալիս կենդանի նվագակցությամբ: Եվ երկրորդ, ճանաչված երգիչների ելույթները նախագծի շրջանակներում այնքան հաճախակի են, որ հեռուստադիտողը մոռանում է մրցույթի մասնակիցների կատարումները:

– Որպես երաժշտական պրոդյուսեր, իմ պարտականությունները սկսվում եւ ավարտվում են մրցույթի մասնակիցների մասով: Աստղերին Հ1-ի ղեկավարությունն է հրավիրում: Այս նախագծի ֆորմատը տարբերվում է եղած այլ մրցույթներից: Նպատակը՝ երիտասարդներին ներկայացնելու հետ մեկտեղ, նաեւ հայտնի էստրադային երգիչների ժողովրդական, աշուղագուսանական երգերը լսելն է: Ինչ վերաբերում է ֆոնոգրամաներին, նախագծի սկզբում բոլոր մասնակիցներին պարզապես կոչ եմ արել օգտվել առիթից եւ հանդես գալ միայն ժողգործիքների կենդանի նվագակցությամբ: Եթե ոմանք դա չեն ընդունում, ապա դա իրենց եւ նրանց ուսուցիչների գործն է:

– Օրերս ավարտված «Ժողովրդական երգիչ» նախագիծը դժգոհություն առաջացրեց հատկապես ապարանցիների շրջանում…

– Ես համարում եմ, որ երեք երիտասարդներն էլ արժանի են գովեստի: Վերջնագիծ հասած Նարեկ Պողոսյանի վոկալ տեխնիկան էր զարգացած, Արմեն Դավթյանի (ում համար ապարանցիները ցույցի են ելել)՝ ձայնային տվյալները: Իսկ նախագծի հաղթող Սեւակ Ամրոյանը աննկարագրելի «ջիգյարով» էր երգում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել