Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՔ ԴՐՎԵՑ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Նոյեմբեր 06,2007 00:00

\"\"Այս առիթով Թեղուտ էին այցելել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, նախարարներ եւ այլ պաշտոնյաներ \"\"

Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը այցելել էր Լոռու մարզի Թեղուտ գյուղ, որտեղ մեկնարկեց պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրումը: Լեռնային Ղարաբաղից բերված վերաձուլված արկի պարկուճի մեջ տեղադրվեց վարչապետի ուղերձը եւ կոմբինատի հիմնարկեքի ժամանակ պարկուճը տեղադրվեց կառուցվելիք շենքի հիմքում: Վարչապետի ուղերձում ասվում էր. «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, անկախ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ծրագրերից, նախաձեռնվել է մեր երկրի հետագա հզորացմանն ու շրջակա բնակավայրերի տնտեսական վերելքին մեծ նպաստ բերելու ակնկալիքով»: Ուղերձում Ս. Սարգսյանը հույս հայտնեց, որ տասնամյակներ հետո սերունդներն ուղերձը կարդալուց հետո կհաստատեն, որ այսօրվա նպատակադրումները ճիշտ էին, իսկ դրանց իրականացումը՝ գրագետ ու կշռադատված: Լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետը նշեց, որ Թեղուտի շահագործումը մեր երկրի տնտեսական ամենախոշոր ծրագրերից է, որը Հայաստանի հյուսիսում կբացի նոր աշխատատեղեր: Անդրադառնալով այն հանգամանքին, որ հանքի շահագործումը կհանգեցնի մի շարք բնապահպանական խնդիրների, վարչապետն ասաց. «Կառավարման որոշման մեջ հստակ ֆիքսված են խաղի կանոնները, մենք հսկելու ենք, թե ինչպես են իրականացվելու աշխատանքները: Վստահ եմ, որ ընկերությունն ամբողջությամբ կկատարի բոլոր բնապահպանական միջոցառումները»: Ս. Սարգսյանի ներկայացմամբ՝ այդ հատվածում կան նաեւ պատմական հուշարձաններ, որոնք հանքարդյունահանման ընթացքում կտեղափոխվեն մեկ այլ տեղ:

Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացնում է «Վալլեքս գրուպի» կազմի մեջ ընդգրկված ACP ընկերությունը: «Վալլեքս գրուպի» կազմում է նաեւ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որի նորանշանակ ղեկավար Արթուր Մկրտումյանը շնորհավորեց եւ իր շնորհակալությունը հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր ընդգրկված էին թե երկրաբանական եւ թե շինարարական աշխատանքների մեջ. «Հիմք է դրվում նախադեպը չունեցող այնպիսի լեռնահանքային համալիրի, որը, ի տարբերություն մյուսների, կառուցվում է զրոյականից»: Արթուր Մկրտումյանի հավաստմամբ՝ շինարարության առաջին օրերից մոտ 2000 աշխատատեղ կբացվի, իսկ հետագայում, 2-3 տարի հետո, հանքի շահագործման սկզբից՝ մոտ 3000 աշխատատեղ:

Թեղուտ գյուղի բնակիչների համար էլ հանքավայրի շահագործումը ողջունելի էր: Նրանց ներկայացմամբ՝ «Մեր գյուղում այդ ոլորտի մասնագետներ շատ կան, լավ է, որ մարդիկ վերջապես աշխատանք կունենան, մեր երիտասարդներն էլ գործ կունենան ու կմնան գյուղում»: Գյուղացիների խոսքերով՝ ուզում ենք առիթից օգտվել ու վարչապետին խնդրել, որ մեզ մոտ մեկ այլ գործարան էլ բացեն, որպեսզի կարողանանք շարունակել գյուղատնտեսությամբ զբաղվել ու մեր աճեցրած մրգերը գոնե կարողանանք հանձնել:

Հանքարդյունաբերական կոմբինատի հիմնարկեքի ժամանակ Սրբազանը օրհնեց նախաձեռնած աշխատանքները: Այդ առիթով նաեւ գյուղում մատաղ մատուցվեց: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը պաշարների մեծությամբ երկրորդն է Հայաստանում՝ Քաջարանից հետո: Տասնամյակների հետազոտություններից հետո, Թեղուտի հանքավայրում հայտնաբերվել է 450 մլն տոննա հանքաքարի պաշար՝ պղնձի 1,6 մլն տոննա եւ մոլիբդենի 99 հազար տոննա: ACP-ն հանքի շահագործումը ստանձնել է մոտ 30 տարով, իսկ ներդրումների ծավալը կազմում է շուրջ 250 մլն ամերիկյան դոլար: Ընկերության ծրագրերով նախատեսվում է հանքի շահագործման առաջին փուլում տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանում եւ վերամշակում, իսկ հետագայում այդ ծավալը կեռապատկվի: Ըստ ընկերության՝ արտադրվող խտանյութերում պղնձի քանակը մոտ 800 տոննա է լինելու, այն դեպքում, երբ Հայաստանում ներկայումս տարեկան արտադրվում է մոտ 4 հազար տոննա: 2001 թվականից հանքավայրի ուսումնասիրման աշխատանքներին ներգրավված են եղել կանադական խորհրդատվական ընկերության մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել