Ըստ մասնագետի, այդ տարբերակով հնարավորինս հեռու կմնաք չարորակ ուռուցքներից
Կանայք վարսահարդարման սրահների, հագուստի ու դիմահարդարման համար հսկայական գումարներ են ծախսում՝ չեն ափսոսում, բայց առողջության համար 11 հազար դրամ չեն տալիս: Այսպես է կարծում Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ տարեցտարի մեր հանրապետությունում կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդացող կանանց թիվն ավելանում է: Եվ դրա պատճառն այն է, որ կանայք իրենց առողջությանն ուշադրություն չեն դարձնում, տարվա մեջ գոնե մեկ անգամ բուժզննում չեն անցնում: Չնայած մամոգրաֆիայի արժեքն ընդամենը 11 հազար դրամ է, սակայն բազմաթիվ այցելուներ դժգոհում են, որ այդ գինը շատ բարձր է եւ իրենք դժվարությամբ են կարողանում հետազոտվելու համար այդ գումարը հայթայթել: Խ. Հակոբյանը հավաստիացրեց, որ այդ գումարը մի բան էլ զեղչված է. արժե 50 դոլար, բայց կենտրոնի հիմնադիրները հետազոտվողներին, այսպես ասած՝ «սուբսիդավորում» են ու սպասարկում 11 հազար դրամով:
Խաչանուշ Հակոբյանը ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց, իրենց գործունեության տասը տարիների ընթացքում կենտրոնում մամոգրաֆիկ հետազոտման է ենթարկվել 120 հազար կին, որից 3500-ի շրջանում կաթնագեղձի չարորակ ուռուցք է հայտնաբերվել. «Բարեբախտաբար, մոտ 600 կանանց մոտ հիվանդությունը հայտնաբերվել է զարգացման շրջանում, երբ ուռուցքը եղել է դեռեւս բրնձի հատիկի մեծության: Այդ կանայք արդեն բուժվել են ու առանց խնդիրների ապրում են ողջ-առողջ»: Ըստ Խ. Հակոբյանի, խիստ մտահոգիչ է նաեւ այն, որ տարեցտարի կրծքագեղձի չարորակ ուռուցք հիվանդության երիտասարդացում է նկատվում. «Իմ աշխատանքային գործունեության ընթացքում անգամ 16 տարեկան աղջկա՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդանալու դեպք է եղել»:
Խաչանուշ Հակոբյանի կարծիքով՝ կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդանալուն նպաստում է առաջին հերթին ժառանգականության գործոնը: Ըստ նրա, եթե կնոջ հարազատների մեջ կան քաղցկեղից մահացած մարդիկ, ապա նա 30 տարեկանից հետո գոնե տարվա մեջ մեկ անգամ անպայման պետք է հետազոտվի: Կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդանալուն նպաստում են նաեւ անընդմեջ կրկնվող սթրեսները, ծխելը եւ գիրությունը: Հիվանդությունը կարող է հաճախ հանդիպել նաեւ այն կանանց մոտ, ովքեր սեռական կյանքով ուշ են սկսում ապրել եւ նրանց վերարտադրողական ֆունկցիաները չեն գործում:
Նշենք, որ օրական 10-15 հաշմանդամների, բազմազավակ մայրերի, անչափահասների կամ կարիքավոր կանանց ախտորոշումն անվճար է: