Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՂԱՐԻՉՈՎ» ԵՆ ԳՈՐԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Որոշ մանկապարտեզներում դաստիարակչուհի աշխատելու համար մասնագիտական կրթությունը պարտադիր չէ, կարեւորը «մաղարիչն» է:

«Թրանսփարենսի ինթերնեշընլ» համաշխարհային հակակոռուպցիոն կոալիցիայի հրապարակած տվյալներով՝ Հայաստանը աշխարհի 180 երկրների շարքում կոռուպցիայի ցուցանիշով 99-րդ տեղն է գրավում: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել, այսինքն՝ կոռուպցիան մեր երկրում, ըստ էության, չի նվազել: Չնայած դրան, Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչությունների ղեկավարները հավաստիացնում են, որ իրենց ոլորտներում դրական տեղաշարժեր են եղել. հարկայինի պետն ասում է, որ հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են, իսկ դա վկայում է հարկային վարչարարության բարելավման եւ կոռուպցիայի կրճատման մասին: Մաքսային կոմիտեի ղեկավարը նույնպես պնդում է, որ իրենց համակարգում կոռուպցիան հասցրել են նվազագույնի, որ մաքսային ցանկացած աշխատակցի, ով կաշառք է վերցնում՝ գործից ազատում են եւ այլն: Նույնն են հավաստիացնում նաեւ բուհերի ռեկտորները, դպրոցների տնօրենները եւ ընդհանրապես կրթական համակարգի ղեկավարները:

Պարզելու համար, թե իրականում որքանո՞վ է հաջողվել մեր երկրում կոռուպցիան կրճատել՝ փորձեցինք «ինքնության կեղծման» տարբերակով կոնկրետ հաստատություններ մտնել ու կաշառք առաջարկել՝ որոշ ծառայությունների համար:

Օրինակ, մանկապարտեզների տնօրենները դաստիարակչուհու աշխատանքի համար հստակ սահմանված «մաղարիչային գնացուցակ» ունեն: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներում դաստիարակչուհի աշխատելու համար պետք է անպայման ունենալ մանկավարժական կրթություն, որոշեցինք դիմել մի շարք տնօրենների ու ներկայանալով որպես Երեւանի պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի շրջանավարտ, խնդրել դասավորել՝ դաստիարակչուհի աշխատելու համար, բնականաբար՝ «մաղարիչով»:

Ինչպես պարզեցինք, թիվ 197 մսուր-մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Միքայելյանն ակնհայտորեն դեմ չէր կողմնակի ճանապարհով գումար վաստակելուն: Չնայած մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, որ ազատ աշխատատեղ այս պահին չունի, բայց հետո, երբ խոսքը գնաց «լավ շնորհակալության» մասին, նա ասաց, որ կարող ենք հանդիպել եւ խոսել, գուցե հնարավոր լինի հունվարից հետո մի բան անել: «Եղավ, եղավ, կհանդիպենք-կխոսենք»,- ուրախ-ուրախ վրա բերեց տիկին Միքայելյանը:

Մուշավանի մանկապարտեզի տնօրեն Թամարա Թամրազյանի հետ զրույցից էլ պարզ դարձավ, որ նա հստակ տեղյակ էր մանկապարտեզներում «մաղարիչների գներին»: Երբ զրույցի ընթացքում նշեցինք, որ իբր իրենց համայնքի մանկապարտեզներից մեկն իրենց մոտ աշխատանքի ընդունելու համար $400-ի կարգի «շնորհակալություն» է պահանջել, նա ասաց. «Ով որ ասել ա ձեզ՝ թվեր ա ասել: Եթե էդքան գումար դպրոցում ուզեին, էլի ուրիշ բան, բայց մանկապարտեզում էնքան քիչ է աշխատավարձը, որ էդքան գումարով աշխատանքի ընդունվելն իմ ուղեղի մեջ չի տեղավորվում»: Այդ մանկապարտեզում նույնպես կարող էինք հեշտությամբ «մաղարիչով» գործի ընդունվել: Թեեւ տիկին Թամրազյանն ասաց, որ իր մանկապարտեզում ընդամենը 2 խումբ է եւ դաստիարակի կարիք այս պահին չկա, այնուամենայնիվ, նա ավելացրեց. «Ամեն դեպքում զանգահարեք փետրվարի 1-ին, եթե հնարավոր եղավ՝ անպայման կընդառաջեմ»:

Նշենք, որ, մեր տեղեկություններով, մանկապարտեզում դաստիարակչուհու աշխատանքի համար «մաղարիչը» սահմանված է 50-200 դոլար, այդ է պատճառը, որ տիկին Թամրազյանին այդքան զարմացրեց 400 դոլար «մաղարիչը»:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 13 մսուր-մանկապարտեզի տնօրեն Քնարիկ Դավթյանը, իմանալով, որ մանկապարտեզում աշխատելու համար պահանջվող մասնագիտական կրթությունը չունեմ, պարզապես օտար լեզուների մասնագետ եմ՝ ասաց. «Ցավոք, այդ կրթությամբ ձեզ չեմ կարող ինձ մոտ ընդունել, բայց կարող եմ միջնորդել, որ որպես թարգմանչուհի աշխատանքի տեղավորվեք Ազգային ինստիտուտում, քանի որ վերջերս ինձ ասացին, որ այնտեղ օտար լեզուների մասնագետի կարիք կա»: Երբ հավաստիացրի, որ իր նման «լավության» դիմաց տեղը տեղին կփոխհատուցեմ, նա պատասխանեց. «Սա հեռախոսային խոսակցություն չէ, ու քանի որ ես ձեզ չեմ ճանաչում, նման բաների մասին ձեզ հետ չեմ կարող խոսել: Եկեք ինձ մոտ, թողեք ձեր փաստաթղթերն ու հեռախոսի համարը՝ հետո կխոսենք»:

Նկատենք, որ մանկապարտեզի դաստիարակչուհին պետք է երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերը ստեղծի, ծանոթացնի նրան վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին. այդպես է սահմանված «Կրթության մասին» ՀՀ օրենքում, ուստի մանկապարտեզների տնօրենները, փաստորեն, երեխաների դաստիարակության հաշվին՝ ում ասես կարող են աշխատանքի ընդունել՝ հանուն «մաղարիչի»:

Արդարության համար նշենք, որ կան նաեւ այնպիսի հաստատություններ, որոնց տնօրենների համար կարեւորը ոչ թե գումարն է, այլ լավ մասնագետ ունենալը: Մասնավորապես, տեսողության խանգարում ունեցող երեխաների համար նախատեսված Երեւանի թիվ 14 դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանը, իմանալով, որ ունեմ համալսարանական կրթություն եւ իբրեւ թե նմանատիպ հաստատությունում աշխատելու երկարամյա փորձ, ասաց, որ ոչ մի կերպ չի կարող ինձ ընդառաջել, քանի որ կառավարության որոշմամբ՝ իրենց մոտ աշխատելու համար մասնագիտական կրթությունը պարտադիր է: Իմ այն պնդումներին, թե նրա լավության դիմաց շատ լավ ու առատաձեռն վարձահատույց կլինեմ, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Դպրոցը որեւէ մեկի սեփականությունը չի եւ այնտեղ գումարով գործի չեն ընդունվում: Եթե մասնագետը մեր պահանջներին համապատասխանում է եւ ազատ աշխատատեղ էլ ունենք, ապա աշխատանքի անցնելու հետ կապված բացարձակ որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել