Ոստիկանությունն առանց պատճառաբանության էլ ազատ արձակեց ընդդիմության համախոհին
Երեկ, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները առանց պատճառաբանության Օպերայի մոտից, «Բոլոր հանցավոր ապօրինությունները կատարվում են իմ լուռ համաձայնությամբ» բովանդակությամբ թռուցիկներ փակցնելիս, Կենտրոնի բաժին բերման են ենթարկել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակիր Վարդգես Գասպարյանին: Իրեն բերման ենթարկելու մասին Վ. Գասպարյանը «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց այն պահին, երբ նրան արդեն նստեցրել էին ՊՊԾ-ի ծառայողական ավտոմեքենան՝ ոմն սերժանտ Գասպարյանի հրահանգով: Թե ո՞ւր էին իրեն տանում, Վ. Գասպարյանը դեռ չգիտեր: Մոտ կես ժամ անց մենք պարզեցինք, որ նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:
Կենտրոնի ոստիկանության դռները ներսից ամուր փակված էին: «Առավոտի» լրագրողին ու ֆոտոթղթակցին նախ թույլ չտվեցին մտնել ոստիկանության շենք՝ ճշտելու համար, թե՝ ի՞նչ հիմքով է ՀՀ քաղաքացին բերման ենթարկվել, ապա ասացին, թե ոստիկանապետը խիստ զբաղված է, կազատվի՝ մեզ կկանչեն: Միլպետ Արթուր Մեհրաբյանը մեզ հետ զրուցելու համար այդպես էլ ժամանակ չգտավ, փոխարենը շուրջ մեկ ժամ անց Վ. Գասպարյանին ազատ արձակեցին: Ընդ որում, այդ՝ ավելի քան մեկ ժամվա ընթացքում նրան բերման ենթարկելու մասին որեւէ արձանագրություն չէր կազմվել: «Ես սկզբում էլ էի ասել, թե չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հրավիրել: Եթե դա՝ հրավիրվելը, իմ ցանկությամբ է՝ ես չեմ գալիս, եթե բերման են ենթարկում՝ կենթարկվեմ: Ինձ ասացին՝ այո, բերման ենք ենթարկում: Բերեցին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, բացատրություններ պահանջեցին, թե ինչո՞ւ եմ թռուցիկներ փակցնում, ո՞րն է դրա իմաստը, արդյո՞ք տեքստը գրել է Նիկոլ Փաշինյանը եւ այլն»,- պատմեց Վ. Գասպարյանը: Նա հրաժարվել էր բացատրություն տալուց կամ առանց փաստաբանի որեւէ բան ասելուց. «Ես ասացի, որ ոստիկանությունում ոստիկաններին լուսավորելու խնդիր չունեմ»: Վ. Գասպարյանի լռությունը, նրա ասելով, զայրացրել էր ոստիկաններին, այդ թվում՝ Կենտրոնի ոստիկանության ՊՊԾ վաշտի հրամանատար Վարդան Գեւորգյանին, եւ նրանք սկսել էին բերման ենթարկվածին, նրա ասելով՝ «փողոցային բառապաշարով հայհոյել»:
Ավելի ուշ, երբ ոստիկաններին փոխանցվել էր, որ Վ. Գասպարյանի հետեւից ոստիկանություն են եկել լրագրողներ, գալու են նաեւ փաստաբան եւ այլք, նրան հանգստացրել էին, թե իրեն չեն հարցաքննում, քրգործ չեն հարուցում, ուստի՝ փաստաբան ունենալն անհրաժեշտ չէ, բայց պետք է բացատրություններ տալ, որովհետեւ նրան տուգանելու են վարչական իրավախախտման՝ փողոցները կեղտոտելու համար: «Հետո չգիտեմ՝ ի՞նչ մտածեցին, առանց բացատրություններ տալու ասացին՝ ազատ ես, կարող ես գնալ: Ես հարցրի՝ կարո՞ղ եմ շենքից դուրս գալ, պատասխանեցին, թե հենց սկզբից էլ ազատ էիր, քեզ բերման չեն ենթարկել»:
Վ. Գասպարյանն արդեն ազատ էր արձակվել եւ ոստիկանության շենքի բակում զրուցում էր, երբ եկան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանն ու ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որոնց արդեն ոստիկանության շենքում ընդառաջ եկավ Կենտրոնի բաժնի՝ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանը: Նա համոզում էր, թե Վ. Գասպարյանին բերման չեն ենթարկել: Այդ դեպքում՝ ի՞նչ հիմքով էին նրանից պահանջել նստել ոստիկանության ավտոմեքենան՝ չասվեց: Փոխարենը գնդապետը խոստովանեց, թե Վ. Գասպարյանին ոստիկանություն հրավիրելն իր հրամանն է եղել՝ նպատակն էլ բարոյախրատական կարդալը, թե՝ չարժե քաղաքը կեղտոտել, բայց այն, որ նպատակը միանգամայն այլ է եղել՝ թռուցիկ փակցնողին պատժելը, առանց ծանոթ լինելու դրա բովանդակությանը, ակնհայտ է. «Ես եմ ասել տղաներին, որ տեսեք՝ ո՞վ է փակցնում, հրավիրեք իմ մոտ: Հրավիրել են, զրուցել եմ իր հետ: Կարդացի, տեսա՝ մեջը բան չկա, ոչ մեկի հասցեին վիրավորանք չկա…»: Տ. Բաղդասարյանը նաեւ բացառում էր, որ Վ. Գասպարյանին որեւէ մեկը հայհոյել է: Այդուհանդերձ, Վ. Գասպարյանը երեկ մեր թղթակցին ասաց, որ մտադիր է հայտարարություն անել եւ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել իրեն հայհոյողներին: