Պարզվում է՝ պատգամավորներից ոմանք տանը փլավ են եփում, ոմանք՝ գիրք կամ օրենքի նախագիծ կարդում, ոմանք էլ՝ տանը պարզապես չեն լինում:
«Նա, որպես պատգամավոր, կարող է տպավորություն թողնել, թե շատ պահանջկոտ է, բայց իրականում այդպես չէ. շատ հանգիստ է, խնդիրներ չի ստեղծում, ճաշ եփես-չեփես, տունը մաքրես-չմաքրես՝ երբեք նման բաների վրա ուշադրություն չի դարձնում»,- «Առավոտի» հետ զրույցում ամուսնուն այսպես սկսեց ներկայացնել Վիկտոր Դալլաքյանի կինը՝ Սուսաննա Ղուկասյանը: Նա ներկայումս տնային տնտեսուհի է, թեեւ ասում է, որ ամուսինը դեմ չէ իր աշխատելուն: Պարզապես հարմար գործի տեղ չի գտնում: Եթե շատ կանայք կերազեին, որ իրենց ամուսիններն այդչափ ազատություն տային իրենց ու ոչ մի տնային գործերի մեջ չխառնվեին, դա տիկին Սուսաննային նյարդայնացնում է: Նրան ամենից շատ դուր չի գալիս պարոն Դալլաքյանի այդչափ հանդարտությունը. «Եթե ինչ-որ խնդիր է լինում, ես արագ եմ արձագանքում, նա շատ հանգիստ է ու դրանից շատ եմ բարկանում, հետո հաճախ պետք է նրան ասեմ, որ տանն այսինչ բանը սարքին չէ ու պետք է սարքել: Նման բաներին շատ անտարբեր է, բայց եթե ասեմ՝ միանգամից լուծում կգտնի, այսպես ասած՝ նա «տան մարդ» չէ, երբ տեսնես՝ կամ կարդում է, կամ մտածում»: Տիկին Սուսաննան նաեւ բողոքեց. «Ինչ ամուսնացել ենք՝ նույնիսկ արտերկիր չենք գնացել, այս վերջին երկու տարին է՝ ինչ Ուռեկի ու Քոբուլեթի ենք գնացել՝ հանգստանալու»: Տան առեւտուրը միշտ միայն տիկին Սուսաննան է անում, քանի որ, կնոջ խոսքերով՝ «Վիկտորը միշտ սխալ է կողմնորոշվում»:
ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ պատգամավոր Արթուր Բաղդասարյանի կինը՝ Աննա Բաղդասարյանը, Լեզուների ուսուցման կենտրոնի տնօրենն է: Մեզ հետ զրույցում խոսելով իր ամուսնու բնավորության գծերից, որպես բացասական հատկանիշ նշեց անարժան մարդկանց գերագնահատելու հատկությունը եւ այդպիսի մարդկանց նկատմամբ խղճի զգացումը. «Իր մեջ հավանում եմ տղամարդկային բոլոր այն հատկանիշները, որով պիտի օժտված լինի հայ տղամարդը: Նա ե՛ւ տանը, ե՛ւ քաղաքականության մեջ միշտ նույնն է՝ նվիրյալ երկրին եւ ընտանիքին»: Պարզվում է՝ տիկին Աննայի վրա է մնում տնային հոգսերի գերակշիռ մասը՝ գնումների միայնակ է գնում, խոհանոցում նույնպես պարոն Բաղդասարյանը կնոջը չի օգնում. «Եթե ժամանակ ունենար, միգուցե օգներ, պարզապես ֆիզիկապես չի հասցնում»: Հուսալով, որ մեր թերթն ինչ-որ ազդեցություն կթողնի ամուսնու վրա, տիկին Բաղդասարյանը դիմեց նրան, որ աշխատանքային գործերից բացի, մի քիչ էլ իր մասին մտածի. «Ու եթե թողնես ծխելդ՝ հրաշալի կլիներ»:
Դաշնակցական Արծվիկ Մինասյանի կինն էլ՝ Աստղիկ Օհանյանը, որպես մասնագետ աշխատում է ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում: «Արծվիկ, եթե օրենքի նախագիծ է լինում, դրանով այդքան մի տարվիր եւ մի քիչ էլ ընտանիքիդ ուշադրություն դարձրու»,- իր ամուսնուն խնդրեց փոխանցել տիկին Աստղիկը: Չնայած կնոջ դժգոհությանը, պարզվում է, պարոն Մինասյանը լավ խոհարար է: Կնոջ պատմելով՝ «Արծվիկն առեւտուր անելիս ինձ օգնում է, խոհանոց էլ մտնում է միայն այն ժամանակ, երբ տանը մենակ է ու իր համար ուտելու բան պիտի պատրաստի: Ասեմ, որ շատ համեղ փլավ է եփում»: Նախկինում Արծվիկ Մինասյանն իր կնոջ համար սուրճ պատրաստել է, իսկ հիմա այդ գեղեցիկ ավանդույթը մոռացել է. «Երեւի ժամանակ չունի»,- ամուսնուն արդարացրեց տիկին Աստղիկը:
Հայաստանի պատանեկան նվաճումների կենտրոնի եւ «Օրրան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արմինե Հովհաննիսյանն իր ամուսնուց՝ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանից նույնպես դժգոհելու առիթ ուներ: Պարզվում է, պատգամավորը կնոջից խորհուրդ է հարցնում, որ անի ճիշտ դրա հակառակը. «Ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տանը, Րաֆֆին ներկայացնում է օրենսդիր մարմինը: Բայց, ի տարբերություն խորհրդարանի, նա տանը իշխանություն է ու շատ ավելի ժողովրդավարական»: Պարոն Հովհաննիսյանի չգրված օրենքներից է, որ տնեցիները միմյանց հանդեպ հանդուրժող լինեն, պարտադիր մասնակցեն եկեղեցական տոներին: Ինչպես վկայեց տիկին Հովհաննիսյանը, իր ամուսինը նույնպես չի փայլում «շատախոսությամբ». «Ես կարող եմ իր հետ ժամերով խոսել, բայց նա մի բառով է պատասխանում՝ այո կամ ոչ»: Վերջում տիկին Արմինեն թերթի միջոցով իր ամուսնուն սիրո խոստովանություն արեց. «Րաֆֆի, ես քեզ շատ-շատ սիրում եմ: Շարունակիր քո գործը, քանի որ քեզ վստահում ենք եւ նայիր կյանքին ավելի թեթեւ, քան ներկայումս նայում ես»: