Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԱՄ-ը անակնկալներ չի մատուցի

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Հավատացնում է այդ կուսակցության ղեկավարը

«Դեռ 20 տարի առաջ, երբ նոր էր սկսվել այս ամենը, երբ ես մտա մեծ քաղաքականություն՝ անկեղծորեն կարծում էի, թե քաղաքականությունն ինձ համար ժամանակավոր բան է եւ ես վերադառնալու եմ իմ մասնագիտությանը: Ես ինձ համարում էի կայացած մասնագետ, իր ուղին հստակ ընտրած մաթեմատիկոս: Քաղաքականությամբ զբաղվելն ինձ համար անակնկալ էր: Մտքովս անգամ չի անցել, թե ես երբեւէ քաղաքականությամբ կզբաղվեմ: Չմտածեք, թե քաղաքականությունն ինձ համար մի չգիտեմ ինչ էր: Եթե այն ժամանակ քաղաքական խնդիրների առանցքը չկազմեր մեր խորը ազգային հիմնախնդիրը՝ ղարաբաղյան թեման, ես քաղաքականություն չէի էլ գալու: Եվ այս քսան տարիների ընթացքում շատ անգամ եմ մտածել մասնագիտությամբս զբաղվելու մասին: Անընդհատ ասել եմ՝ լավ, այս մի քայլն էլ անենք-վերջացնենք ու վերադառնամ մասնագիտությանս, լավ, այս մյուսն էլ, սա էլ կարեւոր է, դե, էսպես չի լինի, մի տեսակ կիսատ է…… Բայց հիմա արդեն նայում եմ հետ՝ իմ ակտիվ կյանքի ամենակարեւոր տարիներն անցան քաղաքականության մեջ: Հիմա էլ մտածում եմ, որ քաղաքականությունից դժվար հնարավոր լինի որեւէ տեղ գնալ: Սա իմ հանգրվանն է, ես քաղաքականությունը չեմ կարող թողնել»,- այսպես մտորեց նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը «Առավոտի»՝ ինչո՞վ եք զբաղվելու ձեր լիազորությունների ավարտից հետո հարցի շուրջ: Բայց եթե իրադրության բերումով պարոն Ավագյանը, այդուհանդերձ, ստիված լինի դուրս գալ քաղաքականությունից, նա դա «կատաստրոֆա» չի համարում եւ ոչ մի ողբերգություն չի տեսնում գիտական աշխատանքով զբաղվելու մեջ:

Պարոն Ավագյանին մեծ քաղաքականություն բերեց ղարաբաղյան թեման. քսան տարի անց այդ հարցը դեռեւս լուծված չէ, ավելին, շարունակում է մնալ հրատապ, իսկ առաջին նախագահը հայտարարեց, որ ինքը վերադառնում է նաեւ Ղարաբաղի հարցը լուծելու: «Մենք ղարաբաղյան հարցում հիմա հասել ենք մի այնպիսի հանգրվանի, որ ցանկացածը, ով իրեն հայ է զգում՝ շեղվելու, թեքվելու ճանապարհ չունի: Մի՞թե ղարաբաղյան թեման կարող է քաղաքական քննարկումների նյութ լինել,- հռետորական հարց է հնչեցնում նա եւ շարունակում:- Լուծման ճանապարհը միակն է՝ ինչը որ ժամանակը կարող է տալ հայությանը, այդ առավելագույնն է մերը: Այդ ճանապարհն այլընտրանք չունի: Այն բանավեճի նյութ չի կարող դառնալ: Պահի քաղաքական խնդիրների դաշտում, այս կամ այն նպատակի համար, ինչ-ինչ կողմեր կարող են թեման շահարկել: Բայց դա շահարկում կլինի: Այդ հարցով չեն կարող այլընտրանքային պայքարի մեխանիզմներ ձեւավորել, որ դա քաղաքական պայքարի կիզակետ դառնա»: «Առավոտը» հիշեցրեց, որ 1997-98-ին ղարաբաղյան հարցը դարձավ քաղաքական պայքարի կիզակետ: «Դուք հենց իմ միտքը բացեցիք. որեւէ տատանում Ղարաբաղի թեմայում՝ հարցը միանգամից կլուծվի եւ չի մնա քաղաքական երկարատեւ այլընտրանքների թեմա Հայաստանում: Ես կարծում եմ, որ այդ հարցի լուծումը, ինչպես մեկ անգամ արդեն ավելի անկեղծ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին՝ ինքը չունի: Տեր-Պետրոսյան, թե նախագահի այլ թեկնածու՝ այս հարցում շահարկումից այն կողմ՝ անելիք չունի: Այս հարցը հայ ազգի արժանապատվության եւ պատվի խնդիրն է, պետք է համախմբվել եւ կիրառել ողջ ներուժը: Պետք չէ քաղաքական այլընտրանքներն այս թեմայի մեջ տեղավորել»,- ասաց Սեյրան Ավագյանը:

«Երբ մենք հիմնադրեցինք ՀԺԱՄ-ը, հայտարարեցինք, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում նոր ժամանակներ են սկսվում: Մի տեսակ միտինգային, համաժողովրդական, հրապարակներով քաղաքականությանը մասնակցելու տեսակից ժամանակն է անցնել ավելի լուրջ, ավելի խորը քաղաքական աշխատանքի: Քաղաքական ապագան միջին խավի կայացման, զարգացման ասպարեզում է»,- այսպես արձագանքեց Սեյրան Ավագյանը հարցին, թե ո՞ր դաշտում է լինելու ՀԺԱՄ-ը:

Իսկ Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ մեր զրուցակիցն ասում է. «Կներեք, բայց նրա առաջադրումից դեռ չի երեւում, թե ինչ է անելու Տեր-Պետրոսյանը Հայաստանի քաղաքական դաշտում: Եթե նրա որոշումը՝ մնալ մեծ քաղաքականության մեջ, վճռորոշ է՝ նախագահական ընտրություններից հետո կերեւա»: Սեյրան Ավագյանը կասկած չունի, որ Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու շանսերը զրոյական են, քանի որ. «Չկա այն հենքը, որի վրա նա կարող է ամուր կանգնել այս իրողությունների դաշտում: Այդ ղեկին մոտենալն այլեւս անձով չի, դրա համար շատ լուրջ բաներ են պետք՝ շատ լուրջ թիմ, շատ լուրջ ծրագրեր, կառավարման մեխանիզմներ եւ այլն»: Նախագահական թեկնածուների հաջորդ ֆավորիտի՝ իր երբեմնի թիմակից Վազգեն Մանուկյանի շանսերի վերաբերյալ Սեյրան Ավագյանի կարծիքը համանման է: Բայց հանուն արդարության, մեր զրուցակիցն ընդգծում է, որ Վազգեն Մանուկյանի հետ անցած ուղին իր կյանքի ամենակարեւոր էջերից էր, լուրջ քաղաքական պայքար էր՝ «դրանք արժեքներ են, որոնք անցողիկ չեն»:

Սերժ Սարգսյանն ունի՞ Ձեր թվարկած պարտադիր պայմանները՝ «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Ես այսօր մի թիմում եմ աշխատում եւ այդ վճիռն ընդունելիս լավ եմ մտածել: Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես այստեղից այնտեղ չեմ վազվզել, եղել եմ հետեւողական: Եթե եկել եմ այս թիմը՝ տեսել եմ դեպի ապագան գնալու ռեսուրսներ: ՀԺԱՄ-ը բավականին փորձառու է եւ անակնկալներ չի մատուցի: Հետեւողական կգնանք մեր ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել