Լրահոս
Օրվա լրահոսը

Դեւիսը՝ «ռեժիմի» եւ «անջատականների» մասին

Նոյեմբեր 06,2007 00:00

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի երեկվա համատեղ մամուլի ասուլիսին վերջինս ԼՂ իշխանություններին բնորոշեց «ռեժիմ» եւ «անջատականներ» արտահայտություններով:

Շարունակելով թեման՝ Դեւիսը նշեց, թե իր պատկերացմամբ, ԼՂ իշխանությունները չեն տարբերվում Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի «ռեժիմների» ներկայացուցիչներից: Միեւնույն ժամանակ, Դեւիսը հրաժարվեց զուգահեռներ անցկացնել Կոսովոյի հետ, որտեղ, նրա խոսքերով, կառավարում է ՄԱԿ-ի հովանու տակ գործող ժամանակավոր վարչությունը, որն էլ, իր հերթին, կազմավորվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի շրջանակներում: Դեւիսը հիշեցրեց, որ ինքը հանդիսացել է ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով առաջին զեկուցողն ու շարունակում է ուշադիր հետեւել ղարաբաղյան գործընթացներին: Նկատել տալով, որ չկարգավորված հակամարտության պայմաններում ԼՂ քաղաքացիները զրկված են բազմաթիվ իրավունքներից (օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունքից), ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, թե հակամարտության կարգավորումը ԼՂ-ի բնակիչներին հնարավորություն կտա ամբողջությամբ օգտվելու ԵԽ անդամ երկրների քաղաքացիներին մատչելի բոլոր իրավունքներից եւ ազատություններից: Այդուհանդերձ, նա չասաց, թե ինքն անձնապես ինչ կերպ է պատկերացնում ԼՂ խնդրի կարգավորումը: Անդրադառնալով Ղարաբաղում անցկացված վերջին ՏԻՄ ընտրություններին, Դեւիսը նշեց, որ եթե այս անգամ ԵԽ-ն չի դատապարտել այն, ապա դա ոչինչ չի նշանակում: Նրա խոսքերով, եթե ինքն արձագանքի աշխարհում տեղի ունեցող բոլոր համանման իրադարձություններին, ապա դրա համար գուցե ժամանակը չբավականացնի: Խոսելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր հանդիպման մասին, Թերի Դեւիսը նշեց, թե Սարգսյանից հավաստիացում է ստացել, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է ընդունել մշակութային ժառանգության գնահատման ԵԽԽՎ առաքելությանը: Ընդ որում, ինչպես ընդգծեց ԵԽ գլխավոր քարտուղարը, հայկական կողմը պատրաստ է ընդունել այդ առաքելությանը՝ անկախ հանգամանքից, թե ինչ դիրքորոշում կունենա Ադրբեջանի ղեկավարությունը:

Իր հերթին, Օսկանյանը, մեկնաբանելով ՌԴ նախաձեռնած «Մարդու իրավունքների գրասենյակի եւ ժողովրդավարական ինստիտուտների կողմից ազգային ընտրությունները դիտարկելու կազմակերպման հիմնարար սկզբունքները» կոչվող փաստաթղթին Հայաստանի միանալու հանգամանքը, վստահեցրեց, որ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների թվի տեսականորեն հնարավոր կրճատումը ոչ մի կերպ չի անդրադառնա մեր երկրի վրա: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, այդ փաստաթղթում առաջարկվում է, որ ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների թիվը, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է ԵԱՀԿ ընդհանուր բյուջեից, չգերազանցի 50-ը: Օսկանյանը ընդգծեց, որ ԵԱՀԿ-ի կողմից հայաստանյան ընտրությունները դիտարկելու ողջ շրջանում այդ դիտորդների թիվը չի գերազանցել 30-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել