Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽ ՁԵՐ ԱՉՔԻ ԳԵՐԱ՛ՆԸ ՀԱՆԵՔ

Նոյեմբեր 06,2007 00:00

\"\"Հայաստանն ԱՊՀ-ի ամենաժողովրդավարական երկրներից մեկը համարողներին խորհուրդ է տալիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:

Երեւան ժամանած ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ իր բոլոր հանդիպումների ժամանակ այս կամ այն կերպ անդրադարձել է ներքաղաքական իրողություններին: Այսպես, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ Թերի Դեւիսը, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ կարեւորել է ՀՀ նախագահի ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելը՝ «ընդգծելով ոչ միայն ընտրության օրը, այլեւ նախընտրական շրջանում հավասար հնարավորությունների ստեղծումը եւ լրատվամիջոցների հասանելիությունը»: ԱԳՆ-ում երեկ ասուլիսի ընթացքում նա դարձյալ անդրադարձել է այս հարցին. «Ընտրությունները միայն քվեարկության օրով չեն սահմանափակվում, եւ շատ կարեւոր է, թե ինչ է լինելու ընտրություններից 3-4 ամիս առաջ»: Ակնհայտ է, որ ԵԽ գլխավոր քարտուղարին հասել են ահազանգերը, որ նախընտրական այս շրջանում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած գործիչներից առնվազն մեկը զրկված է հեռուստաեթերից: Երեկ ուշ երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել եւ շուրջ կես ժամանոց զրույց է ունեցել Թերի Դեւիսի հետ: Վերջինս ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում դարձյալ է կարեւորել բոլոր քաղաքական ուժերին ԶԼՄ-ներով հանդես գալու հավասար հնարավորություններ ընձեռելը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող այն փոփոխության առնչությամբ, ըստ որի՝ դաշինքները զրկվում են նախագահի թեկնածություն առաջադրելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ այս փոփոխությունն ուղղված է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ:

Սակայն ներքաղաքական հարցերին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն առավել հանգամանալից անդրադարձավ երեկ ԵՊՀ-ում իր ելույթում եւ հետո հարցուպատասխանի ընթացքում, որին մասնակցում էին Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի ունկնդիրները:

Նախ մի քանի մեջբերումներ Թերի Դեւիսի ելույթից: Որպես Հայաստանի եւ ԵԽ-ի միջեւ համագործակցության ամենակարեւոր դրական ձեռքբերում նշելով անցկացված սահմանադրական փոփոխությունները՝ նա ափսոսանք հայտնեց, որ սահմանադրական հանրաքվեն ստվերեցին խախտումները, որոնց պատճառով ի դերեւ ելավ հասարակական աջակցությունը բարեփոխումների նկատմամբ. «Այն դասը, որ պիտի քաղենք այս իրավիճակից՝ այն է, թե Հայաստանը պիտի բարեփոխի իր քաղաքական մշակույթը: Իշխանությունը եւ ընդդիմությունը պիտի սովորեն հարգել միմյանց ու խոսել իրար հետ: Սա չի նշանակում, թե չպիտի լինեն առողջ ժողովրդավարական բանավեճեր ու մրցակցություն. ընդհակառակը՝ սա իրականում նշանակում է, որ քաղաքական մրցակցությունը հիմնված է գաղափարների եւ ծրագրերի, այլ ոչ թե գոտկատեղից ներքեւ հարվածների վրա»:

Թերի Դեւիսը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն բազմիցս իր խորը հիասթափությունն է արտահայտել մեր երկրում անցկացված ընտրությունների կապակցությամբ: Եվ նշելով, թե բարելավման ինչ-ինչ նշաններ կային այս տարվա մայիսին անցկացված ԱԺ ընտրությունների ընթացքում՝ նա ասաց. «Բոլորս հուսով ենք, որ այդ դրական միտումները կարձանագրվեն 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում»: ԵԽ գլխավոր քարտուղարը կարեւորեց նաեւ դատական համակարգի անկախությունը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, եւ ինչպես նշեց նա՝ «Եվրոպայի խորհրդի ստուգման թերթիկում հաջորդն արտահայտման ազատությունն է»: Եվ այս կապակցությամբ ողջունելի համարելով, որ ՀՌԱՀ անդամներին այլեւս նշանակում է ոչ միայն բացառապես ՀՀ նախագահը, այլեւ ԱԺ-ն, պրն Դեւիսն ասաց. «Այնուամենայնիվ, դեռ կան որոշ խնդիրներ թեկնածուների ընտրության կապակցությամբ: Խիստ էական է, որ ընտրությունը կատարվի թափանցիկ եղանակով եւ պայմանավորված լինի արժանիքներով»:

Առնվազն տարակուսելի էր, որ այս ամբողջ թվարկումից հետո (մենք դեռ ԵԽ գլխավոր քարտուղարի մատնանշած ոչ բոլոր բացթողումներն ենք մեջբերել) ԵՊՀ-ից Ցոլակ Հակոբյանը նրան հարց ուղղեց. «Ի՞նչ կարծիք ունեք հետեւյալ խնդրի շուրջ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ ամենադեմոկրատական երկրներից մեկը. համեմատական կարգով՝ ԱՊՀ երկրների շրջանում»: Հնչեցին ծափեր, որոնց վրա պիտի որ սառը ջուր լցներ Թերի Դեւիսի պատասխանը. «Ես ժողովրդավարության առաջատարության ցուցակ չեմ կազմում: Ինձ համար պարզապես անհնար է որոշելը, թե ո՛ր երկիրն է մյուսից ավելի ժողովրդավարական: Իհարկե, Հայաստանում ժողովրդավարությունն ունի որոշակի թերություններ, ինչպիսիք կան նաեւ ձեր հարեւան երկրներում»: Եվ հավելեց. «Ես ձեզ կառաջարկեի, որ փոխանակ փորձեք որոշել, թե դո՞ւք եք ավելի լավը, թե՞ ձեր հարեւանները՝ կենտրոնացեք սեփակա՛ն դժվարությունների վրա: Պարզ ասեմ՝ Աստվածաշնչից մեջբերում անելով. քո աչքի գերանը հանիր, հետո մտածիր ուրիշի աչքի շյուղի մասին»:

Սեփական խնդիրների վրա կենտրոնանալու հորդորը հնչեց նաեւ այնժամ, երբ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտ Սուրեն Մովսիսյանը հարցրեց, թե դեռ որքան ԵԽ-ն ու միջազգային հանրությունը պիտի հանդուրժողաբար վերաբերվեն Ադրբեջանի ԶԼՄ-ներում պատերազմ եւ ատելություն սերմանող քարոզչությանը: «Դուք երեւի չեք ակնկալում, չէ՞, որ ես գալով Երեւան՝ քննադատելու եմ մեկ այլ երկրի մարդկանց: Նույն ձեւով՝ ես չեմ գնում Բաքու ու քննադատում Հայաստանի ժողովրդին,- նաեւ ասաց Թերի Դեւիսը:- Այնուամենայնիվ, ես խորհուրդ կտայի, որ փորձեք մտածել ու հասկանալ, թե ձեր ընդդիմախոսներն ինչո՛ւ են այդպես խոսում»:

Հավաքվածները բուռն ծափերով ողջունեցին նաեւ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գալստյանի հարցը. «Ձեր կարծիքով, Ադրբեջանը երբեւիցե կհաշտվի՞ Ղարաբաղի կորստի հետ, ինչպես Մեծ Բրիտանիան ժամանակին հաշտվեց իր գաղութների կորստի հետ»: Մեծ Բրիտանիայի քաղաքացի Թերի Դեւիսն ի պատասխան ասաց. «Կարծում եմ, շատ մեծ տարբերություն կա. Ղարաբաղը գաղութ չէ, այլ Ադրբեջանի մաս է կազմում»: Շարունակելով զուգահեռը՝ նշեց, թե իր երկրում նման խնդիրները լուծվում են խաղաղ ճանապարհով. «Վերջին շրջանի մեկ բացառությամբ՝ Հյուսիսային Իռլանդիան, որին թույլ չտրվեց անջատվել Միացյալ Թագավորությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել