Ավտոբուսների վարորդները շարունակում են չաշխատել, իսկ մայրաքաղաքի բնակիչների նյարդերը տեղի են տալիս:
«Էսպիսի բան կլինի՞, արդեն քանի օր է՝ ավտոբուսներ չկան. առավոտյան չենք կարողանում աշխատանքի գնալ, երեկոյան չենք կարողանում տուն հասնել»,- երեկ կանգառում իր զայրույթը բարձրաձայն արտահայտում էր մի կին, ով արդեն հոգնել էր տրանսպորտի սպասելիս: Հարցի առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից: «Այսօր թերի թողնել մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագիրը՝ հանուն մի քանի մարդու քմահաճույքի, ես համարում եմ ամենասխալ կեցվածքը: Բոլորի ինքնագիտակցությունը հասել է նրան, որ անհրաժեշտ է ավտոբուսներ ներկրել եւ տրանսպորտային ցանցը ավտոբուսներով կառուցել: Երեւանում այսօր չկա մեկը, ով չբողոքի միկրոավտոբուսների քանակից. քանակն ահռելի, իրենք էլ չեն բավականացնում: Այս հարցը չի կարելի խառնել քաղաքականությանը, օգտվել նախընտրական ժամանակահատվածից: Սա է մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ճիշտ ուղին՝ անկախ նրանից, թե մի քանի մարդ ինչ վերաբերմունք ունի դրան: Մանավանդ որ, մենք պատրաստ ենք ընդառաջ գնալ եւ հաշվի առնել վարորդների ցանկությունը: Ուրեմն ի՞նչն է պատճառը, որ նրանք իրենց աշխատանքային պայմանների բարելավման կոնկրետ առաջարկների փոխարեն՝ շարունակում են մանկապարտեզի երեխայի նման պահել իրենց»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Կարեն Եդիգարյանը: Հիշեցնենք, որ «Բոգդան» ավտոբուսների վարորդներն ուրբաթ օրվանից բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ կառավարության օգոստոս ամսին կայացրած որոշման, ըստ որի՝ այսուհետեւ ավտոբուսների շահագործումն անցնելու է մասնավոր տնտեսվարողներին: Վարորդները մտավախություն ունեն, թե երթուղայինների նման՝ ավտոբուսներն էլ են ունենալու «գծի տերեր», ովքեր էլ կթելադրեն սեփական պայմանները: Դեռ ուրբաթ օրը վարչապետ Սերժ Սարգսյանը լսել էր վարորդներին եւ խոստացել, որ նրանց ոչ ոք աշխատանքից չի ազատի եւ աշխատանքային պայմաններն էլ կլինեն այնպես, ինչպես նախկինում: Սակայն, անհասկանալիորեն, անցած օրերին եւս վարորդները շարունակում էին բողոքի ակցիաները՝ կաթվածահար վիճակում թողնելով մայրաքաղաքը:
Պարոն Եդիգարյանը պարզաբանեց, որ արդեն յոթ ամիս գոյություն ունի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցն ավտոբուսներով համալրելու ծրագիրը եւ երկուստեք բացատրական աշխատանքներ անընդհատ տարվել են: Նաեւ տնտեսական հաշվարկներով է ապացուցվել այս ծրագրի կենսունակությունը: Այն, որ վարորդներն առաջարկում են պահպանել ավտոբուսների պետական պարկը՝ գործնականում անհնար է: Քանի որ տրանսպորտային պարկերը հետզհետե անցնում են մասնավոր փոխադրողների տնօրինությանը, անհեթեթ է դառնում պետական պարկի գոյությունը. անհասկանալի է դառնում, թե ինչ կերպ պետք է մրցակցություն ապահովվի: Ուստի եթե այս առիթով օբյեկտիվ հարցեր էլ են առաջանում վարորդների մոտ, միեւնույն է, անընդունելի է նրանց պահվածքը՝ օրեր շարունակ կաթվածահար վիճակում պահել մայրաքաղաքի տրանսպորտը, ասել է թե՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորել համաքաղաքացիների նկատմամբ: Մեր զրուցակիցը նույնպես այն կարծիքին է, որ կարելի էր կազմել խորհուրդ՝ որտեղ ներկայացված կլինեին յուրաքանչյուր երթուղուց մեկական վարորդ եւ նրանք էլ լիազորված կլինեին բանակցային սեղանի շուրջ նստել: Առավել եւս, որ, այսպես կոչված, հակառակորդ կողմը պատրաստ է ՀՀ աշխատանքային օրենսգրքի սահմաններում բավարարել վարորդների առաջ քաշած պայմանները:
Այն, որ վարորդները մտավախություն ունեն, թե սեփականատերերը չեն վերանորոգի մեքենաները, պարոն Եդիգարյանն այսպես է հակադարձում. «Սեփականատերն ամենօրյա հաստատագրված հարկ վճարող է: Եթե այս խոսակցությունը լիներ 5-6 տարի առաջ, երբ դեռ սպասարկումը սպիտակ պետհամարանիշներով էր, ես դրա հետ կհամաձայնեի: Բայց այսօր հարկային դաշտն այնքան է խստացրած, որ եթե կազմակերպությունը մրցույթում շահեց եւ ստացավ դեղին պետհամարանիշներ, ներկայացուցիչը մինչեւ գնում է պետեկամուտների նախարարություն, այնտեղ արդեն հստակ գիտեն, թե տվյալ կազմակերպությունն ինչքան մեքենա ունի, ինչ համարներով եւ ինչքան հարկ պիտի մուծի: Այսօր անհնար է հարկային դաշտից մեքենա պահելը. ես պատրաստ եմ բոլորի հետ վիճել այս հարցով: Այսինքն, գծատերին դարձնել «բոբո»՝ չի կարելի: Գծատերը տնտեսվարող սուբյեկտ է եւ հարկատու: Նրան պետք է վերաբերվել հավուր պատշաճի»:
Պարոն Եդիգարյանը չբացառեց «Առավոտի» դիտարկումը, որ վարորդների բողոքն ուղղորդված է: Քանզի, մեր զրուցակցի պնդմամբ, վարորդներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ինչ որոշման մասին է խոսքը եւ ինչ է ենթադրում այդ որոշումը: Առավել անհեթեթ է վարորդների մերժողական պահվածքը, երբ կողմը պատրաստ է խնդրի լուծման վարորդների տարբերակին ընդառաջ գնալ: Այս խնդրի լուծումը մեր զրուցակիցը հետեւյալն է համարում՝ տնտեսվարող սուբյեկտների հետ արագացնել պայմանագրերը եւ որ վարորդը կհամաձայնի առաջարկվող պայմաններին կամ կլրացնի սեփական պայմանները՝ դուրս կգա աշխատանքի: Իսկ այն վարորդները, ովքեր մերժողական էլ կմնան, կազատվեն աշխատանքից: Այս կտրուկ քայլին պարոն Եդիգարյանը ստիպված է գնալ, քանզի վարորդների հետ չորսօրյա բանակցությունների արդյունքը զրոյական է, իսկ մայրաքաղաքը շարունակում է մնալ թերի տրանսպորտային վիճակում եւ մարդիկ իրենց նյարդերի հաշվին են գնում աշխատանքի կամ դասի:
Նյութը պատրաստվել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ