Իրենց ավելի քան հարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ ՀՅԴ-ն եւ ՌԱԿ-ը երեկ անցկացրին միջկուսակցական համաժողով:
ՀՅԴ Բյուրոյի եւ ՌԱԿ Կենտրոնական Վարչության երեկ կազմակերպած համաժողովն արդյունքն էր այս տարվա փետրվարին այս կուսակցությունների ու նաեւ ՍԴՀԿ-ի Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության: «Մենք միասին նախաձեռնեցինք սա, բայց Հնչակյան կուսակցությունն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ այսօր ներկա լինել: Բայց հուսով եմ, որ հաջորդին ներկա կլինի»,- լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Հրանտ Մարգարյանի ելույթը համաժողովում բացատրություն էր պարունակում, թե ինչ դրդապատճառներով էր թելադրված վաղեմի մրցակցի հետ համագործակցություն հաստատելու այս որոշումը: Ըստ նրա, հայկական իրականության մեջ փորձ է արվում «նվազեցնել, փոքրացնել, նվաստացնել հայկական կուսակցությունների դերակատարությունը: Նախընտրությունը տրվում է հասարակական այն խմբակցություններին, որոնք կայացել են անձերի շուրջ»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչն ասաց, թե ավանդական կուսակցություններն ունեն գաղափարախոսություն, ծրագիր ու նվազ ենթակա են ազդեցությունների. «Եվ հավանաբար սա է պատճառը, որ գիտակցաբար փորձ է արվում նսեմացնել կուսակցությունների դերակատարությունը»:
Հրանտ Մարգարյանը նաեւ նշեց, թե ՀՀ ձեւավորմամբ նոր իրավիճակ է ստեղծվել. «Եթե մենք չկարողանանք հարմարվել նոր իրականության հետ, եթե չկարողանանք համապատասխանել նոր իրավիճակին, եթե չկարողանանք այս նոր պայմանների մեջ նոր, նորացված հարաբերություններ ստեղծել իրար հետ եւ համառենք մնալ անցյալում, անցյալի սովորությունների եւ բարքերի մեջ՝ դա միայն կնպաստի մեր ինքնասպառմանը»: Եվ անհրաժեշտ համարեց համերաշխության հասնելը՝ քաղաքական ուժերի երկխոսության շնորհիվ. «Մեզ կարող են իրարից զատորոշել գաղափարախոսական, գաղափարական հարցեր, սակայն կան համահայկական մակարդակի մի շարք կարեւոր խնդիրներ, որոնք միայն պետք է կարողանան մեզ համախմբել իրար շուրջ»:
ՌԱԿ Կենտրոնական Վարչության ատենապետ Մայք Խարաբյանն իր ողջույնի խոսքում «աննախադեպ» անվանեց այս համաժողովը՝ նշելով, թե մրցակցությունը կամ իրար հակասող գործունեությունը հայկական կառույցների միջեւ «մեծապես կվնասեն մեր միասնական պայքարին՝ ջլատելով մեր ուժերը եւ վատնելով մեր միջոցները, որոնցից կօգտվեն մեր թշնամիները»: Եվ, ըստ նրա, «հայկական բոլոր կազմակերպությունները պարտավոր են համադրել իրենց ճիգերը եւ համախմբվել համահայկական նպատակների շուրջ»: Պարզվում է, որ ընդամենը մի հարյուր տարի էր պետք այս ամենը հասկանալու համար: Բայց՝ լավ է ուշ, քան երբեք:
Սակայն առավել հետաքրքիր է, թե ինչ էին քննարկում իրենց այս առաջին համաժողովում ռամկավարներն ու դաշնակցականները: Զեկույցով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Ալբեր Աճեմյանը՝ մասնավորապես անդրադառնալով Ջավախքի խնդրին: Հայտարարեց, թե Վրաստանի իշխանություններն են իրականացնում Ջավախքի հայաթափման ծրագիրը՝ սոցիալ-տնտեսական անտանելի պայմաններ ստեղծելով, «պատմական հայկական այս երկրամասը դատարկելով բնիկ ժողովրդից՝ ջավախահայերից»: Ըստ Ալբեր Աճեմյանի՝ Ջավախքի ինքնավարության պահանջն օրակարգային է եւ հրատապ. «Արդար Վրաստանը չի կարող ունենալ այլ կառուցվածք, քան դաշնությունը կամ համադաշնությունը»:
Ռամկավար Րաֆֆի Պալյանը հայտարարեց «Ջավախքի մեր եղբայրներն ու քույրերը պետք ունեն մեզի: Սփյուռքն ալ պարտավոր է օգնել Ջավախքին ու Նախիջեւանին… Ինչքան ներդրումներ տեղի կունենան Արցախին հողամասին վրա՝ նույն ուժգնությամբ պիտի լինեն Ջավախքում»: Այս քննարկման առանձին մանրամասները կներկայացնենք վաղվա համարում:
Քննարկումներից հետո ընդունվեց ծավալուն մի հայտարարություն, որտեղ նշված էր, թե ՀՅԴ-ն ու ՌԱԿ-ը «համաձայնություն գոյացուցին համազգային հարցերու լուծման շուրջ խորացնել միջկուսակցական համագործակցությունը»։ Հայտարարության մեջ կարեւորված է. «Անհրաժեշտ է արագացնել համայն հայության Հայաստանի քաղաքացի դառնալու հնարավորություն տվող օրենքի կիրարկումը»: Անհրաժեշտ է համարված ստեղծել Սփյուռքի նախարարություն. «Հայրենիք-սփյուռք հարաբերությունները առավել եւս ազդու եւ ներգործուն դարձնելու համար անհրաժեշտ է Հայաստանի մեջ անհապաղ կերպով կյանքի կոչել բացառապես տվյալ առաքելությունը ունեցող հատուկ նախարարություն մը»: Համաժողովը նաեւ որոշեց կազմել ՀՅԴ-ՌԱԿ ղեկավարների խորհուրդ, որը պիտի համակարգի միջկուսակցական համագործակցությունը: