Ենթադրելի էր, որ երբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում ասուլիսի ընթացքում ԼՂՀ-ի վերջին ՏԻՄ ընտրությունները չդատապարտելը համեմատեց արվամոլների շքերթի արգելման հետ, ասելով, թե պարտադիր չէ, որ ինքն ամեն անգամ հանդես գա այդ արգելքը դատապարտող հայտարարությամբ, իսկ ԵՊՀ-ում էլ հայտարարեց, թե Ղարաբաղն «Ադրբեջանի մաս է»՝ նրա դեմ քննադատական հայտարարությունների պակաս չի լինի:
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն «Առավոտին» ասաց. «Թերի Դեւիսը, կարելի է ասել՝ համակարգված տանում է հակահայ քարոզչություն: Պատմությունը որ ուսումնասիրում ենք՝ Անգլիան էս տարածաշրջանում կարծես թե միշտ վարել է հակահայ քաղաքականություն: Հիշենք նաեւ Անգլիայի նախկին դեսպանուհուն, որն ասաց, թե Ցեղասպանությունը չի տեղավորվում ՄԱԿ-ի միջազգային նորմերի մեջ: Նաեւ գիտենք, որ Անգլիայում գործում է թուրք ժողովուրդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն, եւ նրանք լավ աշխատում են Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության հետ: Բայց Թերի Դեւիսը մի բան չի հասկանում ու չի պատկերացնում. իր պաշտոնը՝ ԵԽ գլխավոր քարտուղար լինելն առաջին հերթին նշանակում է չեզոքություն, մանավանդ որ հարավկովկասյան 3 հանրապետություններն էլ ԵԽ մեջ են: Կարծում եմ, ինքը պիտի գոնե կա՛մ զսպի իրեն, կա՛մ էլ, ինձ թվում է, էդ մարդն երեւի առողջական խնդիրներ ունի: Նախօրոք նաեւ հայտարարելը, թե մոռացե՜ք Կոսովոյի տարբերակը ձեր պարագայում օգտագործելը… կարծում եմ, մարդն առողջության հետ խնդիրներ ունի: Քանի որ ԵԽ-ում այդ պաշտոնի մարդը չպետք է դատավորի շապիկ հագնի եւ արդեն դատավճիռ կայացնի»: Արվամոլների շքերթի հետ համեմատության կապակցությամբ էլ ասաց. «Դա հաստատում է, որ էդ մարդը առողջական, մտավոր կարողությունների հետ կապված ինչ-որ լուրջ խնդիրներ ունի»:
Հ. Գ. Նման վիրավորանքները տարբեր խողովակներով հասնում են ԵԽ գլխավոր քարտուղարին: Հազիվ թե նման վիրավորանքներից հետո նա սիրով լցվի մեր հանդեպ եւ սկսի անել հայանպաստ հայտարարություններ: