Ըստ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանի, բուհական թեմայով մոնիթորինգների արդյունքները երկուստեք նյարդեր են քայքայում:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության գրասենյակում երեկ հրավիրված ասուլիսի թեման հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը միության կողմից, ՀՀ պետական բուհերում, ուսխորհուրդների վստահության աստիճանը ճշտելու նպատակով անցկացրած մոնիթորինգն էր: Միության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտնեց, որ յուրաքանչյուր բուհից 50 ուսանողի ուղղվել են հետեւյալ հարցերը՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր բուհի ուսանողական խորհրդի գործունեությունը, երբեւէ որեւէ հարցով դիմե՞լ եք այդ մարմնին, ունե՞ք վստահություն այդ կառույցի նկատմամբ: Պատասխաններից երիտասարդ հնչակները եկել են այն եզրահանգման, որ ուսխորհուրդները ունեն բազմաթիվ բացթողումներ: Ն. Գալստյանն ասաց, որ իրենց մոնիթորինգը մտադիր չեն ներկայացնել պատկան մարմիններին, որովհետեւ. «2 անգամ դիմել ենք բուհական կոռուպցիայի թեմայով, երկու անգամ էլ մոնիթորինգի արդյունքներից հետո պատկան մարմինները հիստերիայի մեջ են ընկել: Հասկացել ենք, որ անիմաստ է այդ մարդկանց հետ ինչ-որ բան խոսելը, որովհետեւ ավելորդ տեղը նյարդեր կքայքայվեն, իսկ նյարդային բջիջները՝ ոչ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ու ոչ էլ մեր, հաստատ չեն վերականգնվի»: Նա նաեւ հավելեց. «Ցավոք, մտավախություն ունեմ, որ եթե անգամ իշխանությունը փոխվի, փոխվածն էլ նույն կոմսոմոլային գաղափարախոսությունը կթելադրի ուսանողներին: Ախր բուհը չպետք է ծառայի կուսակցական մարմիններին: Դա աննորմալ երեւույթ է»:
Ըստ Ն. Գալստյանի, բուհերի ուսանողների մեծամասնությունը «հանրապետականացված» է. «Գյուղինստիտուտի, Պոլիտեխնիկի ուսխորհուրդների նախագահները «հանրապետականացված» են, Բժշկական համալսարանը դարձել է ՀՀԿ-ին կադրեր մատակարարելու դարբնոց, Երեւանի պետական համալսարանը՝ ամբողջ ադմինիստրատիվ լծակներով, Ժողինստիտուտը, Մանկավարժականը, Կոնսերվատորիան, Գեղարվեստի ակադեմիան եւ Թատերական ինստիտուտը նույնպես «հանրապետականացված» են: Ամենեւին նկատի չունեմ, թե որեւէ կուսակցության անդամ լինելը վատ է: Եթե որեւէ մեկին քաղաքական դիրքորոշումը տանում է ԲՀԿ կամ ՀՀԿ, դա այդ մարդու խնդիրն է»: Ն. Գալստյանը անընդունելի համարեց այն, որ ուսխորհուրդներն այսօր դարձել են գործիք: Նրա խոսքերով՝ «Հանրապետական» կուսակցության հավաքների ժամանակ ուսանողների մի հստակ զանգվածի մշտապես ավտոբուսներով տեղափոխում են համապատասխան վայր՝ այդ կուսակցության PR-ն իրականացնելու համար: «Օրինակ, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը գնում է Պետական համալսարան՝ այնտեղ ուսանողներին ցուցակներով են տանում դահլիճ լցնելու: Ուսանողները նրան ընդունում են իբրեւ վարչապետ, բայց ինքը բառ անգամ չի ասում իր վարչապետությունից՝ քարոզում է «Հանրապետականին» ու տեղում էլ կուսակցության բուկլետները բաժանում: Այս ամենը կատարվում է ուսխորհրդի գործուն աջակցությամբ»,- ասաց նա: Ն. Գալստյանի խոսքերով, շատ ուսանողներ ստիպված են լինում որոշ քայլերի գնալ, որովհետեւ եթե ըմբոստանան՝ ուսման հետ կապված խնդիրներ կունենան:
Դառնալով բուհերում օրեցօր ավելացող կոռուպցիայի չափերին, բանախոսը նշեց. «Ես ընդամենը մեկ դեպք եմ հիշում, երբ ուսխորհուրդը պնդում էր հեռացնել պետհամալսարանի դասախոս Արտեմ Հարությունյանին, որին իրականում այդպես էլ չհեռացրին: Նա այժմ դաս չի տալիս, բայց նույն բուհում ձեւակերպված է որպես աշխատող: Ուրեմն՝ ո՞ւմ են պետք ուսխորհուրդները… Դրանք պետք է լինեն ընդվզող մարմին եւ ոչ թե «տրամպլին»՝ տաքուկ տեղ գնալու համար»: