Ըստ վանաձորցիների, իրենց քաղաքապետը, նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի աջակցությամբ, տասնյակից ավելի բիզնես ունի:
Վերջերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին պատվավոր քաղաքացու կոչում էր տվել: Սա հարուցել էր վանաձորցիների դժգոհությունը, որովհետեւ, ըստ նրանց, Քոչինյանը մարզի ու առավել եւս՝ իրենց քաղաքի համար, բացի վատությունից, ոչ մի լավ բան չի արել: Վանաձորցիների դժգոհությունների մասին արդեն անդրադարձել ենք «Առավոտի» հոկտեմբերի 6-ի համարում:
Այդ առնչությամբ Վանաձորում տարբեր պաշտոնյաների ու քաղաքացիների հետ զրուցելով՝ պարզ դարձավ, որ Սամվել Դարբինյանը պարզապես չէր կարող Հենրիկ Քոչինյանին «պատվավոր քաղաքացու» կոչում չտալ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ, ըստ լուրերի, Քոչինյանն ու Դարբինյանը քավոր-սանիկ են: Պարզվում է՝ նրանց երկուսի ընկերությունն ու բարեկամությունը սկսվել է շատ վաղուց՝ դեռեւս այն ժամանակվանից, երբ Քոչինյանը տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում էր, իսկ Դարբինյանը՝ մարզի «Ճանշինի» տնօրենը: Նրանք՝ մեկը մյուսին սատարելով, պետբյուջեի միջոցներով վերանորոգել են մարզի երկաթգծի կայարանին պատկանող մսուր-մանկապարտեզի շենքը՝ որպես երկրաշարժից տուժած կառույց: Դա բյուջեի վրա արժեցել է մոտ 10.000 դոլար, որն այն ժամանակվա համար հսկայական գումար էր: Վերանորոգումն ավարտելուց հետո մանկապարտեզի շենքը, չգիտես ինչպես, դարձել է Սամվել Դարբինյանի սեփականությունը: Այդ կառույցն այսօր քաղաքապետն օգտագործում է որպես օբյեկտ: Խոսքն «Արգիշտի» հյուրանոցի մասին է, որը բավականին մեծ եկամուտներ է բերում պարոն Դարբինյանին, ուստի հենց միայն դրա համար նա մինչ օրս շնորհակալություն է հայտնում Հ. Քոչինյանին, առանց որի՝ մանկապարտեզը չէր ծառայի անձնական նպատակների համար: Բայց այդքանով Քոչինյանի եւ Դարբինյանի բարեկամություն-ընկերությունը չի ավարտվում. Վանաձորում լուրեր են շրջանառվում, որ նրանք համատեղ ուժերով նույնանուն հյուրանոց են կառուցում նաեւ Քոբուլեթիում:
Ըստ մեր աղբյուրների, նախկին մարզպետը, առանց գումարներ մուծելու, սեփականաշնորհել է նաեւ Վանաձորի նախկին Աղվեսների ֆերման եւ այնտեղ նույնպես կառուցում է մեծ հյուրանոցային համալիր:
Վանաձորում կա մի մեծ շուկա, որը տեղացիներին հայտնի է «մարզպետի շուկա» անունով: Շուկայի՝ նման յուրահատուկ անվանման պատճառն այն է, որ դրա սեփականատերը նույնպես Հենրիկ Ջումշուդիչն է, սակայն այն ձեւակերպված է նրա վարորդի կնոջ անունով: Քոչինյանն ու Դարբինյանը «հորով-մորով» են արել նաեւ Վանաձորի շուկայի հանդիպակաց մայթին գտնվող մշակույթի տան շենքը, որը ճարտարապետական նշանակության կառույց է, սակայն 20 հազար դոլար գնահատելով՝ նրանք դա դարձրել են իրենց սեփականությունը եւ վերավաճառել 230.000 դոլարով: Թեեւ նախկին մարզպետը հավաստում է, որ ինքը բիզնես չունի, ցանկացած վանաձորցի անգիր գիտի նրան պատկանող բոլոր օբյեկտների անունները: Օրինակ՝ վանաձորցիներից շատերը նշում էին, որ մարզում գտնվող մի շարք հանքեր հենց Քոչինյանին են պատկանում, թեեւ վերջինիս բարեկամների ու հարազատների անուններով են:
Քոչինյանի ղեկավարման օրոք պետբյուջեից 50 մլն դոլար հատկացվել էր Ճոճկանի ջրագծի անցկացման համար, սակայն այսօր Ճոճկանում ոչ ջուր կա, ոչ էլ փողը: Ըստ վանաձորցիների, մարզպետի կողմից ապամոնտաժվել են նաեւ Վանաձորի կայարանից մինչեւ քաղաքի Երրորդ մաս տանող կամրջի սարքավորումները, Վանաձորից նախկին «Էլեկտրոն» գործարանի տարածք գնացող երկաթգծի 7 կմ հատվածը, եւ այդ ամենը վաճառվել:
Ինչ վերաբերում է Դարբինյանի օբյեկտներին, ըստ վանաձորցիների, Քոչինյանի անմիջական օժանդակությամբ եւ իմացությամբ նա հասցրել է իրենով անել քաղաքի ամենակենտրոնական մասի՝ հրապարակում գտնվող մարզպետարանի եւ քաղաքապետարանի շենքի մերձակա տարածքները: Դրանց մի մասը պատկանում է քաղաքապետի որդուն, մյուսը՝ հորեղբոր որդուն՝ Արսեն Դարբինյանին:
Վանաձորի քաղաքապետն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքի եւ մարզի ասֆալտապատման աշխատանքները: Դա, ըստ վանաձորցիների, պատահական չէ, քանի որ ասֆալտի «Արգիշտի» գործարանի տնօրենն իր եղբայրն է՝ Սեյրան Դարբինյանը, ուստի նրանք երկուսով ամեն ինչ անում են՝ ասֆալտապատումը «գլխառադ» անելու եւ որքան հնարավոր է՝ շատ գումարներ յուրացնելու համար:
Քաղաքապետը նաեւ հացի բիզնես ունի: Նա մանկապարտեզների հացի մատակարարն է: Ոչ մի տեղ քաղաքապետի անունը չի երեւում, որովհետեւ հացի արտադրամասը գրանցված է իր եղբոր կնոջ անունով: Բնականաբար, Դարբինյանը կարողացել է իրականացնել իր բոլոր ցանկությունները, քանի որ ունեցել է Հ. Քոչինյանի նման «դաշնակից»: Եթե չլիներ նախկին մարզպետի աջակցությունը, Դարբինյանի բարեկամները քաղաքապետարանի տարբեր պաշտոններ չէին ստանձնի. օրինակ՝ բնակֆոնդի բաժնի պետ Արայիկ Մայիլյանը նրա կնոջ եղբայրն է, քաղաքի ճարտարապետ Տիգրան Պապանյանը՝ քրոջ ամուսինը, տրանսպորտի բաժնի վարիչ Վիկտոր Դարբինյանը՝ հորեղբոր տղան: Ուստի այդքան լավությունների համար քաղաքապետը պետք է որ Քոչինյանին մի շնորհակալություն հայտներ՝ թեկուզ «պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելով:
«Առավոտի» հետ զրույցում Սամվել Դարբինյանը չհերքեց, որ պարոն Քոչինյանի հետ շատ մտերիմ են. «Մենք քավոր-սանիկ չենք, բայց մտերիմ հարաբերություններ ունենք»: Ըստ քաղաքապետի, ինքը ներկայիս մարզպետի հետ էլ նույնքան մտերիմ է. «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են, որեւէ մեկի հետ պրոբլեմներ չեմ ստեղծում: Ես աշխատող մարդ եմ, իսկ աշխատող մարդիկ երբեւէ պրոբլեմներ չեն ունենում»:
Քաղաքի մսուր-մանկապարտեզի շենքը «Արգիշտի» հյուրանոց դարձնելու առնչությամբ պարոն Դարբինյանն ասաց. «Էն ժամանակ, երբ մենք մանկապարտեզն առանք, այն հանրային զուգարան էր ու աղբանոց: Մենք 17 մեքենա աղբ ենք հանել էնտեղից, բացի այդ, պետությունից ոչ թե 10 հազար դոլար էր հատկացված մանկապարտեզին, այլ՝ 6 մլն 740 հազար դրամ: Մենք վատ բան չենք արել՝ աղբանոց ենք մաքրել, տեղը հյուրանոց սարքել»: Սամվել Դարբինյանը վստահեցրեց, որ Քոբուլեթիում նույնանուն հյուրանոց չունի՝ «Մի քանի ամիս առաջ էլ ասում էին, որ սուրճի գործարաններ ունեմ Դուբայում: Էդ ապուշները հերիք չի իրենց հիմարի տեղ դնեն ու նման բաներ խոսեն: Ես Քոբուլեթիի օբյեկտի մասին առաջին անգամ ձեզանից լսեցի: Ես ինչ բիզնեսներ եթե երբեւէ ունենամ էլ՝ Հայաստանում կունենամ, իմ պետության փողերը ուրիշ տեղ չեմ տանի»:
Վանաձորի մշակույթի տան շենքը վերավաճառելու հետ կապված՝ պարոն Դարբինյանը պարզաբանեց, որ այն 230 հազար դոլարով չեն ծախել. «Էդ շենքն ո՞վ կառներ, էն էլ՝ 230 հազար դոլարով: 4-րդ կարգի վթարային վիճակում էր, քարուքանդ: Էդ շենքը մի մարդ էր գնել, ինչքան գիտեմ՝ գնորդը նոր նախագիծ ունի, ուզում է վերակառուցել: Բայց պարզվել է, որ շենքն էնքան վատ վիճակում է, որ պիտի քանդվի, նորը կառուցվի»:
Ինչ վերաբերում է Արսեն Դարբինյանին տարածքներ տալուն՝ Սամվել Դարբինյանը վստահեցրեց, որ նա իր հորեղբոր որդին չէ. «Մեր ազգը Գրիգորյան է, նա ուրիշ ազգից է»: