Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկիչ հայեր՝ PKK-ի կազմո՞ւմ

Նոյեմբեր 07,2007 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի քննարկումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելու՝ ամերիկացի օրենսդիրների որոշումը:

Այդ մասին նա ասել է նախօրեին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած հանդիպումից հետո՝ հայտարարելով. «Այսպես կոչված՝ ցեղասպանությունը մեր ռազմավարական համագործակցությունը խորապես վնասելու ունակություն ունի»: Ամերիկյան Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Էրդողանը նաեւ նշել է. «Մենք պատրաստ ենք մեր պատմության հետ հաշվի նստել, բայց մեր փաստաթղթերը ցույց են տալիս, որ որեւէ ցեղասպանություն չի եղել. մեր դավանած արժեքները թույլ չեն տալիս ցեղասպանություն գործել»: Էրդողանը եւս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված՝ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իր առաջարկի մասին եւ նշել, որ «դա մինչ օրս մնացել է անպատասխան»: Ըստ Էրդողանի, Հայաստանը շարունակում է առաջ քաշել «իր անհիմն պնդումները, ինչը մեծապես խոչընդոտում է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը»: Շարունակելով թեման, Թուրքիայի վարչապետը հավելել է. «Մեզ քաջ հայտնի է, որ երկու երկրները տարբեր կերպ են ընկալում այդ ժամանակների իրադարձությունները: Ավելին, գիտենք նաեւ, որ երկու ժողովուրդներն էլ շատ զգայուն են վերաբերվում այս հարցին: Այդ իսկ պատճառով Թուրքիան ջանում է, որ այդ ժամանակահատվածի գնահատականը տան գիտնականները եւ ոչ թե խորհրդարանականները»:

Նույն ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը ասել է, թե Բուշի հետ հանդիպումը անցել է շատ ջերմ մթնոլորտում: «Ես այստեղ եմ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունները արժեւորելու համար: Մեր երկրների միջեւ շարունակվում է ռազմավարական համագործակցությունը: Մեր հարաբերությունները պետք է շարունակեն ընթանալ դրական հունով, եթե նույնիսկ երբեմն ի հայտ են գալիս որոշ խոչընդոտներ»,- հայտարարել է Էրդողանը: Խոսելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող պայքարի մասին, վերջինս ընդգծել է, որ այդ պայքարը Իրաքի տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակ չունի: «PKK-ի հարձակումները լցրել են մեր ազգի համբերության բաժակը: Ցանկացած պետության համար ուղղակի անընդունելի է իր սահմանի մյուս կողմում անվտանգությունը եւ կայունությունը վտանգի տակ դնող ահաբեկչական տարրի առկայությունը: Մեր խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն է տվել անդրսահմանային գործողություններ սկսելու կառավարության դիմումին, ինչը ուղղված չէ ոչ Իրաքի տարածքային ամբողջականության, ոչ էլ Իրաքի ժողովրդի դեմ»,- նշել է Թուրքիայի վարչապետը: Հատկանշական է Էրդողանի այն արձանագրումը, թե PKK-ի առնչությամբ էթնիկական խնդիր չկա, քանի որ այդ կազմակերպության ահաբեկիչների թվում «կան ե՛ւ քրդեր, ե՛ւ հայեր»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել