Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժի կողքին

Նոյեմբեր 06,2007 00:00

Մտավորականների մի մասը երեկ հայտարարեց, որ ցանկանում է Սերժ Սարգսյանին տեսնել ՀՀ նախագահ

«Ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղել: Միայն վերջում ենք խելոքանում»՝ «Ազգային գիտակցություն» հիմնադրամի՝ օրերս կազմակերպած «Հայաստանը նախագահական ընտրությունների շեմին. գործընթացներ եւ իրողություններ» խորագրով գիտաժողովին «Առավոտին» ասաց ԵՊՀ գիտության վարչության բաժնի պետ, պատմաբան Հայկազ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցողները հիմնականում այն կարծիքին էին, որ ներկայիս վարչապետի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելն ամենանպաստավորն է մեր երկրի համար: «Ժողովրդին առաջարկում եմ ընտրել այսօր եղած թեկնածուներից առաջնորդին, ոչ թե ղեկավարին: Այդ դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին, որը փորձառություն է անցել, չի խռովել ժողովրդից, ինչպես ոմանք դա արել են ժամանակին»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի առիթով հայտնեց. «Պետություն ղեկավարելը շնորհ է, ոչ թե վերապաշտոնավորում: Մյուս կողմից էլ, հայ ժողովուրդը չպետք է երկու անգամ նույն գետը մտնի»: Պատմաբանին հարցրինք, թե հայ մտավորականները ինչո՞ւ են միշտ անցնում իշխող քաղաքական ուժի կողմը: Նա պատասխանեց. «Գիտաժողովին հավաքվել են առաջատար գիտնականներ, որոնք բոլորն էլ եկել են սեփական կամքով: Իսկ ինձ համար կարեւոր է առաջնորդի ընտրությունն ու պետությունը առաջ տանելը: Հայ ժողովուրդը գոյատեւել է վերջին սերմի բնազդը պահելու շնորհիվ, եւ եթե այդ տրամաբանությունը չպահպանենք, կրկին Ալեքսանդրապոլի պայմանագիր ենք կնքելու»:

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանն էլ քննեց այն հարցը, թե արդյո՞ք ներկայումս հնարավոր է ՀՀ իշխանական համակարգի փոփոխություն։ «Երբ գիտական մոդելներով վերլուծություն ենք կատարում, գալիս ենք այն եզրակացության, որ պասիվ լոյալություն ցուցաբերող մարդկանց թիվն ավելին է, քան հեղափոխականներինը: Քանի որ վերջիններիս թիվը սահմանային շեմը չի անցնում, ուրեմն ընտրություններից հետո ունենալու ենք գոյություն ունեցող համակարգի վերարտադրություն: Հետեւաբար, գերխնդիր է ոչ թե այն, թե ով կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, այլ այն, թե ով կդառնա իշխանության թեկնածուն: Իսկ դա միանշանակ Սերժ Սարգսյանն է, որը տիրապետում է մեծ ռեսուրսների: Մյուս կողմից էլ, փորձարկված տեխնոլոգիա է՝ ապագա նախագահը սկզբից ստանձնում է վարչապետի գործառույթները»: Ա. Մկրտչյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց այն գործոնները, որոնց ազդեցության տակ մեր երկրում հնարավոր կլինի իշխանափոխություն. «Դրա պատճառ կարող են լինել արտաքին անբարենպաստ պայմանները, օրինակ՝ պատերազմի վերսկսումը եւ մեր պարտությունը կամ սոցիալական ներքին պայթյունավտանգ վիճակը՝ գների աճը»։ Ա. Մկրտչյանն էլ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում. «Այս պայմաններում մեզ համար ապակայունացումը վտանգավոր է»:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի ելույթը լսելուց հետո հազիվ թե նախագահի՝ ընդդիմադիր թեկնածուները ցանկություն ունենային նախագահ դառնալ: «Ենթադրենք, որ 10-15 ընդդիմադիր կուսակցություններ համախմբվել են, եւ նրանց թեկնածուն ընտրվել է ՀՀ նախագահ: Նա կհայտնվի փակուղային իրավիճակում։ Չունենալով խորհրդարանական մեծամասնություն, նա չի կարող ազդեցություն ունենալ խորհրդարանական մեծամասնության ձեւավորած կառավարության վրա: Հետեւաբար, նա չի կարող բավարարել իրեն սատարած կուսակցություններին տված խոստումները: Ուստի կասկածի տակ կդրվի Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ նախագահը պետք է ապահովի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հենց այս պատճառով էլ ինձ համար նախընտրելի է, որ նախագահի պաշտոնում ընտրվի այն քաղաքական գործիչը, որը տիրապետում է խորհրդարանի մեծամասնությանը»,- կարծում է պրն Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել