Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանը դրան չի հասնի»

Նոյեմբեր 06,2007 00:00

Նոյեմբերի 3-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ տարբեր առիթներով մի քանի անգամ ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նոյեմբերի 3-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» լեփ-լեցուն սրահում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերը եւ Երեւանը ներկայացնող շուրջ 1700 երիտասարդներ, այդ թվում՝ անկուսակցականներ ու մեծ մասամբ ուսանողներ: «Առավոտի» տեղեկություններով, հանդիպմանը ներկա են եղել նաեւ մեկ-երկու բուհերի ուսխորհրդի «հանրապետական» ներկայացուցիչներ:

Շուրջ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում ՀՀ առաջին նախագահը պատասխանել է իրեն ուղղված տարաբնույթ հարցերի, բայց նախ՝ հանդես է եկել մոտ կես ժամանոց ելույթով, որը վերաբերել է 1988թ. Ղարաբաղյան շարժմանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալություններին եւ այլն: Հարցադրումները, որոնք Լ. Տեր-Պետրոսյանին ուղղել են ոչ միայն երիտասարդները, այլեւ գործող իշխանության օրոք աշխատած նախկին մի փոխնախարար, վերաբերել են ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, այնպես էլ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին:

Հարցադրումներից մեկին, թե՝ ինքը թիմ չունի եւ իր՝ նախագահ ընտրվելու պարագայում իշխանության է գալու «նախկինների» ողջ թիմը, Լ. Տեր-Պետրոսյանը վստահեցրել է, որ այսօր իր թիմում բազմաթիվ նոր դեմքեր կան:

Արձագանքելով իրեն ուղղված հարցերից մեկին՝ ի՞նչ կարող է գործող իշխանությունը հիշեցնել Լ. Տեր-Պետրոսյանին, ինչի մասին ակնարկել էր նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ առաջին նախագահն ասել է, թե՝ «կարող եք անհոգ լինել, հիշեցնելու ոչինչ չունի: Եթե հիշեցնելու բան լիներ, վաղուց կհիշեցներ, եւ մենք բանտերում կլինեինք»: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ հավելել է, որ ժամանակին իր հրամանագրերը, վարչապետի բոլոր որոշումները քննության առարկա են եղել, ստուգվել է «նախկինների» գործունեությունը, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել:

Մեկ այլ հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը հանկարծ հաղթի նախագահական ընտրություններում, ինքը՝ Տեր-Պետրոսյանը, կշարունակի՞ պայքարել, ՀՀ առաջին նախագահը հանգստացրել է՝ «բանը դրան չի հասնելու»:

Հանդիպման ավարտից հետո ներկաներից մի քանիսը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել են, թե ուրախ են, որ առիթ են ունեցել ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպելու, հարցեր ուղղելու: Նրանց ասելով, Լ. Տեր-Պետրոսյանի տեսակետներն իրենց համար լիովին ընդունելի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել