Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, փաստորեն, իզուր էր ԱԺ արտահերթի ընթացքում զգուշացնում՝ «շիլաշփոթի միջոցով չփոփոխել «Ընտրական օրենսգիրքը»: Խորհրդարանական մեծամասնությունը բավականին սահուն առաջին ընթերցմամբ ընդունեց մեծամասնության կողմից արված փոփոխությունները:
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր օրենսգրքի համապատասխան հոդվածում, որը փաստում է, թե նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է, որ թեկնածուն որպես նախընտրական խոստում ներկայացնի դրամական օգնություն կամ պարգեւ, մտցվի նաեւ, որ ոչ միայն թեկնածուն, այլեւ տվյալ թեկնածուի օգտին որեւէ երրորդ անձ չի կարող նման խոստումներ տալ: Այս առաջարկը ԸՕ փոփոխությունները ներկայացնող ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը ընդունելի է համարում: ՀՅԴ-ն, ի թիվս այլ առաջարկների, որոնց մենք անդրադարձել ենք, առաջարկել է նաեւ, որ ԿԸՀ-ն սահմանի ոչ միայն անվճար, այլեւ վճարովի գովազդային չափերը:
Բացի ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից, խորհրդարանական մյուս ուժերի համար անընդունելի է ԸՕ այն փոփոխությունը, որ վերաբերում է նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուի՝ դաշինքի կողմից առաջադրվելուն: Սակայն Սամվել Նիկոյանը չի ուզում ընդունել, որ դաշինքով կամ բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն շատ ավելի ուժեղ կլինի, քան ինքնաառաջադրված թեկնածուն. «Դուք ասեք, թե դաշինքները նախագահական ընտրությունների ժամանակ ինչ ֆունկցիոնալ նշանակություն ունեն, ինչ խնդիր են լուծում: Եթե խորհրդարանական ընտրության ժամանակ դաշինքը առաջադրում է ուժերին, ապա նա հետագայում եւս գործառույթներ է ունենալու, այսինքն՝ դաշինքը գործելու է ԱԺ-ում: Իսկ նախագահական ընտրություններից հետո դաշինքն անելիք չունի: Ընտրողի համար պետք է հասկանալի լինի՝ որ քաղաքական ուժն է առաջադրում տվյալ նախագահի թեկնածուին, որ քաղաքական ուժն է կրելու պատասխանատվությունը, որ քաղաքական ուժի ծրագրերն է, որ պիտի իրականացնի նախագահի թեկնածուն»: Փաստորեն, ըստ այս տրամաբանության, եթե Ռոբերտ Քոչարյանը նորից առաջադրվի, նրան ոչ մի քաղաքական ուժ չի սատարելու, քանի որ նախորդ ընտրություններում նրան սատարած ուժերն այսօր ունեն իրենց սեփական-կուսակցական նախագահացուները, եւ գործող նախագահի «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսը այլեւս հնացած է:
ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանի կարծիքով՝ «չկան երաշխիքներ, որ մենք այս անցումը կանենք եւ կունենանք շատ հստակ նոր ընտրացուցակներ, եթե կան այդ երաշխիքները, ասացեք, թե ինչո՞ւ մինչեւ այժմ այդպես չեն եղել, ինչո՞ւ հստակ չեն այդ ցուցակները»: Ըստ պարոն Շահբազյանի, ընտրացուցակները խառնվեցին 12 տարի առաջ, եւ մինչեւ այժմ էլ այդ խառնաշփոթը շարունակվում է: Արտյուշա Շահբազյանը եւս գտնում է, որ հարկ չկա առանձնապես կառչել միջազգայինների առաջարկներից եւ տող առ տող դրանք կատարել. «Քանի որ նրանք գնում են Ասիա, գալիս են չգիտեմ թե ուր, բոլորովին նկատի չունենալով տեղական առանձնահատկությունները: Բայց նրանց հիմնական պահանջն այն է, որ Հայաստանում անցկացվեն արդար ընտրություններ: Ուրեմն եկեք այդ հիմնական պահանջը կատարենք եւ մնացածը կկարողանանք բացատրել, թե սա ինչու չկատարեցինք ձեր ցանկությամբ, էս մեկն էլ ինչու էսպես արեցինք»: