Վերջին մեկ ամսվա ընթացքում հարկային ու պետական այլ մարմիններ «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Սուքիասյանների բիզնեսի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում:
Շաբաթվա մեջ մի քանի անգամ, ստուգումների անվան տակ, Սուքիասյաններին պատկանող ընկերություններ են այցելում հարկային ծառայության ու անգամ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները: Նրանք, առանց որեւէ փաստաթղթի ու հանձնարարականի, առգրավում են համակարգիչները՝ որեւէ խախտում գտնելու ակնկալիքով:
Երեկ հարկահավաքները, առանց նախապես տեղեկացնելու, ներխուժել էին «Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարան: Ինչպես պարզեցինք, նրանք հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության վերահսկողության եւ գանձումների թիվ 2 բաժնի աշխատակիցներն էին: Մինչ գործարանի տնօրինությունը կհասցներ նրանց ինքնությունը պարզել, հարկային տեսչության մոտ 15 աշխատակից մտավ «Բջնի» հանքային եւ «Նոյ» բնական ջրերի պահեստ ու սկսեց հատ առ հատ հաշվել պահեստի հազարավոր շշերը: Տեսուչները շատ ուշադիր հաշվում էին անգամ դեռ չշշալցված տարաները: «Առավոտի» այն հարցին, թե հատկապես ի՞նչ նպատակով են ստուգումներ իրականացնում, ավագ հարկային տեսուչ Սամվել Գաբրիելյանը պատասխանեց. «Էս ամենը մի փորձեք քաղաքականացնել: Հարկայինը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, մենք պարզապես հերթական բյուջեի փոխհարաբերություններով ստուգում ենք կատարում»: Մեզ հետ զրույցում Ս. Գաբրիելյանը հավաստեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարկային ծառայության ոչ մի ստորաբաժանում «Բջնի» հանքային ջրերի գործարանում հարկային ստուգումներ չի անցկացրել եւ հիմա գույքագրում են անելու, հետո աշխատողներին են հաշվելու, որպեսզի պարզեն, թե ընկերության փաստաթղթերն իրականությանն ինչքանո՞վ են համապատասխանում:
Մինչդեռ գործարանի տնօրեն Արթուր Խաչատրյանն «Առավոտին» հայտնեց, որ նույն հանքարտադրողների հարկային տեսչությունն իրենց մոտ ստուգումներ է արել այս տարվա հուլիսի 15-ին ու որեւէ խախտում չի հայտնաբերել: Ի դեպ, Ս. Գաբրիելյանի ներկայացմամբ՝ վերջերս իրենք նմանատիպ ստուգումներ են իրականացրել տասնյակ այլ խոշոր ընկերություններում, իսկ թե որոնք են այդ ընկերությունները, հարկային ծառայության տեսուչն անգամ մեկ ընկերության անուն չկարողացավ հիշել: Նկատենք, որ հարկային տեսչության հանձնարարականով գործարանում ստուգումներ իրականացնելու իրավունք ուներ միայն 9 տեսուչ, սակայն մեր այցելության պահին գործարանում ստուգումներ էր անում հարկայինի 15-ից ավելի տեսուչ: Ուշագրավ է, որ հարկային ստուգումներին մասնակցում էին նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները: «Բջնի» հանքային ջրերի գործարանում նրանց գտնվելու իմաստն ու նպատակը այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ նրանք ամեն կերպ խուսափում էին հարցերին պատասխանել, միայն նշում էին. «Մեզ հարկայինն է հրավիրել, հարցրեք իրենց»: Ի պատասխան մեր հարցին, հարկայինի տեսուչներն էլ «ցրողական» պատասխան էին տալիս. «Մենք մեր գործն ենք անում ու թե ով ինչի համար ա էստեղ գտնվում, էդ մեզ վաբշե չի հետաքրքրում»:
«Բջնիի» պահեստի դատարկ ու լիքը բոլոր շշերը հաշվելուց եւ գործարանի աշխատակիցներին մեկ առ մեկ գրանցելուց, պաշտոնները ճշտելուց հետո՝ վարչության եւ հարկային ծառայության տեսուչներն անցան, իրենց իսկ խոսքերով՝ գործողությունների 2-րդ փուլին: Նրանք խմբերով ներխուժում էին աշխատասենյակներն ու հանկարծակիի եկած աշխատողներին հրահանգում՝ առանց համակարգիչներին ձեռք տալու, անմիջապես դուրս գալ աշխատասենյակներից: Դրանից հետո, այն տեսուչները, որոնք համակարգչից գլուխ էին հանում, սկսեցին գործարանի արտադրած ու իրացրած ապրանքների թվերը ստուգել ու հարկային ծառայությանը ներկայացրած փաստաթղթերի հետ համեմատել: Իսկ ոմանք էլ շատ ուշադիր ստուգում էին 111 աշխատակիցների ցուցակը՝ ճշտելով անգամ նրանց հասցեներն ու հեռախոսահամարները: Հարկայինի տեսուչներից մեկը տեղեկացրեց, որ ստուգումների ավարտից հետո համակարգիչները կտանեն, ու ընկերության աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի, մինչեւ իրենք համոզվեն, որ Խաչատուր Սուքիասյանի գործունեությունը 100%-ով մաքուր է: Երբ մոտ 5 ժամ տեւած ստուգումների արդյունքում տեսուչները որեւէ խախտում չհայտնաբերեցին, հայտնի չէ, թե ում հրահանգով, նրանք հայտարարեցին, որ համակարգիչներն առայժմ կմնան իրենց տեղում, սակայն ցուցմունք տալու համար ոստիկանության բաժանմունք բերման կենթարկվեն գործարանի տնօրեն Արթուր Խաչատրյանը, փոխտնօրենը եւ եւս 3 աշխատակից: Նկատենք, որ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները գործարանի տնօրենին եւ աշխատակիցներին ոստիկանության բաժանմունք տանելու համար համապատասխան փաստաթուղթ չունեին: «Առավոտի» այն հարցին, թե ինչ արտառոց խախտում է հայտնաբերվել, որ ուզում են տնօրենին ոստիկանություն տանել, օպերլիազորներից մեկը պատասխանեց. «Միայն կարող եմ ասել, որ մենք նրան տանում ենք ոչ թե հարցաքննության, այլ որոշ հարցերի շուրջ ցուցմունք տալու: Իսկ թե ինչ հարցերի մասին է խոսքը՝ կիմանա միայն ինքը»:
Տեղեկացնենք նաեւ, որ հարկային տեսչության հետ համագործակցում էր նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը հանքային ջրի առաքման նպատակով առավոտյան գործարանից դուրս եկած 14 «Գազելներից» 7-ին օպերատիվ կերպով ճանապարհից տարել էր ոստիկանություն՝ արգելելով ապրանքն առաքել խանութներ:
Այս առնչությամբ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որին պատկանում է «Սիլ» կոնցեռնը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցերին, ասաց, որ այս ձեւական ստուգումները իրականում արդյունք են այն բանի, որ ինքը սատարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ներկա է եղել նրա՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքին: Նրա խոսքերով. «Մեր նպատակն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվի նախագահ: Չնայած իշխանության գործողություններին՝ մենք մեր գաղափարներից երբեք չենք հրաժարվի: Մեր տեղեկություններով՝ անգամ բնապահպանության նախարարությանն են հրահանգել, որ մեր վրա մի բան գտնեն: Այս գործողությունները կանխատեսելի էին, եւ ես սպասում եմ պետական մարմինների կողմից նույնիսկ ավելի կոպիտ ճնշման ու ոտնձգության»: