Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐԻՆ ՀԱՅ ԵՐԳՆ ԵՄ ՔԱՐՈԶՈՒՄ»

Նոյեմբեր 06,2007 00:00

Ասում է երգչուհի Արուս Գուլանյանը

Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով նշվեց ժողովրդական երգերի հայտնի ու սիրված կատարող Արուս Գուլանյանի ծննդյան 50-ամյակը: Երեկոն աչքի ընկավ պարգեւների աննախադեպ առատությամբ՝ սկսած ՀՀ վարչապետի, մշակույթի, ԿԳ եւ ՊՆ նախարարությունների մեդալներից ու պատվոգրերից, վերջացրած մարզպետների շնորհավորագրերով:

«Առավոտը» երգչուհու արվեստի մասին խոսք լսելու նպատակով զրուցեց հայ երգարվեստի միության պատասխանատու քարտուղար Սերգեյ Առաքելյանի հետ:

«Սնկի պես աճող «երգչիկ-աստղիկների» այսօրվա խիտ անտառում վեր է խոյանում Արուս Գուլանյանի «նաիրյան դալար բարդին»: Ժողովրդական, աշուղագուսանական երգը ավելի է իմաստավորվում ու ջերմանում նրա մեկնաբանությամբ ու մատուցմամբ: Վստահ կարող եմ ասել, որ սիրված ու կայացած այս երգչուհին Շողիկ Մկրտչյանի, Արաքսի Գյուլզադյանի, Օֆելյա Համբարձումյանի կատարողական դպրոցի լիիրավ հետնորդն է: Նա ունկնդրին չի ջանում հուզել ավելորդ գեղգեղանքներով, երգը մատուցում է պարզ ու անկեղծ: Այդպես էլ պետք է լինի. չէ՞ որ մեր երգին հատուկ չէ կրքի շիկացումը, արտաքին արդուզարդը: Դրանց կատարումն էլ պետք է լինի նույնքան անկեղծ ու սրտաբուխ»,- նշեց պրն Առաքելյանը: Հետաքրքրվեցինք՝ միշտ հա՞րթ է եղել երգչուհու ստեղծագործական ճանապարհը: Մեր զրուցակիցը շրջանցելով հարցը, միայն նշեց, որ նախանձն ու խանդը հատուկ է բոլոր արվեստագետներին. «Ի դեպ, Արուսը եւս ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Նա իր առաջին՝ բուժքույրի մասնագիտությամբ, այդ տարիներին ծառայել է հայրենիքին»: Պրն Առաքելյանը տեղեկացրեց նաեւ, որ երգչուհին 1992թ. «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի եւ 1997թ. Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիրներից է:

Ըստ մեր տեղեկությունների, «Շանթ» TV-ի անցկացրած «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ փուլ անցած երեք երգիչներից երկուսը՝ Նարեկ Պողոսյանն ու Արմեն Դավթյանը, տիկին Գուլանյանի սաներն են, ինչի մասին երիտասարդ երգիչները երբեք չեն բարձրաձայնել: Ասվածը հաստատելով, պրն Առաքելյանը նշեց. «Չեմ կարող ասել, թե երիտասարդները ուսուցչի անունը ինչու ոչ մի անգամ չհիշատակեցին: Գուցե տղաների խոսքի այդ հատվածը մոնտաժվե՞լ է… Բայց ո՞վ չգիտի, որ երգչուհին արդեն տասը տարի դասավանդում է աշուղական դպրոցում: Նա հիանալի մանկավարժ է: 2004թ. Արուսի ստեղծած «Նազանի» անսամբլի շուրջ 35 երգիչ-երգչուհիներ հենց իր սաներն են, որոնցից ոմանք այսօր ուսանում են կոնսերվատորիայում: Երգչուհին իր անսամբլի հետ, երեւանյան ու մարզային համերգներից բացի, պարտադիր տարին մեկ անգամ համերգներով շրջագայում է Ղարաբաղի ազատագրված տարածքներում, նույնիսկ եթե դա համընկնում է արտերկրյա հրավերների հետ՝ վերջինները հետաձգում է»:

Պրն Առաքելյանը հավելեց, որ երգչուհին իր եւ անսամբլի հոգսերը հոգում է առանց հովանավորի, որից եւ բխեց մեր հետեւյալ միակ հարցը իրեն՝ Ա. Գուլանյանին՝ Դուք ժողովրդական երգերի եզակի կատարողներից եք, որոնց հանդիպել ենք նաեւ քարոզարշավներին: Ինչպե՞ս է, որ ձեզ չեն ընդառաջում այս կամ այն կուսակցությունները: Երգչուհին պատասխանեց. «Քարոզարշավներին ես քարոզում եմ… հայ երգը, որ տարիներ շարունակ մղվել էր հետին պլան: Իսկ իմ արվեստը գնահատողների մեջ կան քաղաքական գործիչներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել