Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմպոտենտ հեռուստատեսություն մեզ պետք չէ»

Նոյեմբեր 06,2007 00:00

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի համագյուղացիները սպառնում են նրան «անպատվաբեր քաղաքացի» հռչակել, եթե վերջինս «Գալայի» հարցը չլուծի:

Գյումրեցիները, դեմ լինելով իշխանությունների՝ «Գալա» հեռուստաընկերությանը «տղամարդկայնությունից» զրկելու փորձերին, պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել: Գյումրեցիների խոսքերով՝ «Մեզ իմպոտենտ հեռուստաընկերություն պետք չի, մենք ուզում ենք նորմալ, անկախ ալիք ունենալ»:

Երեկվանից հանուն Գյումրիի անկախ լրատվական ալիքի, ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի գլխավորությամբ սկսվել է ստորագրահավաք: «Ձեռներդ հեռու «Գալայից», «Հարգեք շիրակցիներիս ազատ ու անկողմնակալ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը» կարգախոսներով դիմում-բողոքը շուտով ուղարկվելու է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում կուսակցական գործիչը նախազգուշացրեց, որ «Գալայից» ձեռ չքաշելու դեպքում ստորագրահավաքը կվերածվի հանրահավաքի, երթի ու մի շարք այլ «չլսված ու չտեսնված» քայլերի: Վահան Թումասյանն առաջարկում էր «խայտառակել» Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, ծնունդով շիրակցի Գրիգոր Ամալյանին: «Եթե Ամալյանը այսպես շարունակի, մենք կխնդրենք իր ծննդավայրի՝ Փանիկ գյուղի ավագանուն նրան ճանաչել որպես գյուղի անցանկալի անձ, անպատվաբեր քաղաքացի»: Կուսակցության լիդերը նաեւ կոչ էր անում շիրակցիներին գովազդային «բլոկադայի» մեջ հայտնված հեռուստաընկերությանը սեփական միջոցներով պատվիրել սոցիալական գովազդներ: Վահան Թումասյանը խոստանում էր զարկ տալ համարձակ ու հարկայինի շուքից չվախեցող այն գովազդատուների բիզնեսին, ովքեր շարունակում են պատվերներ տալ անկախ ալիքին. «Ես պատրաստ եմ կոչ անել համաքաղաքացիներին, իմ կուսակիցներին, ծանոթ-բարեկամներին՝ բացառապես օգտվելու չճնշվող բիզնեսմենների սպասարկման օբյեկտներից»: Մենք «Գալայի» աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե գովազդատուների մեջ կա՞ն այդպիսի համարձակ ձեռներեցներ, որոնք հարկայինի ճնշումներից չվախենալով՝ շարունակում են «Գալային» գովազդներ պատվիրել: Պարզվում է, որ երկու օր առաջ «Գալան» կորցրել է իր ամենավերջին գովազդատուին: Մեր տեղեկություններով, երկու շաբաթ առաջ՝ կիրակի օրը, ՀՀ ազգային անվտանգության պետն անձամբ է ձեռներեցներին հրավիրել մայրաքաղաք ու «Գալայից» հեռու մնալու հրահանգ տվել:

«Գալայի» աշխատակիցները պատմում են, որ հարկայինի հյուրերի հետ ոչ մի կերպ չեն կարողանում շփվել: Ըստ նրանց, հարկայինի աշխատակիցների խումբը ղեկավարող հարկային տեսչության օպերատիվ-հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Գագիկ Օհանյանը բերանը ջուր է առել, որովհետեւ նրան հրահանգված է լրագրողների հետ չշփվել: Իսկ մյուսներն էլ հենց տեղի հարկայինից կոնֆետներ են ստանում ու մեզ առաջարկում՝ ասելով, թե «ինչ կլինի՝ հյուրասիրվեք, բերաններդ քաղցրացրեք, գոնե էսօր մեր մասին մի քիչ քաղցր խոսեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել