Շերամի փողոցի թիվ 93 բազմաբնակարան շենքի առաջին հարկի տնօրինման հետ կապված ստեղծվել է արտակարգ իրավիճակ:
Բազմաբնակարան շենքի ավելի քան 200 բնակիչներ չեն կարողանում ելումուտ անել իրենց տարածքում, չտնօրինել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող նկուղը: Նրանք գտնում են, որ խախտվել են գործող Քաղաքացիական օրենսգրքի 223-224 հոդվածները, համաձայն որի. «Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը՝ առաստաղները, հատակները, նկուղները, ձեղնահարկերը, տանիքը, շենքի ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, վերելակները, աստիճանավանդակները»: Բնակիչները այս կապակցությամբ դիմել են ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, նախագահի վերահսկողական ծառայության պետին, գլխավոր դատախազին: Չնայած հարցին լուծում կարող էին տալ «Փարոս» համատիրությունը, Մալաթիա-Սեբաստիա համայնքների թաղապետարանը:
Տարածքը ներկայումս տնօրինում է «Արաքս-7» ՍՊԸ-ն, որն էլ փակել է բնակիչների մուտքը, շենքը սպասարկող կոմունիկացիոն գծերը եւ հնարավոր վթարի դեպքում բնակիչները չեն կարողանա մուտք ունենալ այնտեղ:
«Փարոս» համատիրությունը դիմել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան, որը սակայն առանց տարածքը զննելու՝ մերժել էր հայցը: Հայցատուն նշել էր, որ շենքի նկուղը նախագծային մուտք է ունեցել: Նա դատարան էր ներկայացրել ՀՀ ազգային արխիվից տրված մի տեղեկանք, համաձայն որի, հստակ նշված է շենքի նկուղի նախագծային դրսի հիմնական մուտքը: Սակայն դատարանում առկա «Արաքս-7»-ի փաստաթղթից երեւում է, թե նկուղը մուտք չի ունեցել: Փաստաթուղթը տրամադրել է թաղապետարանի ճարտարապետական բաժնի ճարտարապետ Ֆ. Չալախյանը: Ուշադրության արժանի է այն, որ ճարտարապետի անունով տրված հատակագիծ-փաստաթուղթն անստորագիր էր:
«Փարոսի» փաստաբան Ռուզաննա Գաբոյանի հարցմանը, կապված վերոնշյալ փաստաթղթի վավերականության հետ, Մալաթիա-Սեբաստիա համայնքների թաղապետ Աղվան Գրիգորյանը այս տարվա հունիսի 18-ին, թիվ 31 գրությամբ հայտնել է, թե «Թաղապետարանում չափագրության վերաբերյալ հիմքեր չկան»: Հետեւաբար, ըստ համատիրության եւ բնակիչների, ճարտարապետի գծագիրը իրավական հիմքից զուրկ է:
Համատիրությունը դիմեց ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Այս անգամ բողոքը բավարարվել է, եւ «Արաքս» ՍՊԸ-ն, ըստ վճռի, պետք է վտարվի զբաղեցրած տարածքից:Վերջինս օրեր առաջ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:Բողոքից տեղեկանում ենք, որ վիճահարույց տարածքը պատկանում է «Արաքս» ՍՊԸ-ին. վերջինս թիվ 5257 սեփականության պայմանագրով հանդիսացել է գնորդ, եւ խանութը ՀՀ կառավարության 1993թ. թիվ 200 որոշմամբ օտարվել է նրան: «Իրականում մեր շենքում որեւէ խանութ չի եղել ու 1978թ. շենքի շահագործումից հետո այնտեղ բացվել է «Մանկական սնունդ» խանութը, որի գովազդային ցուցանակը շենքի պատին մինչ օրս պահպանվում է»,- դրան ի պատասխան ասում են խմբագրություն այցելած բնակիչները: Ըստ բնակիչների, վիճելի նկուղի մուտքը, որը խանութի ներսից է բացվել, ապօրինի է, չնայած առկա է 5-րդ սննդառի եւ թաղի բնակշահագործման գրասենյակի պետի (նախկին) թույլտվությունը:
Ստացվում է, որ կադաստրի կողմից «Արաքս-7» ՍՊԸ-ին տրված սեփականության վկայականում տարածքը դեպի նկուղ մուտք չունի, իսկ թաղապետարանի անստորագիր տեղեկանքով էլ՝ նկուղը դեպի ներս մուտք չունի:
Հ. Գ. Օրեր առաջ շենքը սնուցող ջրագծի պայթելու հետեւանքով ողողվել էին շենքի 7 հարկերը: Կազմվել է ակտ, համաձայն որի՝ վթարը կանխելու հնարավորություն բնակիչները չեն ունեցել, քանի որ փականներն ու կոմունիկացիոն գծերը գտնվում էին «Արաքս-7»-ի ձեռքում: