Բացի նրանցից, քիչ չեն ծեծվում նաեւ երեխաները, աներ-զոքանչներն ու սկեսուր-սկեսրայրները:
Մեր հասարակությունում ընտանեկան բռնությունները շատ տարածված են: Ամենից հաճախ բռնությունների ենթարկվում են կանայք եւ երեխաները: Այդ մասին են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ազգային վիճծառայության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջերս հրապարակված հարցումների արդյունքները:
Ըստ այդմ, մեր երկրում բռնություններից ամենատարածվածը ծեծն է: Հարցման արդյունքների համաձայն, կանանցից եւ երեխաներից հետո ավելի հաճախ ծեծվում են զոքանչներն ու աներները եւ սկեսուր-սկեսրայրները: Ընտանիքում կանանց ամուսինները ծեծվում են համեմատաբար քիչ:
Նշենք, որ հարցումներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում, մասնակցել է 2500 տնային տնտեսություն: Հարցման մասնակիցների մի մասի կողմից հոգեբանական բռնությունները չեն կարեւորվում այնպես, ինչպես ֆիզիկական բռնությունները: Օրինակ՝ երեխային անտեսելը, կամքին հակառակ ինչ-որ բան պարտադրելը, ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը, ընտանեկան հարցերում երեխայի կարծիքը հաշվի չառնելը՝ որպես բռնություն է դիտարկում միայն ամեն հինգերորդը, պատկերը նույնն է նաեւ ընտանիքի մյուս անդամների դեպքում: Ընտանիքում ամենաշատն արհամարհվում են կանայք՝ 16.7%, այնուհետեւ անտեսվում է աներ-զոքանչների կարծիքն ու տեսակետը՝ 16.1%, իսկ երեխաների հանդեպ արհամարհանքը կազմում է 13.6%: Կանանց ամուսինների կարծիքի հետ հայ ընտանիքներում դեռ շարունակում են հաշվի նստել. նրանց արհամարհելը գնահատվում է 11.9%: Հայկական միջավայրում մեծ տարածում ունի նաեւ հայհոյելն ու ապտակելը: Տղամարդիկ հաճախ արգելում են կնոջն աշխատել կամ ծնողների ու հարազատների հետ հանդիպել: Դա նույնպես դիտարկվում է բռնություն: Ըստ հարցումների, հայհոյանք ստանում են կանանց 38.7%-ը, երեխաների՝ 33.5%-ը: Հայհոյանքներից զերծ չեն մնում նաեւ ամուսինների ծնողները: Իսկ իրենք՝ կանանց ամուսինները ամենաքիչն են հայհոյանք ստանում, քանի որ, որպես կանոն, նրանք հայհոյողի դերում են: Ամենաշատը ապտակ ստանում են կանայք եւ երեխաները, երրորդ տեղում՝ զոքանչ-աներ, սկեսուր-սկեսրայրներն են:
Բռնություն է դիտարկվում նաեւ նկատողություն եւ անընդհատ դիտողություն անելը, կոպիտ խոսելաձեւը, լեզվակռիվը, ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը, կամքին հակառակ ինչ-որ բան պարտադրելը: Կոպիտ ավելի շատ խոսում են դարձյալ կանանց հետ: Որպես բռնության տեսակ՝ հայկական ընտանիքներում շատ տարածված է ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը: Այս դեպքում ամենաշատը երեխաներն են ենթարկվում նման բռնության: Աներ-զոքանչներին նույնպես ֆիզաշխատանքներ են պարտադրում: Հաշվի առնելով, որ հայ ընտանիքներում ընդունված չէ ընտանիքի թերությունների մասին բարձրաձայնել, ուստի շատ դեպքերում հնարավոր է, որ հարցումն անցկացնողներն այդպես էլ լիարժեք պատկերը չունենան, թե ով ընտանիքում որքան է բռնությունների ենթարկվում: Սա խոստովանում են նաեւ հարցումն անցկացնողները: