Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ

Նոյեմբեր 07,2007 00:00

Բայցեւ պայքարելու են դրանց դեմ բոլոր հնարավոր միջոցներով՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան դիմելը

Նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները՝ ավելի քան 40 հոգի, համատեղ «օպերացիա» իրականացրին՝ առանց զգուշացման ներխուժելով ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» ընկերություն: Սա այն դեպքում, երբ այս նույն գործարանում հարկային ծառայությունը ստուգումներ է արել ընդամենը 3-4 ամիս առաջ՝ հուլիսի 16-ին: «Բջնի» գործարանը այս ընտանիքին պատկանող կազմակերպություններից հերթականն էր, որն անցած շաբաթների ընթացքում դարձել է իշխանությունների ու, մասնավորապես, հարկային ծառայության առանձնակի ուշադրության առարկա: Հիշեցնենք, որ մինչ այս ստուգումներ էր կատարվել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլվա» ՍՊԸ-ում՝ տպարանում, «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ-ում, որի փայատերերից մեկն ու տնօրենը կալանավորված Գեւորգ Սաֆարյանն է, նաեւ ծխախոտ ներմուծող «Պարես Արմենիա» ՍՊԸ-ում: Արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, մի քանի հոգի կալանավորվել են:

Իր ընտանիքին պատկանող ընկերություններում տարերային ստուգումների մեկնարկը, Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ, իշխանությունների կողմից իր եւ իր ընտանիքի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արդյունք է, որի միակ պատճառն այն է, որ ինքը համարձակվել է լինել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում եւ բացահայտորեն հայտարարել, որ անկախ իր նկատմամբ հնարավոր ճնշումներից՝ եղել եւ մնալու է Լ. Տեր-Պետրոսյանի կողքին: «Այո, դա պայմանավորված է իմ դիրքորոշումով: Հակառակ դեպքում իմ դեմ տոտալ հարձակումներն այդ մակարդակով չէին լինի»,- երեկ «Առավոտին» տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խ. Սուքիասյանը: Այն, որ ստուգումներն ընթանում են օրինախախտումներով եւ բացահայտ ցինիկությամբ, արձանագրել են ոչ միայն «ՍԻԼ» կոնցեռնի պատասխանատուները, այլեւ՝ «Բջնի» գործարանում ստուգումներին ականատես լրագրողները: «Ես՝ որպես սեփականատեր, հասկանում եմ, որ սա քաղաքական պատվեր է, իսկ նման պարագայում օրենքը կարող է եւ շրջանցվել: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Խ. Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքը գիտեր, պատրաստ էր ու գիտակցում էր, որ Լ. Տեր-Պետրոսյանի կողքին լինելու դեպքում իր նկատմամբ ճնշումներ են լինելու: Զավեշտականը, սակայն, այն է, որ մինչեւ «ՍԻԼ» կոնցեռնին պատկանող կազմակերպություններում սկսված ստուգումներն ու դրան հետեւած ձերբակալությունները, մամուլում արդեն նման տեղեկություններ սկսել էին շրջանառվել: Արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ դրանք վաղօրոք պատրաստված քայլեր էին: «Դա հատուկ մարտավարություն էր իրենց (իշխանությունների) կողմից, որի նպատակն էր ճնշում գործադրել, վախեցնել ինձ՝ հույս ունենալով, որ միգուցե այդ ընթացքում մենք կփոխենք մեր դիրքորոշումը, ինչը տեղի չունեցավ: Ինչպես տեսնում եք, մենք մնում ենք մեր դիրքերում»,- հայտարարեց Խ. Սուքիասյանը:

Վերջինս իր եւ իր ընտանիքի նկատմամբ ծայր առած քաղաքական հետապնդումների եւ սանձարձակ ստուգումների հետագա շարունակության ու ծավալման դեմ մտադիր է պայքարել իրավական հարթությունում. «Դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետներն ու կառույցները, որոնց հետ մենք համապատասխան պայմանագրեր ենք կնքել»:

Ի պատասխան մեր այն հարցին, թե ի՞նչ կարող են «գտնել» հարկային ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները իր գլխավորած կոնցեռնին պատկանող ընկերություններում, պարոն Սուքիասյանն ասաց, որ չի կարծում, թե ստուգումներ իրականացնողների համար կարեւորն ինչ-որ բան գտնելն է: Խ. Սուքիասյանի համոզմամբ, «նրանք ընդունակ են նույնիսկ ուժային ճնշումների եւ, իրենց թվում է, որ կարող են վարվել այնպես, ինչպես իրենց հարմար է: Մենք էլ կվարվենք այնպես, ինչպես հարմար կգտնենք՝ օրենքի շրջանակներում, եւ կսկսենք մեր շահերն ու իրավունքները պաշտպանել տարբեր ատյաններում, այդ թվում՝ Եվրոպական դատարանում: Մի բան ակնհայտ է՝ այն ընկերությունները, որտեղ ես սեփականատեր կամ համասեփականատեր եմ, պետք է զբաղվեն բիզնեսով, ինչին կոչված են, եւ ոչ թե պայքարեն ապօրինականությունների դեմ»:

Հատկապես իշխանական ԶԼՄ-ների կողմից անընդհատ մատնանշվում է, որ Սուքիասյաններին պատկանող կազմակերպություններում ստուգումների արդյունքում օրինախախտումներ են ի հայտ բերվել, ձերբակալություններ են եղել, մարդիկ են կալանավորվել: Որքանո՞վ են այդ մարդիկ իրականում առնչվում Սուքիասյանների ընտանիքի հետ: «Դրանք կապ ունեն այնքանով, որքանով մեր ընտանիքի հետ բարեկամական կապեր ունեն կամ մեր ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունեն: Ընդհանրապես, մեզ հետ որեւէ կերպ առնչվողների նկատմամբ էլ են ճնշումներ գործադրվում: Ինձ համար մի բան է անհասկանալի. «Պիցցա դի Ռոմա»-ների տնօրենին ձերբակալելուց երկու օր հետո Գ. Սաֆարյանի 23-ամյա տղային, որը մրցույթով աշխատանքի էր ընդունվել Մաքսային կոմիտեում, իմ տեղեկություններով, կանչել ու ասել են, որ «վերեւից» հրահանգ կա, որ դու պետք է դիմում գրես եւ հեռանաս: 37 թիվը հիշեցնող այսպիսի որոշումներ են կայացվում նաեւ այսօր: Իհարկե, մենք այս ամենի դեմ իրավական դաշտում կպայքարենք, կպաշտպանենք մեր իրավունքները, բայցեւ, կարծում եմ, ապագայում այս անօրինականությունների հեղինակները նախանձելի վիճակում չեն հայտնվելու, որովհետեւ, վերջին հաշվով, տնտեսությունն է էս երկրի հիմքը, եւ չեմ կարծում, թե տնտեսվարողների նկատմամբ այսպիսի ոտնձգությունները հենց էնպես կանցնեն»:

Խ. Սուքիասյանի դիտարկմամբ, այսօր, մասնավորապես, տնտեսական օրենսդրությունը լիարժեք չի կիրառվում, գործարարներն անհավասար պայմաններում են աշխատում, եւ նրանց հարկային հավասար դաշտ բերելու համար իշխանությունը քաղաքական կամք չի դրսեւորում, չկա տնտեսվարողների գործունեության համեմատական վերլուծություն անելու պրակտիկա: Պատկան մարմինները, թերեւս, պարտավոր էին, օրինակ՝ սպասարկման ոլորտում «Պիցցա դի Ռոմա» կազմակերպության աշխատանքը վերլուծել եւ այն համեմատել, ասենք՝ «Ջազվե»-ների հետ, բայց Հայաստանում այդպիսի պրակտիկա չկա: Փոխարենը, ըստ գործարարի, տոտալ ճնշումներ են գործադրվում այն կազմակերպությունների վրա, որոնցում իշխանության ներկայացուցիչները բաժնեմաս չունեն: Ընդհանրապես, Խ. Սուքիասյանի մատուցմամբ, այսօր երկրում կան արհեստական մենաշնորհներ, տնտեսական դաշտում ամեն ինչ կարգավորվում է ծանոթ-բարեկամի սկզբունքով, ուստիեւ որոշ անգամ խոշոր կամ միջին տրամաչափի գործարարներ ձգտում են անպայմանորեն լինել իշխանության ճամբարում՝ իրենց ու իրենց բիզնեսը ապահովագրել-պաշտպանելու համար: Խ. Սուքիասյանն ասաց նաեւ. «Մենք դեմ չենք ստուգումներին, բայց դժվար է մեզ ուղղակի դնել ու ոչնչացնել: Մենք հենց այնպես չենք «հանձնվի»: Մեր կազմակերպությունները կպայքարեն մինչեւ վերջ մեր իրավունքները պաշտպանելու համար: Այդպես չի, որ ինչ-որ մարդիկ նստեն, որոշեն եւ ամեն ինչ անեն այնպես, ինչպես իրենք են որոշել: Կարծում եմ, ես շատ տնտեսվարողների, ովքեր մշտապես ճնշումների տակ են գտնվում, օգնած կլինեմ»:

Հասկանալի է նաեւ, որ Սուքիասյանների դեմ իշխանությունների կողմից ճնշումներն առավել մեծ կլինեն այն դեպքում, եթե Լ. Տեր-Պետրոսյանն առաջիկա ընտրություններում հանկարծ ձախողվի: Ի՞նչ է մտադիր անել այդ դեպքում Սուքիասյանների ընտանիքը: «Մենք պատրաստ ենք բոլոր փուլերին եւ դժվարություններին: Հավատացած եղեք, որ մենք շատ ենք սիրում մեր հայրենիքն ու ամեն ինչ կանենք, որպեսզի ունենանք իրավական պետություն»:

Խ. Սուքիասյանը բացառեց երբեւէ Հայաստանը լքելու հնարավորությունը. «Բացառված է: Ես մնալու եմ իմ հայրենիքում բոլոր ժամանակներում, ես ՀՀ քաղաքացի եմ, ԱԺ պատգամավոր եմ, սեփականատեր ու համասեփականատեր եմ, ես Հայաստանում քարը քարին եմ դրել, համակարգ եմ ստեղծել, որը ՀՀ բյուջեում շատ մեծ մասնաբաժին ունի, եւ չեմ պատրաստվում հեռանալ: Ես մնալու եմ Հայաստանում եւ մինչեւ վերջ պայքարելու եմ իմ իրավունքների, իրավական պետության կառուցման համար՝ չփոխելով իմ քաղաքական հայացքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել